ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 օգոստոսի 2001 թ. N 351/01
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ««ԿԱՎԱԻՆՎԵՍՏ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ԲԳ 0032 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներածություն
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հետևյալ կազմով՝ նախագահ Է. Մուրադյան, նախագահի տեղակալ` Տ. Կարապետյան, անդամներ` Ա. Մինասյան և Ա. Սարիբեկյան, մասնակցությամբ՝ Հանձնաժողովի գլխավոր իրավական խորհրդական Կ. Թունյանի, Շուկայի կարգավորման վարչության պետ Ս. Մխիթարյանի.
2001 թ. օգոստոսի 31-ի իր դռնբաց նիստում քննարկեց՝ Հանձնաժողովի կողմից «Կավաինվեստ» ինվեստիցիոն ընկերություն» ՓԲԸ-ի (այսուհետ` նաև Ընկերություն) սույն թվականի մարտի 20-ին տրված բրոքերային գործունեության N 0032 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը:
Ընկերությունը 24.08.2001 թ. N Կ/1-01 գրությամբ Հանձնաժողովին տեղեկացրել է, որ սույն թվականի օգոստոսի 23-ին իր բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում որոշում է կայացվել Ընկերության բրոքերային գործունեության N ԲԳ 0032 լիցենզիան (տրված՝ 21.08.2001 թ.) դադարեցնելու նպատակով նշված լիցենզիան Հանձնաժողովին հետ վերադարձնելու մասին: Գրությանը կից ներկայացվել է Ընկերության 23.08.2001 թ. կայացած բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունից քաղվածք և բրոքերային գործունեության N ԲԳ 0032 լիցենզիան:
Հանձնաժողովի կարծիքը
Ուսումնասիրելով և վերլուծելով գործում առկա ապացույցները, գնահատելով դրանք իր ներքին համոզմունքով, հիմնված գործի՝ ամբողջությամբ վերցրած բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, Հանձնաժողովը հանգեց հետևյալ կարծիքին.
Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, Ընկերության բրոքերային գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել Ընկերության դիմումի հիմքով: Ըստ այդմ, Հանձնաժողովը գտնում է, որ Ընկերության 24.08.2001 թ. գրությունը բավարար հիմք է Ընկերության բրոքերային գործունեության N ԲԳ 0032 լիցենզիան (տրված` 20.03.2001 թ.) դադարեցնելու համար:
Հաշվի առնելով Ընկերության բրոքերային գործունեության լիցենզիայի դադարեցման հանգամանքը, Հանձնաժողովն անդրադարձավ նաև Ընկերության կողմից «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 63 հոդվածի 1-ին, 76 հոդվածի 5-րդ կետի և Հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված 63.3-1 կանոնով սահմանված պահանջների խախտումների համար Հանձնաժողովի 24.08.2001 թ. N 332 որոշման 1-ին կետի ա) և բ) ենթակետերով արձակված կարգադրության կատարման նպատակահարմարության հարցին: Հանձնաժողովի նշված որոշմամբ կարգադրվել էր.
1. Ընկերության և նրա տնօրեն Հայկ Բայրամյանին՝ 10-օրյա ժանկետում ուղղել և հետագայում բացառել Օրենքի 63 հոդվածի 3-րդ կետի և Հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված 63.3-1 կանոնով սահմանված պահանջների խախտումը.
2. Ընկերությանը՝ 10-օրյա ժամկետում ուղղել և հետագայում բացառել Օրենքի 76 հոդվածի 5-րդ կետի պահանջի խախտումը և գրավոր տեղեկացնել Հանձնաժողովին՝ կից ներկայացնելով խախտման վերացման փաստը հավաստող փաստաթղթերը:
Հանձնաժողովը գտնում է, որ նշված կարգադրության համար հիմք հանդիսացած խախտումներն, ըստ էության, Ընկերության բրոքերային գործունեության լիցենզիայի դադարեցման դեպքում վերանում են, քանզի Ընկերությունը, Օրենքի 60 հոդվածի 1-ին և 74 հոդվածի 4-րդ կետերի հիմքով, դադարում է մասնագիտացված անձ լինելուց: Ըստ այդմ, Հանձնաժողովի 24.08.2001 թ. N 332/01 որոշման 1-ին կետի ա) և բ) ենթակետերով Ընկերությանը և նրա տնօրենին արձակված կարգադրության կատարումը դառնում է անիմաստ, քանի որ Ընկերության լիցենզիայի դադարեցման պարագայում`
առաջին
Մասնագիտացված անձ չհամարվող ընկերության վրա, բնականաբար, չի տարածվում Օրենքի 76 հոդվածի 5-րդ կետի պահանջը, ըստ որի բրոքերային (դիլերային) ընկերության գործադիր տնօրեն չի կարող լինել համապատասխան որակավորում չունեցող անձը:
երկրորդ
Հանձնաժողովի 24.08.2001 թ. N 332/01 որոշման 1-ին կետի ա) ենթակետով արձակված կարգադրությամբ նախատեսված լիցենզիայի դիմումի լրացումները Հանձնաժողով ներկայացնելու իմաստը վերանում է, քանի որ դրանցում ներառման ենթակա տեղեկություններն, ըստ էության, Հանձնաժողովին հայտնի են Ընկերության կողմից 24.07.2001 թ. ներկայացված եռամսյակային հաշվետվություններից: Ավելին, մասնագիտացված անձանց կողմից ներկայացվող լիցենզիայի դիմումի լրացումները նախատեսված չեն երրորդ անձանց օգտագործման համար: Հետևաբար, մասնագիտացված անձ չհամարվող ընկերության կողմից լիցենզիայի դիմումի լրացումների ներկայացումը կորցնում է իր իմաստը:
Հատուկ կարծիք
Հանձնաժողովի որևէ անդամ սույն որոշման վերաբերյալ հատուկ կարծիք չի ներկայացրել:
Հանձնաժողովի որոշումը
Հիմք ընդունելով Հանձնաժողովի կարծիքը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 121 հոդվածներով՝
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ
1. Դադարեցնել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի կողմից ««Կավաինվեստ» ինվեստիցիոն ընկերություն» ՓԲԸ-ին 20.03.2001 թ. տրված արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության N ԲԳ 0032 լիցենզիան.
2. Հանձնարարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում`
ա) Հանձնաժողովի քարտուղարությանը՝ որոշման պատճենը ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն և ««Կավաինվեստ» ինվեստիցիոն ընկերություն» ՓԲԸ-ին.
բ) Հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ նախապատրաստել և հրապարակել համապատասխան հայտարարություն.
3. Վերացնել Հանձնաժողովի 24.08.2001 թ. N 332/01 որոշման 1-ին կետի ա) և բ) ենթակետերով ««Կավաինվեստ» ինվեստիցիոն ընկերություն» ՓԲԸ-ին և նրա տնօրենի արձակված կարգադրությունը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ |
Է. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|