Գլխավոր տեղեկություն
Համար
N 959-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.09.2004-12.05.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.27/43(278) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.12.2010

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2003 թվականի N 959-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին կետերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 385-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 31-ի N 959-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ հանքարդյունահանման ոլորտի (բացառությամբ ստորերկրյա ջրերի արդյունահանման) լիցենզավորման և պայմանագրային հարաբերությունների ապահովման բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) ընդերքի ռացիոնալ օգտագործմանը նպաստելը.

բ) հանքարդյունահանման արդյունավետ իրականացմանը նպաստելը.

գ) հանքարդյունահանման ոլորտի զարգացման խոչընդոտների վերացմանը նպաստելը.

դ) հանքարդյունաբերության ոլորտում միջազգային և միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը։

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) հանքարդյունահանման հատուկ և հանքարդյունահանման լիցենզիաներ ստանալու, լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման կամ լիցենզիայում փոփոխություն կատարելու, ինչպես նաև թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար ներկայացված դիմումների վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը՝ նախապես ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ այդ աշխատանքներում ներգրավելով անհրաժեշտ մասնագետների.

բ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագիծը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը՝ այն նախապես ենթարկելով տեխնիկական և տեխնոլոգիական ուսումնասիրության.

գ) օրենքով նախատեսված հրաժարման մասին հավաստագրերի տրամադրման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը.

դ) հանքարդյունահանման հատուկ և (կամ) հանքարդյունահանման լիցենզառուին գրավոր զգուշացում տալու, ինչպես նաև հանքարդյունահանման հատուկ և (կամ) հանքարդյունահանման լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը.

ե) վճարների հիմքում դրված արտադրանքի շուկայական արժեքի շուրջ հանքարդյունահանման հատուկ և հանքարդյունահանման լիցենզառուի հետ բանակցային գործընթացին մասնակցություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անկախ փորձագետի կարծիքի հայցում.

զ) անհրաժեշտության դեպքում՝ հանքարդյունահանման հատուկ կամ հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար դիմումին կից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան մարմնի եզրակացությունը պահանջելը.

է) կայունացման, կոնցեսիոն և համապատասխան լիցենզիային պայմանագրերի նախապատրաստում և դրանք լիազոր մարմին՝ կնքման ներկայացնելը.

ը) լիցենզառուի կողմից օրենքի և լիցենզիայի պայմանների, ինչպես նաև համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը.

թ) հանքային իրավունք կրողներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնին տրամադրվող զեկույցների, տեղեկությունների և հաշվետվությունների ընդունում.

ժ) հանքային իրավունքների փոխանցման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկություն ներկայացնելը.

ժա) լիազոր մարմնի կողմից վարվող հանքային իրավունքների կենտրոնացված գրանցամատյանի տեղեկատվության տնօրինում.

ժբ) գործակալության անձնակազմի ուսուցման, ընդերքօգտագործման հարցերին նվիրված սեմինարների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպում և դրանց մասնակցություն.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

ժ1) լեռնահատկացման ակտի տրամադրում.

(8-րդ կետը լրաց. 12.08.04 N 1169-Ն)

 

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է նախարարը։ Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

11. Գործակալության պետը պատասխանատու է հանքարդյունահանման ոլորտի լիցենզավորման և պայմանագրային հարաբերությունների ապահովման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի՝ գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

13. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) նախարարության աշխատակազմի ղեկավարին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժբ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան։

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ։

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 31-ի N 959-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Պայմանագրաիրավական բաժին

Նախագծերի փորձաքննության բաժին

Պարտավորությունների կատարման հսկողության բաժին

Լիցենզավորման բաժին

 

(Կառուցվածքը լրաց. 12.08.04 N 1169-Ն)

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2010, N 1526-Ն 09.12.2010, N 959-Ն
15.05.2008, N 653-Ն 10.07.2008, N 959-Ն
12.04.2007, N 428-Ն 12.05.2007, N 959-Ն
12.08.2004, N 1169-Ն 16.09.2004, N 959-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան