Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.11/35(559)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քրեական և զինվորական գործերով
վերաքննիչ դատարանի դատավճիռ

ՎԲ-111/07

Քրեական գործ 102/07 թ.
կայացրած դատարանի կազմը
նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
դատավորներ` Ա. Հովհաննիսյան, Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

1 հունիսի 2007 թվական

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ դատախազ

Վ. Վարդանյանի

պաշտպան

Հ. Ալումյանի


դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը Աշոտ Հայկազի Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը բավարարելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 14-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

 

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը Ա. Հարությունյանին 2004 թվականի հունվարի 21-ի դատավճռով մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 1-ին մասով և 305-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պատժի կրելու սկիզբը հաշվելով 2003 թվականի մայիսի 6-ը: Ա. Հարությունյանից հօգուտ Վարշամ Ղարիբյանի բռնագանձվել է 34 159 008 (երեսունչորս միլիոն հարյուր հիսունինը հազար ութ) դրամ և 119 000 (հարյուր տասնինը հազար) ԱՄՆ դոլար, որպես հասցված վնասի փոխհատուցում:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2004 թվականի մայիսի 25-ին քննելով Ա. Հարությունյանի փաստաբան Հ. Ալումյանի վերաքննիչ բողոքը քաղաքացիական հայցի բավարարման մասով դատավճիռը փոփոխել է և Ա. Հարությունյանից հօգուտ Վ. Ղարիբյանի բռնագանձել է 23 063 108 (քսաներեք միլիոն վաթսուներեք հազար հարյուր ութ) դրամ և 119 000 (հարյուր տասնինը հազար) ԱՄՆ դոլար` որպես հասցված վնասի փոխհատուցում:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի մայիսի 25-ին դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքները՝ առանց բավարարման:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2006 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ տվել է Աշոտ Հարությունյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համաձայնություն:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժաչափով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը 2006 թվականի հոկտեմբերի 12-ին ընդունել է որոշում` «Աշոտ Հարությունյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմանը չտալ հավանություն»:

Դատապարտյալ Ա. Հարությունյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանը 2006 թվականի դեկտեմբերի 8-ին միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան Ա. Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ միջնորդությունը մերժել է:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, քննության առնելով Հ. Ալումյանի վերաքննիչ բողոքը, իր 2007 թվականի մարտի 14-ի որոշմամբ բեկանել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, բավարարել է Ա. Հարությունյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի միջնորդությունը և դատապարտյալ Ա. Հարությունյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի կրումից՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այն կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 14-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մայիսի 16-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414. 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի հետևությունը այն մասին, որ պետք է կիրառել հանցագործության կատարման ժամանակահատվածում գործող օրենքը, չի բխում օրենքի պահանջներից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված իրավանորմը սահմանում է միայն քրեական օրենսգրքի հետադարձ ուժը, իսկ դատարանը միջնորդություն քննարկելիս պետք է առաջնորդվեր տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի պահանջներից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը, որն ամրագրում էր դատապարտյալի և նրա պաշտպանի իրավունքը ներկայացնելու միջնորդագիր` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, ուժը կորցրել է 2006 թվականի հուլիսի 21-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, իսկ դատապարտյալ Ա. Հարությունյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան միջնորդագիր է ներկայացվել դատապարտյալ Ա. Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միայն 2006 թվականի դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ուժի մեջ մտնելուց 5 ամիս հետո:

Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պետք է առաջնորդվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի
1-ին մասի պահանջներով, համաձայն որի՝ քրեական գործով վարույթը կարգավորվում է քրեադատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:

Բացի այդ, վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննելով Հ. Ալումյանի միջնորդությունը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց՝ ոչ ժամանակին ներկայացված միջնորդությունը թողնվում է առանց քննության: Սույն գործի նյութերով ապացուցված է, որ Ա. Հարությունյանի պաշտպան Հ. Ալումյանի կողմից միջնորդագիր է ներկայացվել 2006 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ արդեն դադարել էր վերջինիս նման միջնորդագիր ներկայացնելու իրավունքը, հետևաբար՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը պետք է առաջնորդվեր դատական քննությունն իրականացնելու ժամանակահատվածում գործող քրեադատավարական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդությունը թողներ առանց քննության:

Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հիմնվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի դրույթների վրա՝ այն դեպքում, երբ պետք է առաջնորդվեր ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով, համաձայն որոնց՝ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ ուղղվելու համար պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հատուցելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ դատապարտյալը տուժողին հասցրած վնասը հատուցել է մասնակի՝ նշելով, որ վնասը հատուցվել է 22 000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ վնասի մնացած մասը, որը կազմում է 23 063 108 դրամ և 97 000 ԱՄՆ դոլար, տուժողին չի հատուցել: Հետևաբար՝ եթե վերաքննիչ դատարանը առաջնորդվեր ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի, ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 114-115-րդ հոդվածների դրույթներով և եթե նույնիսկ գտներ, որ դատապարտյալի միջնորդությունը ենթակա է քննարկման, ապա պարտավոր էր այն մերժել:

Ըստ բողոքի հեղինակի՝ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի հրամանագրով ստեղծված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժաչափով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը 2006 թվականի հոկտեմբերի 12-ին ընդունել է որոշում՝ «Աշոտ Հարությունյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշմանը չտալ հավանություն», իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115 հոդվածով սահմանված է, որ անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել դատապարտյալ Ա. Հարությունյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունը բավարարելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 14-ի որոշումն ամբողջությամբ և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

2006 թվականի հուլիսի 21-ին ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-67-Ն), որի 5-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը: Այն ամրագրում էր դատապարտյալի և նրա պաշտպանի իրավունքը դատարան ներկայացնելու դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր:

Դատապարտյալ Ա. Հարությունյանի պաշտպան Հ. Ալումյանը Ա. Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան միայն 2006 թվականի դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Հետևաբար, դատապարտյալ Ա. Հարությունյանի պայմանական վաղաժամկետ ազատելու օրենսդրական կարգը պետք է որոշվի 2006 թվականի դեկտեմբերի 8-ին գործող օրենքի հիման վրա:

Դատարանը չի ընդունում, որ այս հարցում կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածները, քանի որ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու դատավարական կարգը, ներառյալ՝ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրով դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, դուրս է «արարքի հանցավորություն և պատժելիություն» հասկացության շրջանակից:

Ժամանակի մեջ քրեական օրենքի գործողության կանոնը գործում է միայն արարքի հանցավորության և պատժելիության հետ կապված նյութաիրավական հարաբերությունների նկատմամբ, և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավանորմը չի կարգավորում դատավարաիրավական հարաբերությունները: Հետևաբար՝ կիրառելի չէ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի հետ փոխկապակցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական օրենքի հետադարձ ուժը:

Այս հարցում կիրառելի չէ նաև դատապարտյալ Ա. Հարությունյանի կողմից պատիժը կրելու ժամանակահատվածում գործող օրենքը, քանի որ վերաքննիչ դատարանի այդ հետևությունը որևէ իրավական հիմնավորում չունի: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Պատիժների կատարումը կարգավորվում է կատարելու պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ»: Սակայն այս դրույթը ևս կիրառելի չէ, քանի որ անձին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դատավարական կարգը, մասնավորապես՝ այն, թե որ սուբյեկտներն իրավունք ունեն դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրով դիմել դատարան, սահմանվում է ոչ թե ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Դատարանը գտնում է, որ քննարկվող հարցում կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը: Համաձայն այդ հոդվածի` քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմի կառուցվածքից բխում է, որ ժամանակի մեջ քրեական դատավարական օրենքի ներգործությունը սահմանող կանոնը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ընթանում են հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ և կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածով կարգավորված դատավարական իրավահարաբերությունները կազմում են դատարանում գործի քննության ինքնուրույն վարույթ, ուստի դրանք ներառվում են «դատարանում գործի քննություն» հասկացության ծավալի մեջ: Իսկ դատարանում գործի քննությունը սկսում է այն պահից, երբ անձը համապատասխան դատավարական փաստաթուղթը (բողոքը, միջնորդագիրը) ներկայացնում է դատարան:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական նորմի գործողությանը, ապա այն տարածվում է այն դեպքերի վրա, երբ իրավահարաբերությունն առաջանալուց հետո օրենքը փոխվում է ի վնաս դատավարության մասնակիցների: Տվյալ գործով դատապարտյալ Ա. Հարությունյանի իրավունքը սահմանափակող օրենքն ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 21-ին, իսկ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան համապատասխան միջնորդագիրը ներկայացվել է միայն 2006 թվականի դեկտեմբերի 8-ին: Այսինքն` օրենքը ի վնաս դատապարտյալ Ա. Հարությունյանի փոխվել է ոչ թե իրավահարաբերությունն առաջանալուց հետո, այլ դրանից առաջ: Հետևաբար՝ տվյալ գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավական նորմը կիրառելի չէ:

Այսպիսով, դատապարտյալ Ա. Հարությունյանը և իր պաշտպանը 2006 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրով անմիջականորեն դատարան դիմելու իրավունք չեն ունեցել: Այդ պայմաններում առաջին ատյանի դատարանն այն քննելու և ըստ էության որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել:

Վերը շարադրվածը հիմք է եզրահանգելու համար, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել նյութական և դատավարական օրենքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են բեկանելու գործով կայացված որոշումները և կարճելու 2006 թվականի դեկտեմբերի 8-ի միջնորդագրի կապակցությամբ հարուցված վարույթը:

Այս պայմաններում բողոքի մյուս փաստարկները քննարկելու անհրաժեշտությունը վերանում է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում քննարկվող հարցերով, կապված պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ օրենքի գործողության հետ, առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել: Բեկանել դատապարտյալ Աշոտ Հայկազի Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դատապարտյալի ներկայացուցիչ Հ. Ալումյանի միջնորդությունը մերժելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև դատապարտյալ Ա. Հարությունյանին երկու տարի վեց ամիս տասն օր ժամանակով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 14-ի որոշումները, և կարճել դատապարտյալ Ա. Հարությունյանի ներկայացուցիչ Հ. Ալումյանի կողմից Ա. Հարությունյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան 2006 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված միջնորդագրի հիման վրա հարուցված վարույթը:

Աշոտ Հայկազի Հարությունյանին վերադարձնել համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ դատավճռով նշանակված պատժի կրումը շարունակելու:

 

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Դ. Ավետիսյան
Հ. Ասատրյան
Հ. Ղուկասյան
Մ. Սիմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան