Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-702
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 3-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

15 մայիսի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողների, դիմող Ա. Սաֆարյանի ներկայացուցիչ` Ռ. Սաֆարյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Ա. Սաֆարյանի և Հ. Հակոբյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ա. Սաֆարյանի և Հ. Հակոբյանի` 05.03.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, հետազոտելով վիճարկվող նորմերը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի սահմանադրականության հարցով, դիմողները սահմանադրական դատարան են ներկայացրել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. մարտի 24-ի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թ. մայիսի 3-ի վճիռները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2007 թ. հունվարի 31-ի` վերջնական դատական ակտեր հանդիսացող որոշումները: Քաղաքացիներ Երանիկ Հակոբյանի և Արայիկ Սաֆարյանի միջև 23.10.2003 թ. կնքված գործարքը վավեր ճանաչելու մասին հայցն Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով մերժվելուց հետո, վերաքննիչ բողոքի հիման վրա` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն այդ գործարքն որակելով որպես առուվաճառքի պայմանագիր, հետևաբար, նաև նոտարական վավերացման ենթակա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562 հոդված), կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի կանոնը, այն վավեր է ճանաչել: Արդյունքում, միաժամանակ ճանաչվել է Ե. Հակոբյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի հարևանությամբ գտնվող, սույն գործով դիմողների սեփականությունը հանդիսացող առևտրի սրահի համապատասխան մասի նկատմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատն իր` 31.01.2007 թ. որոշումներով վերադարձրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վերոհիշյալ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

2. Դիմողները միաժամանակ վիճարկում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթների սահմանադրականությունը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի սահմանադրականության վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը, ուստի հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ մասի և 60 հոդվածի 1-ին մասի դրույթները, սույն գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի սահմանադրականության մասով` ենթակա է կարճման:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածը սահմանում է.

«Հոդված 300. Գործարքի նոտարական ձևը չպահպանելու հետևանքները

1. Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

2. Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի գործարքը կատարած կողմի պահանջով այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

3. Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները»:

Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Դիմող Ա. Սաֆարյանի ներկայացուցիչ Ռ. Սաֆարյանը, մինչև սույն գործով դատաքննությունն սկսվելը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն միջնորդել է նաև քննել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289 հոդվածի սահմանադրականության հարցը:

Այդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 289. Գործարքի հասկացությունը

Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն»:

Դիմողը գտնում է, որ անորոշ ձևակերպման հետևանքով վերոհիշյալ հոդվածի դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ մասին:

Դիմողներն իրենց դիրքորոշումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

ա) քաղաքացիական իրավունքի ընդհանուր սկզբունքներից են հանդիսանում կողմերի իրավահավասարությունը և քաղաքացիական գործարք կնքելու կամավորությունը: Գործարքն ունի կատարման մի շարք փուլեր: Նոտարական վավերացում պահանջող գործարքի կատարման փուլերից մեկն էլ հանդիսանում է նոտարական գործողությունների կատարմանը մասնակցելը: Գործարք կնքելու կամավորության սկզբունքից բխում է նաև գործարքի կնքումից հետագայում ցանկացած պատճառով հրաժարվելը, այդ թվում` նոտարական գործողությունների կատարմանը չմասնակցելը: Նման պայմաններում օրենքը հնարավորություն է տալիս դատարանին գործարքը ճանաչել վավեր, ինչը չի բխում իրավահավասարության և կամավորության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սկզբունքներից, որոնք գերակայություն ունեն օրենսգրքի մյուս սկզբունքների նկատմամբ: Այդ պայմաններում գործարքը վավեր ճանաչելը կարող է մյուս կողմին հարկադրաբար սեփականությունից զրկելու (այդ թվում նաև` համասեփականատիրոջը) հետևանք առաջացնել,

բ)  ՀՀ Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք, առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` չվերապահելով այն նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այդպիսի սահմանափակում կարող է տեղի ունենալ օրենքով նախատեսված դեպքերում` բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթներն իրավախախտման կամ պայմանագրային պարտավորության չկատարման դեպքերի բացակայության պայմաններում անհիմն կերպով հնարավորություն են ընձեռում դիտարկելու անձին սեփականությունից զրկելը նաև որպես պատասխանատվությունից չբխող հարկադիր գործողություն: Իրավական անորոշության հետևանքով չի երաշխավորվում գույքի նկատմամբ համասեփականատերերի իրավունքի պաշտպանությունը, հնարավորություն ընձեռելով դատական կարգով անձի վրա դնելու` Սահմանադրությամբ չսահմանված պարտականություններ:

4. Առարկելով դիմող կողմի պնդումների դեմ, պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ պատասխանողի` օրենսդիրը նոտարական վավերացումը չի ճանաչում որպես գործարքի կատարման, պայմանագրի կնքման փուլերից մեկը: Նոտարական այդ գործողությամբ սոսկ վավերացվում է պայմանագիրն ստորագրողների ինքնությունը, պայմանագրի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված վավերապայմաններին համապատասխանությունը: Օրենսդիրը պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում թույլատրում է միայն օրենքով կամ տվյալ պայմանագրով այդպիսի իրավունք նախատեսվելու դեպքում: Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթի շրջանակում պայմանագիրը դիմողը կնքել է ինքնուրույն, առանց որևէ հարկադրանքի, հետևաբար, դրանով իսկ իրացրել իր` որպես սեփականատիրոջ իրավազորությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը, ուստի սեփականության իրավունքից զրկման մասին խոսք լինել չի կարող: Ընդունելի չէ նաև դիմողի բերած պատճառաբանությունը համասեփականատիրոջ համաձայնության պարտադիր լինելու վերաբերյալ:

Ըստ պատասխանող կողմի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող նորմի վերլուծությունը` ՀՀ Սահմանադրության 18, 19, 91 և 94 հոդվածների համատեքստում վկայում է, որ օրենսդիրը դատարանին ընձեռել է որոշում կայացնելու դիսպոզիտիվ հնարավորություն, ինչը պայմանավորված է վիճարկվող նորմի բնույթով, այսինքն` դատարանը յուրաքանչյուր գործով պետք է գնահատի գործի բոլոր հանգամանքները, համադրելով ինչպես օրենսգրքի նորմերի պահանջները, այնպես էլ քաղաքացիական իրավունքի ընդհանուր սկզբունքները:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հիմք  ընդունելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ և 9-րդ մասերի պահանջները, անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

ա) քաղաքացիական իրավունքների և պարտականությունների սահմանման, փոփոխման և դադարման հարաբերությունները կարգավորող իրավական ակտի պահանջվող տեսակը,

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող նորմում, ինչպես նաև գրավոր գործարքների նոտարական վավերացման գործող կարգում, մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների (այդ թվում` սեփականության) ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման երաշխավորվածությունը, այդ իրավունքների ու ազատությունների սահմանափակումների թույլատրելիությունը,

գ) վիճարկվող նորմի հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ նորմերի դրույթների սահմանադրականությունը,

դ) վիճարկվող նորմում դատարանին վերապահված լիազորության համապատասխանությունն արդարադատության իրականացման` Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքային պահանջներին,

ե) վիճարկվող նորմի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ դատական պրակտիկան:

6. ՀՀ Սահմանադրության 3, 8, 14, 14.1., 18, 19, 31 և բազմաթիվ այլ հոդվածներում ամրագրված են անձի իրավունքների և ազատությունների իրականացման, օրենսդրությամբ դրանց արդյունավետ պաշտպանության երաշխավորումն ապահովելու ելակետային սկզբունքներ ու նորմեր, որոնք համապարտադիր նշանակություն ունեն հասարակական բոլոր, այդ թվում նաև` քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման բնագավառում:

ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում.

- ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը,

- ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ նորմի պահանջների կատարման երաշխավորմանն է կոչված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, կարգավորում սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները, պայմանագրային և այլ պարտավորությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերը և կարգը:

 Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն ուղղված` քաղաքացիների և իրավաբանական անձանց գործողություններն անմիջականորեն կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հինգերորդ բաժնի 18-րդ գլխում ներառված նորմերով, այդ թվում նաև` սույն գործով վիճարկվող նորմեր պարունակող 289 և 300 հոդվածներով:

Անձանց իրավունքների իրականացման և պաշտպանության հետ կապված` օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով միաժամանակ սահմանվում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը (10 հոդված), այդ իրավունքների իրականացման ընդհանուր կարգը, սահմանները և պաշտպանության եղանակները (11, 12, 14, 16 հոդվածներ), գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընդհանուր կարգը (135 հոդված), սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների դադարման կարգը (273-288 հոդվածներ), պարտավորության հասկացությունը, կողմերի պարտավորությունների կատարումը (345-367 հոդվածներ), ինչպես նաև պարտավորությունների կատարման ապահովման և դրանց խախտման դեպքում` պատասխանատվության կարգը, դեպքերը (24-րդ և 26-րդ գլուխներ):

Սույն գործով վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանը ելնում է այդ նորմը պարունակող հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ մյուս հոդվածների (նորմերի) իրավական բովանդակության համադրումից:

7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10 և 289 հոդվածների համաձայն` քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք են օրենքով նախատեսված պայմանագրերը և այլ գործարքներ, կամ այն գործողությունները, որոնք ուղղված են այդպիսի իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Օրենսդիրը հստակեցրել է քաղաքացիական իրավունքների ազատ իրացման շրջանակը (թույլատրելի սահմանները), համաձայն որի` անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ, պայմանով, որ այդ իրավունքների իրականացումը չպետք է վնաս պատճառի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից հետևում է, որ քաղաքացիական հարաբերություններում անձի հայեցողական այդպիսի ազատ գործողությունների արդյունքում են ծագում, փոփոխվում և դադարում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ, ինչը, քննության առարկայի շրջանակներում բխում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի և 42 հոդվածի 2-րդ մասի դրույթներից, հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289 հոդվածի սահմանադրականության վիճարկումը հիմնավոր չէ:

8. Քաղաքացիաիրավական հարաբերություններում անձի հայեցողական ազատության և դրա` օրենքով նախանշված շրջանակներում իրականացնելու սկզբունքից է անմիջականորեն բխում պայմանագրերի և այլ գործարքների (բովանդակության, ձևի) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ինչպես ընդհանուր (289-317, 436-469 հոդվածներ), այնպես էլ հատուկ կանոնները, որոնցից է գրավոր ձևով կնքվող գործարքների նոտարական վավերացումը (234, 263, 562, 572, 595, 610, 620, 678, 686, 959, 1203-1208, 1245 հոդվածներ): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 և 299 հոդվածների համաձայն` գործարքների նոտարական վավերացումն ըստ ձևի կատարվում է գործարքի բովանդակությունն արտահայտող և գործարք կնքող անձանց (կամ նրանց լիազոր ներկայացուցիչների) ստորագրությունները պարունակող փաստաթղթի վրա նոտարի կամ նոտարական գործողության կատարման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացնող մակագրությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված դեպքերում, կամ կողմերից որևէ մեկի պահանջով, իսկ օրենսգրքի 300 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության և առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերի վերլուծությունը վկայում է, որ պարտադիր նոտարական վավերացման են ենթակա հիմնականում երկկողմ և բազմակողմ այն գրավոր գործարքները (պայմանագրերը), որոնք ուղղակիորեն առնչվում են անշարժ գույքի օտարման և այդ գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, իսկ այդ գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման (ՀՀ քաղ. օր.-ի 301 հոդվածի 1-ին կետ), որպիսի պահանջը չպահպանելն օրենսգրքի 302 հոդվածի 2-րդ կետի համաձայն առաջացնում է օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավակարգավորման միևնույն միջոցների գործադրման հիմքեր և նույնպիսի իրավական հետևանքներ:

Փաստորեն, գործարքի նոտարական վավերացման նախապայմանը վերաբերում է այն դեպքերին, երբ անհրաժեշտ են իրավական լրացուցիչ միջոցներ` պետական գրանցման ձևով նախապես երաշխավորելու, հատկապես` ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանված իրականացումը (ՀՀ քաղ. օր.-ի 135, 301 հոդվածներ), ինչպես նաև պետության շահերի պաշտպանությունը:

Միաժամանակ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` վավերացնելով փաստաթուղթը, նոտարը հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը, որն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն:

Փաստորեն, գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են.

ա) գրավոր ձևով գործարքի կնքումը և դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը,

բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը և ազատ կամաարտահայտությունը,

գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև կողմերի իրական մտադրությանը:

Այսպիսով, գրավոր որոշ գործարքների նոտարական պարտադիր վավերացման ինստիտուտը և այդպիսի գործարքներից ծագող, փոփոխվող և դադարող իրավունքների պետական գրանցման օրենսդրական պահանջը` ելնելով նաև անձի իրավունքների և դրանց երաշխավորված իրացման վերաբերյալ սահմանադրական սկզբունքային դրույթների բովանդակությունից, քաղաքացիական իրավունքների իրականացման ազատության որոշակի սահմանափակում նախատեսելով հանդերձ, կարևոր երաշխիք է ինչպես անձանց իրավունքների (ներառյալ սեփականության իրավունքի) արդյունավետ իրացումն ու պաշտպանությունն ապահովելու, այնպես էլ պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման, հետևաբար, նաև քաղաքացիական (գույքային) շրջանառության երաշխավորված կայունությունն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը, միաժամանակ արձանագրում է, որ գործի նյութերի համաձայն կողմերի միջև կնքվել է ոչ թե առուվաճառքի, այլ` փոխառության պայմանագիր, որը պայմանագրային հարաբերությունների այլ ինստիտուտ է և կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքի 46 գլխի նորմերով:

9. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ գրավոր գործարքով պայմանավորված անձանց քաղաքացիական իրավունքների ազատ իրականացման և սահմանադրորեն ամրագրված սկզբունքներով դրանց պաշտպանությունը երաշխավորելու համար, օրենսդիրն անհրաժեշտ է համարել հաստատագրել որոշակի փաստերի իրավաբանական նշանակությունը և դրանց առկայությամբ պայմանավորված իրավակարգավորման համապատասխան միջոցներ ու կառուցակարգային լուծումներ: Այդպիսիք են.

-  գործարքի նոտարական ձևը չպահպանելը և դրա իրավական հետևանքը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի կողմից մասնակի կամ լրիվ կատարելը և նոտարական վավերացումից մյուսի խուսափելը, այդ դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցը,

- դատարանի լիազորությունը` գործարքը կատարած կողմի պահանջի դեպքում,

- գործարքը դատական կարգով վավեր ճանաչելը և դրա իրավական հետևանքը,

- գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմի պատասխանատվությունը (պարտավորությունները) մյուս կողմի առջև` կապված գործարքի կնքման ուշացման հետ:

Սահմանելով գրավոր որոշ գործարքների նոտարական վավերացման պարտադիր պայման, օրենսդիրը միաժամանակ հստակեցրել է այդ պայմանի խախտման իրավական հետևանքները, ինչպես նաև խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցը: Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի համաձայն գրավոր գործարքի նոտարական վավերացման օրենսդրական պահանջի կատարումից կողմի խուսափելն այն դեպքում, երբ մյուս կողմը լրիվ կամ մասնակի կատարել է այդ գործարքի պայմանները, վերջինիս համար հիմք են խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իր իրավունքն իրացնելու, իսկ դատարանին` իր հայեցողական լիազորության շրջանակներում վավեր ճանաչելու գործարքը, որի արդյունքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն:

10. Սույն գործով դիմումի առարկայի շրջանակներում քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ, յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.

- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,

- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը): Ընդ որում, գրավոր գործարքի փաստացի (մասնակի) կատարման հանգամանքի իրավական նշանակությունը դատարանների կողմից համանման քաղաքացիաիրավական վեճեր լուծելիս, կարևորված է նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 2001 թ. սեպտեմբերի 26-ի թիվ 43 որոշմամբ:

Ինչպես վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառական պրակտիկան` կապված անձանց գույքային իրավունքների իրականացման բնագավառում պետության միջամտության թույլատրելիության շրջանակների հետ, ապա այդպիսին իրավաչափ է գնահատվում, եթե.

- իրականացվում է օրենքին համապատասխան,

- պայմանավորված է հանրային շահերով,

- ապահովում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռություն:

Սույն գործի շրջանակներում գնահատելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի սահմանադրականությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ցանկացած բնույթի` ներառյալ նոտարական վավերացում պահանջող գործարքների հետ կապված քաղաքացիաիրավական վեճեր քննելիս, դատարանը` որպես պետական մարմին պարտադրված է, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, այդ վեճերը լուծել օրենքին համապատասխան, միաժամանակ անխուսափելիորեն պաշտպանելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ու պետական շահերը:

Այսպիսով, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետն իր բովանդակությամբ, կիրառման պրակտիկայով և օրենսգրքի այլ նորմերի հետ ունեցած համակարգային փոխկապակցվածությամբ, երաշխավորում է նոտարական վավերացման ենթակա գործարքների կնքման ու կատարման հետ կապված հարաբերությունների (այդ թվում` սեփականության իրավունքի) կարգավորման իրավաչափ միջոցների գործադրման, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3, 8, 14, 14.1., 18, 19, 31 և այլ հոդվածներով նախատեսված ու միջազգային իրավակիրառական պրակտիկայում հաստատագրված սկզբունքներով` անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության հնարավորություն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Քաղաքացիներ Ա. Սաֆարյանի և Հ. Հակոբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի մասով` կարճել:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289 հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


15 մայիսի 2007 թվականի
ՍԴՈ-702