Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2007-08.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.190
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007162

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 փետրվարի 2007 թ.

թիվ 56-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 002 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 002 հաշվետվական ձև)»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի «Ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 002 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 139-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2007 թ. փետրվարի 27
Երևան


Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 56-Ն որոշմամբ

     
 

Հավելված

 


«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր
տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների
 տրամադրման ձևը (թիվ 002 հաշվետվական ձև)»՝ հավելված 1-ի

ԹԻՎ 002 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


(Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ)

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև՝ ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձԵՎի կառուցվածքը ԵՎ ուղեցույցում հանդիպող հասկացությունները


Ներմուծեք նկարագրությունը_1217

Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը ապահովագրական գործունեություն իրականացնող անձ է (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ):

 

Լրացման կարգը

 

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա) եթե ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրական գումարը (ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) արտերկրում ստանալու պայմանի առկայության դեպքում), ապահովագրավճարը կամ վճարվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ) եթե ապահովագրական գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) և այլ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված դաշտերը, սակայն եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ, և բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 5-րդ բաժնում:

 

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:

 

3. Սույն հաշվետվական ձևը լրացվում է ինչպես մեկ գործարքի (գործառնության), այնպես էլ երկու և ավելի փոխկապակցված գործարքների (գործառնությունների) համար:

 

Փոխկապակցված գործարքների համար լրացվում է միայն մեկ հաշվետվական ձև, որտեղ որպես գործարքի գումար նշվում է բոլոր գործարքների գումարների հանրագումարը և որպես գործարքի կատարման ամսաթիվ նշվում է այն գործարքի ամսաթիվը, որի հետ կապված առաջացել է կասկածը:

 

Լրացման տարբերակները

 

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

 

5. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

ա) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով:

 

Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

 

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքի շահառուն ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 3-րդ բաժնի 3.1 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա բազմացրեք 3-րդ բաժինը ներառող հատվածը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին.

 

բ) էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհաններն ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

 

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները, որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

 

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

 

Եթե նույն բաժինը (ասենք՝ բաժին 3-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում՝ կետ 3.1) օրինակների քանակը, և ավտոմատացված ծրագրային համակարգում (ներդրումից հետո) կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

 

6. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:

 

7. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:

 

Հատուկ դրույթներ

 

Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված՝ «լրացում հաշվետվություն»:

 

Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա պետք է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում-հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:

 

Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

 

Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:

 

Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

 

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին, թղթակից կամ այլ կազմակերպություններին.

բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

 

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքը կնքելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գործարքը դեռևս չի կնքվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ 4-րդ բաժնում նշեք, թե գործարքը ինչու չի կնքվել և կնքման ինչ փուլում է:

Մի քանի փոխկապակցված գործարքների դեպքում նշեք դրանցից վերջինը կատարելու ամսաթիվը կամ այն գործարքի ամսաթիվը, որից առաջացել է կասկածը: Ձեր նշումը մեկնաբանեք հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

 

(1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրավճարը կամ վճարվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև երբ ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրական գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը, այն դեպքում, երբ այդ գործարքով ամրագրված ապահովագրավճարները կամ ակնկալվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) նախատեսվում է ստանալ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած՝ բոլոր կետերը լրացրեք պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ:

Եթե գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և' որպես պարտադիր, և' որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետը և նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

 

(1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ ապահովագրական գործարքում առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի առկայությունը վկայող հանգամանքներ:

1.3.4 կետում նշում կատարելու դեպքում 1.3.1 կետում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել է կամ դադարեցվել, ապա նշում կատարեք համապատասխան վանդակում և 1.3.4 կետում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:

1.3.5. Այս կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել: Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

 

(1.4) Փոխկապակցված գործարքներ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա են մեկից ավելի փոխկապակցված ապահովագրական գործարքներ:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.5 կետում նշում մի կատարեք:

 

Փոխկապակցված ապահովագրական գործարքներ են համարվում՝

ա. մեկ անձի կամ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` փոխկապակցված անձանց կողմից մեկ ամսվա ընթացքում իրականացված ապահովագրական գործարքները (օրինակ` եթե միևնույն ապահովադիրը կամ ապահովադիր ամուսինները 20-օրյա ժամկետում հնարավոր անհաղթահարելի ուժերից ապահովագրել են և իրենց ավտոմեքենաները և բնակարանը).

բ. միևնույն ապահովագրության օբյեկտի կամ միևնույն ապահովագրական ռիսկերի կամ պահանջների հետ կապված ապահովագրական գործարքները (օրինակ` եթե միևնույն ապահովադիրն առանձին ապահովագրական պայմանագրերով և վթարից, և հնարավոր հափշտակությունից ապահովագրել է իր ավտոմեքենան).

գ. գործարքների պայմաններից ակնհայտ է, որ միևնույն գործարքը կատարվում է մի քանի առանձին գործարքների միջոցով՝ նույնականացման կամ հաշվետվության ներկայացման պահանջից խուսափելու նպատակով:

 

Փոխկապակցված գործարքների կետում նշում կատարելու դեպքում այդ գործարքները դիտարկեք որպես մեկ գործարք, իսկ 1.6.1-1.9.6 կետերում սահմանված տեղեկությունները լրացրեք այդ գործարքների հանրագումարային տվյալներով:

 

Փոխկապակցված գործարքների քանակը և փոխկապակցվածության եղանակը: Այս կետում նշեք փոխկապակցված ապահովագրական գործարքների թիվը, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե ինչպես են այդ գործարքները փոխկապակցված (օրինակ՝ հատկացված տողում գրեք՝ առկա է երկու ապահովագրական պայմանագիր, մեկ (միևնույն) ապահովադիր, տարբեր վնասներից՝ վթար, հափշտակություն, ապահովագրել է միևնույն գույքը՝ ավտոմեքենան):

 

(1.5) Մեկ գործարք: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա է մեկ ապահովագրական գործարք:

 

(1.6) Ապահովագրության տեսակը: Այս կետի համապատասխան վանդակներում նշեք ապահովագրության այն տեսակը (կյանքի կամ այլ` գույքի, պատասխանատվության, ոչ կյանքի անձնական ապահովագրություն կամ որևէ վերաապահովագրություն), որին դասվում է ապահովագրական գործարքը: 1.6.1 և 1.6.2 կետերի ներքևի տողում գրեք նաև, թե ապահովագրական գործարքը կյանքի կամ այլ ապահովագրության, ինչպես նաև վերաապահովագրության որ տեսակին է պատկանում:

(Օրինակ` կյանքի ապահովագրության դեպքում` լրակեցության կամ կենսաթոշակային ապահովագրական գործարք, ոչ կյանքի ապահովագրության դեպքում` երրորդ անձանց հնարավոր պահանջների հատուցման հետ կապված ապահովագրական գործարք):

 

(1.7) Ապահովագրության ժամկետը: Այս կետում նշեք ապահովագրական հիմնական պայմանագրի ժամկետը (թվերով):

 

(1.8.1) Ապահովագրական գումարը: Այս կետում նշեք ապահովագրական պայմանագրով նախատեսված` ապահովագրական գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով ներկայացված Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրական գումարների հանրագումարը (թվերով):

 

(1.8.2) Ապահովագրավճարը: Այս կետում նշեք ապահովագրության պայմանագրով նախատեսված` ապահովագրավճարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով ներկայացված Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրավճարների հանրագումարը (թվերով):

 

(1.8.3) Ապահովագրական հատուցումը: Այս կետում նշում եք ապահովագրական պատահարի հիման վրա վճարվող ապահովագրական հատուցման (ապահովագրական գումարի վճարումը) գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով ներկայացված Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարի վճարումների) հանրագումարը (թվերով):

 

(1.9) Ապահովագրության գործարքի վերաապահովագրության դեպքում` վերաապահովագրողի և վերաապահովագրության վերաբերյալ տեղեկություններ: Այս կետը լրացրեք, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրողի պարտավորությունների ռիսկը ապահովագրվել է վերաապահովագրողի մոտ: Վերաապահովագրողների կողմից սույն հաշվետվական ձևը լրացնելու դեպքում (բացառությամբ եթե վերաապահովագրողն իր պարտավորությունների ռիսկը չի վերաապահովագրում երրորդ վերաապահովագրողի մոտ) 1.9.1-1.9.6 կետերում նշում չի կատարվում:

Մեկից ավելի վերաապահովագրությունների առկայության դեպքում կետը լրացրեք մեկից ավելի անգամ:

Այն դեպքում, երբ միևնույն ռիսկը վերաապահովագրվում է մի քանի վերաապահովագրողների մոտ, ապա տվյալ գործարքի մասին ամբողջական տեղեկություն ներկայացնում է միայն ապահովագրողը, իսկ վերաապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրը տեղեկություն է ներկայացնում միայն իր վերաապահովագրած մասով:

 

(1.9.1-1.9.3) Այս կետերում նշեք վերաապահովագրողի (վերաապահովագրողների) վերաբերյալ տեղեկությունները:

 

(1.9.4) Վերաապահովագրական գումարը: Այս կետում նշեք վերաապահովագրության պայմանագրով (պայմանագրերով) նախատեսված` վերաապահովագրական գումարը կամ այդ գումարների հանրագումարը միայն Հայաստանի Հանրապետության դրամով՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը (թվերով) և արժույթը:

 

(1.9.5) Վերաապահովագրական վճարը: Այս կետում նշեք վերաապահովագրության պայմանագրով (պայմանագրերով) նախատեսված` վերաապահովագրավճարը կամ վերաապահովագրավճարների ամբողջությունը (թվերով) և արժույթը:

 

(1.9.6) Վերաապահովագրական հատուցումը: Այս կետում նշեք ապահովագրական պատահարի հիման վրա վճարվող վերաապահովագրական հատուցման (վերաապահովագրական գումարի վճարման) գումարը (թվերով և տառերով):

 

(2) Հաճախորդի (ապահովադրի) տվյալները: Այս բաժնում նշեք հաճախորդի (ապահովադրի) նույնականացման հիման վրա ներկայացված տվյալները: Վերաապահովագրության գործարքների դեպքում որպես հաճախորդ (ապահովադիր) լրացվում են ապահովագրական ընկերության, իսկ որպես շահառու՝ փաստացի ապահովադիրների տվյալները:

2.1 կետում նշեք նաև ապահովադիրների թիվը:

Եթե ապահովադիրն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա լրացրեք 2.1.1 կետերը:

Եթե ապահովագրական գործարքում առկա են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երկու և ավելի ապահովադիրներ, լրացրու 2.1 կետում նրանց թիվը:

Եթե ապահովադիրը ֆիզիկական անձ է, ապա լրացրեք 2.1.2 կետերը:

Եթե ապահովագրական գործարքում առկա են ֆիզիկական անձ հանդիսացող երկու և ավելի ապահովադիրներ, լրացրեք 2.1 կետում նրանց թիվը:

Ապահովադրի վերաբերյալ տվյալները լրացվում են նաև այն դեպքում, երբ առկա է նրա անունից հանդես եկող ապահովագրական բրոքեր:

2.1.1.4.1 կետում լրացվում է հաճախորդի (ապահովադրի) հաշվի համարը: Եթե ապահովագրական գործարքում առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 4-րդ բաժնում:

Նման ձևով լրացրեք նաև 2.1.2.8.1, 2.3.4.1, 3.2.4.1 և 3.3.8.1 կետերը:

2.2. Այս կետը լրացվում է, եթե ապահովադիրը միաժամանակ նաև շահառու է: Լրացրեք բոլոր հնարավոր դեպքերը, եթե ապահովադիրը միաժամանակ նաև շահառու է: Այս դեպքում շահառուին վերաբերող բաժինը մի լրացրեք:

 

(2.3) Ապահովագրական բրոքերի տվյալները, ով ապահովադրի անունից իրականացնում է գործարքը: Այս կետում նշեք (առկայության դեպքում) ապահովադրի հանձնարարությամբ և նրա անունից հանդես եկող ապահովագրական բրոքերի տվյալները:

Երկու և ավելի ապահովադիրների և (կամ) երկու և ավելի ապահովագրական բրոքերների առկայության դեպքում 4-րդ բաժնում նշեք, թե յուրաքանչյուր ապահովագրական բրոքեր որ ապահովադրի անունից է հանդես գալիս:

 

(3) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը: Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) (առկայության դեպքում) տվյալները, ում օգտին ապահովադիրը կատարում է ապահովագրական գործարքը, և որը գործարքի իրական տնտեսական շահը տիրապետող անձ է:

3.1 կետում նշեք շահառուների թիվը:

Երկու և ավելի շահառուների առկայության դեպքում այս բաժինը լրացրեք երկու և ավելի անգամ:

 

(3.4) Շահառուին հասանելիք գումարը: Այս կետում նշեք այն գումարը, որն ապահովադիրը նախատեսում է վճարել շահառուին (շահառուներին): Եթե շահառուն նույն ինքը՝ ապահովադիրն է, ապա նշում կատարեք 2.2 կետում:

 

(4) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս բաժնում նշեք Ձեր կողմից գործարքի կապակցությամբ կարևորվող այլ տեղեկություններ: Ցանկացած տեղեկատվություն լրացնելիս նշեք, թե որ բաժնի որ կետին է այն վերաբերում:

 

(5) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետու անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակում):

 

(5.3) Լրացման ամսաթիվը: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

 

(5.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշեք Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեր ապահովագրական ընկերությանը տրված հաշվառման համարը (թվերով):

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
Ֆինանսական դիտարկումների կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088,
Էլ. փոստ info_fiu@cba.am

 

Հավելված 2

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 56-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Կ Ա Ր Գ

Սույն կարգի նպատակն է՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 002 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:


1.

Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2.

Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ) հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ) հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե) հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ) ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3.

Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:


4.

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ) «ՍիԲիԷյՆեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետվություն տրամադրող անձանց համար, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ) ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ) ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե) փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում են Կենտրոնական բանկ:

 

Հավելված


«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր
տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների
տրամադրման կարգը» հավելված 2-ի


 

Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում
               

 


Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի Ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն ____ _________ - ին

 

Խնդրում եմ Ձեզ ____________________________________________ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը


տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

Գործունեության տեսակը _________________________________
Գտնվելու վայրը _______________________________________
Գործունեության վայրը __________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________
Պետական գրանցման համարը ______________________________
Լիցենզիայի համարը ____________________________________
Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

1. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

2. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

3. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

4. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն


Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար՝


___________
ստորագրություն

___ _________ ______ թ.

ք. Երևան


 

Հավելված 3

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 56-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 002 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:


1.

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

Սույն կետով սահմանված գործաքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

1.3. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ: