Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.05.2007-19.06.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.10.2008

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1230-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Առեվտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալութՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 12.04.07 N 428-Ն)
 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.04.07 N 428-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետում «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման գործակալության» բառերը փոխարինել «Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2002 թ. օգոստոսի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1230-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Առեվտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալութՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 12.04.07 N 428-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերով ամրագրված Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական բնագավառին վերաբերող տեղեկատվության ծանուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմիններին Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություններից ստացված նմանատիպ տեղեկատվության տրամադրման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 12.04.07 N 428-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի ներքո Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական բնագավառին վերաբերող տեղեկատվության ծանուցման իրականացումը.

բ) Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության միջոցով ստացված Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների առևտրատնտեսական բնագավառին վերաբերող տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմիններին.

գ) Առևտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների կողմից առաջարկված հարցերի քննարկման կազմակերպումը.

դ) Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության հետանդամակցային պարտավորությունների կատարումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող հարցման կետերից, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից և պետական կառավարման այլ մարմիններից հավաքագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող ու դրանց վրա ազդեցություն ունեցող օրենքները, այլ նորմատիվ իրավական ակտերը և (կամ) դրանց նախագծերը, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի պահանջներին համապատասխան այլ տեղեկատվություն (այսուհետ` ծանուցման ենթակա փաստաթղթեր) և ընդունում է որոշում ստացված փաստաթղթերի և (կամ) դրանց նախագծերի վերաբերյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությանը ծանուցելու անհրաժեշտության մասին.

բ) Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերով սահմանված ժամկետներում և Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության կողմից սահմանված ձևով Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությանը (նրա միջոցով` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություններին) տրամադրում է ծանուցման ենթակա փաստաթղթերը` նշելով դրանցով նախատեսվող կանոնակարգման առարկայի և այդպիսի կանոնակարգման անհրաժեշտության և նպատակահարմարության մասին.

գ) ստանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների մեկնաբանությունները ծանուցման ենթակա փաստաթղթերի, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների պահանջներին համապատասխան խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ և դրանք տրամադրում Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերին, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին.

դ) համակարգում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների հետ խորհրդակցությունների կազմակերպման աշխատանքները.

ե) Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությունից ստանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների ներկայացրած ծանուցումները և դրանք տրամադրում Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերին, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին` մեկնաբանությունների համար.

զ) Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերից, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից և գերատեսչություններից ստանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետությունների կողմից ծանուցված փաստաթղթերի վերաբերյալ հիմնավորված մեկնաբանությունները կամ խորհրդակցություն անցկացնելու վերաբերյալ պահանջները և դրանք տրամադրում Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարությանը (նրա միջոցով` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ պետություններին).

է) համակարգում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերի աշխատանքները` կապված Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերի պահանջների կատարման հետ.

ը) Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերին, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և այլ պետական կառավարման մարմիններին (համակողմանիորեն համագործակցելով դրանց հետ) տեղեկացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործառույթների առնչությամբ նրանց պարտականությունների, ծանուցման ենթակա փաստաթղթերի, ինչպես նաև դրանք գործակալություն ներկայացնելու կարգի ու ձևի մասին.

թ) հետևում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ծանուցման հետ կապված գործառույթների ժամանակին և ճիշտ իրականացմանը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտին առնչվող խորհրդատվություն և ուսումնասիրություններ:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

10. Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Գործակալության պետը պատասխանատու է Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերով ամրագրված պարտավորությունների կատարման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

18. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1230-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Առեվտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալութՅԱՆ

(Վերնագիրը փոփ. 12.04.07 N 428-Ն)

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցման կետերի և պետական կառավարման մարմինների հետ համագործակցության բաժին

2. Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան