Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-700
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24 ԳԼԽԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

8 մայիսի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ռ. Թորոսյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ռ. Թորոսյանի` 09.04.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին: Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998 թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ին:

2002 թ. փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովն օրենք է ընդունել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ըստ որի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի վերնագիրը վերաշարադրվել է. «Ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը»:

Նույն օրենքին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի վերաշարադրված 153 հոդվածը սահմանում է.

«Քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)` գտնելով, որ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձանց կամ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը, կարող է դիմել քաղաքացիական գործեր քննող դատարան:

Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով քաղաքացիական գործեր քննող դատարան կարող են դիմել տեղական հանրաքվեն նախաձեռնող խումբը և տեղական ինքնակառավարման մարմինը: Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը»:

Վերաշարադրված 154 հոդվածը սահմանում է.

«1. Սույն օրենքի 153 հոդվածի առաջին մասում նշված դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ:

Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճի մասին դիմումը պետք է քննվի ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

2. Դատարանը դիմումը քննում է դիմողի և համապատասխան ընտրական հանձնաժողովի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար»:

155 հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի վճիռը, որով հաստատվել է քաղաքացու կամ կուսակցության (կուսակցությունների միավորման) ընտրական իրավունքի խախտումը, հիմք է ընտրողների ցուցակում ուղղումներ կատարելու, թեկնածուին գրանցելու կամ կուսակցությանը (կուսակցությունների միավորմանը) ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցող կազմակերպությունների թվում ներառելու, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավունքի այլ խախտումները վերացնելու համար:

2. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

3. Դատարանի վճիռը պատշաճ ձևով ուղարկվում է համապատասխան պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին կամ ընտրական հանձնաժողով»:

2. Ըստ վերջնական դատական ակտի` 04.02.2007 թ. «Արմենիա» հեռուստաընկերությունը ընդարձակ հարցազրույց է կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ: Դիմող կողմը գտնելով, որ այդ հաղորդումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների ուղղակի և կոպիտ խախտում է, այն է` «ընտրությունների քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում արգելվում է ՀԸ-ների կողմից հեռարձակել քաղաքական և այլ քարոզչական նյութ...», և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ըստ դիմողի, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20 հոդվածի 9-րդ կետի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 71 և 72 հոդվածների պահանջները, միջոցներ չի ձեռնարկել այդ իրավախախտման հետևանքների վերացման ուղղությամբ, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 30 և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 3 հոդվածներով սահմանված` ազատ ընտրություններին մասնակցելու իր իրավունքը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի պահանջներով, 05.02.2007 թ. դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անգործությունը ճանաչել անվավեր և պարտադրել նրան միջոցներ ձեռնարկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետևանքների վերացման ուղղությամբ:

Դատարանը 07.02.2007 թ. որոշում է ընդունել «Դիմումի ընդունումը մերժելու մասին», գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված կարգով չի կարող քննության առնվել դիմող կողմի պահանջը:

Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան, դիմող կողմը խնդրել է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.02.2007 թ. որոշումը` «Դիմումի ընդունումը մերժելու մասին»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատն իր` 02.03.2007 թ. որոշմամբ բավարարել է բողոքը` վերացնելով առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը:

Ըստ էության քննության առնելով դիմումը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր` 27.03.2007թ. վճռով մերժել է պահանջը, պատճառաբանելով, որ որևէ ապացույց չի ներկայացվել, թե ինչում է կայանում դիմող կողմի ընտրելու իրավունքի խախտումը, իսկ «...միայն այդ մասին դիմումում նշելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ դիմողի ընտրելու իրավունքը խախտված լինելու փաստը հաստատված համարելու և այդ հիմքով այն բավարարելու համար»: Մերժելով դիմումը, դատարանը միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155 հոդվածը` նշել է, որ «... վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 19 և 30 հոդվածների` համապատասխանաբար «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու ... արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ... իր գործի հրապարակային քննության իրավունք» և «... կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց  ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը ... մասնակցելու իրավունք» դրույթներին, և դրանք անհրաժեշտ է անվավեր ճանաչել: Դիմողի կարծիքով, իրավակիրառական պրակտիկայում խառնաշփոթի և կամայական դրսևորումների պատճառ են դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված` «...քաղաքացիների և կուսակցությունների ընտրական իրավունքի պաշտպանություն» և «գտնելով, որ ... խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը...» արտահայտությունները, որոնք, ըստ դիմումատուի, հավանաբար, շփոթեցնում են դատավորներին և ըստ նրա` իրավացիորեն բացակայում են ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 8-րդ կետում: Դիմող կողմը գտնում է նաև, որ օրենսգրքի վեճի առարկա դրույթները հնարավորություն չեն տալիս հստակորեն երաշխավորել ընտրական գործընթացի հետ առնչվող բոլոր տիպի վեճերի դատական քննությունը:

4. Պատասխանող կողմը, չընդունելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 19 և 30 հոդվածներով հստակ երաշխավորված են դատական պաշտպանության և ընտրական իրավունքների իրականացման հիմքերը: Եվ եթե ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին համապատասխան, յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները դատարանի կողմից վերականգնելու իրավունք, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթներն ապահովում են այդ գործընթացը և սահմանում դրա կարգը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթների` ՀՀ Սահմանադրության 30 հոդվածին հակասությանը, ապա տարբեր հարաբերություններ կարգավորող հիշյալ դրույթների միջև այդպիսի անհամապատասխանության մասին խոսք ընդհանրապես չի կարող լինել:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթները կարգավորում են ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը: Նկատի ունենալով, որ ընտրությունները ժամկետային գործընթաց են, օրենսդիրը սահմանել է այդ բնույթի դիմումների քննության հնարավոր կրճատ ժամկետներ: Մասնավորապես, օրենսգրքի 154 հոդվածը դատարանին պարտավորեցնում է ընտրական վեճերի վերաբերյալ գործերը քննության առնել դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի 155 հոդվածն ամրագրում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վեճերով դատարանի վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքի այս պահանջը նպատակ է հետապնդում վերացնել ընտրական իրավունքի խախտումները մինչև ընտրությունների ավարտը, այլապես խախտված իրավունքի վերականգնման վերաբերյալ դատարանի վճիռը կկորցնի իր իմաստը` դիմողը չի կարող մասնակցել ընտրություններին, ընտրել կամ ընտրվել: Հենց այս առանձնահատկությունը նկատի առնելով է, որ օրենսդիրն օրենսգրքի վիճարկվող գլուխը զետեղել է «Առանձին տեսակի գործերով վարույթների առանձնահատկությունները» բաժնի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում:

ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի ընձեռում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող գլխի կանոնները, սահմանելով նման բնույթի գործերի քննության սեղմ ժամկետներ և բացառելով վճռի բողոքարկումը, դատարանին հնարավորություն են տալիս ողջամիտ ժամկետում վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու, կուսակցության (կուսակցությունների միավորումների) ընտրական խախտված իրավունքները:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի (հոդվ. հոդվ. 153-155) դրույթները մեծ կարևորություն ունեն ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության և Սահմանադրության 4 հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքների ու 30 հոդվածում ամրագրված իրավունքների երաշխավորման համար: Ընտրական իրավունքի պաշտպանության առումով այդ դրույթները հավասարապես վերաբերում են ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ ընտրական իրավունքին: Նյութական իրավունքի ապահովումը երաշխավորող դատավարական այս նորմերն իրենց բնույթով ու առկա խմբագրությամբ չեն խոչընդոտում հատուկ հայցային վարույթի կարգով ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությանը` ընտրական գործընթացի ցանկացած փուլում:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 24 գլուխը միայն ընդհանուր գծերով է կարգավորում տվյալ իրավահարաբերությունները` առանց հստակեցնելու հատուկ հայցային վարույթի ընթացակարգով ընտրական վեճերի լուծման կոնկրետ առանձնահատկությունները: Դրա հետևանքով իրավակիրառական պրակտիկայում տեղ են գտել տարաբնույթ մոտեցումներ, թե' դիմումի քննության ենթակայության և թե' դատական ակտի բողոքարկման կարգի առնչությամբ: Առկա է նաև անհամապատասխանություն ՀՀ ընտրական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի դրույթների (մասնավորապես` համապատասխանաբար` 40 և 153 հոդվածներ) միջև, որը դժվարություններ է առաջացնում ընտրական իրավունքի դատական պաշտպանության` ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի իրացման հարցում: Նման իրավիճակը կարող է հաղթահարվել օրենսդրական հստակեցումներ կատարելու, իսկ մինչ այդ` ՀՀ վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի նորմերի մեկնաբանման և միասնական իրավակիրառական պրակտիկա ապահովելու ճանապարհով` երաշխավորելու համար ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը: Ինչ վերաբերում է վեճի առարկա դրույթների սահմանադրաիրավական բնույթին, ապա այդ դրույթները դիմումատուի հարցադրումների շրջանակներում` իրենց իրավական բովանդակության և իրավակարգավորման առարկայի առումով, սահմանադրականության խնդիր չեն առաջացնում և դրանց բացակայությունը կամ կասեցումը, ընդհակառակը, կվտանգի ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխով սահմանված դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


8 մայիսի 2007 թվականի
ՍԴՈ-700

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան