Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-699
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1979 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲԵՌՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐՈՊԱՅԻ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

27 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1979 թվականի սեպտեմբերի 19-ին Բեռնում ստորագրված` Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հանրապետության Նախագահի դիմումում կոնվենցիան վերնագրված է «Եվրոպայի կենդանական աշխարհի և բնական միջավայրի պահպանության մասին» միջազգային կոնվենցիա: Սակայն գործը քննության նախապատրաստելիս Նախագահի պաշտոնական ներկայացուցչի և ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական թարգմանությամբ քննության առարկա Կոնվենցիայի անվանումը ճշգրտվել է` 1979 թվականի սեպտեմբերի 19-ին Բեռնում ստորագրված` «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա:

2. Կոնվենցիան ընդունվել է 1979 թվականի սեպտեմբերի 19-ին` Բեռնում, և ուժի մեջ մտել 1982 թվականի հունիսի 1-ին: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2006 թվականի մարտի 13-ին:

Կոնվենցիայի նպատակն է պահպանել կենդանական ու բուսական աշխարհը և տեսակների բնական ապրելավայրերը:

3. Կոնվենցիայի անդամ պետություններն անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ պետք է ձեռնարկեն` 1-ին և 2-րդ հավելվածներում նշված տեսակների և վտանգված բնական միջավայրի պահպանությունն ապահովելու համար:

Կոնվենցիայի 3-րդ հավելվածում սահմանված են կենդանական աշխարհի պահպանվող տեսակները, իսկ 4-րդ հավելվածում` կենդանիների սպանության, որսի և շահագործման այլ ձևերի արգելված միջոցները և մեթոդները:

4. Կոնվենցիայի կողմերը պետք է երաշխավորեն նաև, որ արգելման սեզոնները և վայրի բնության օգտագործումը կարգավորող ընթացակարգերը լինեն համարժեք և բաշխվեն համապատասխանաբար:

5. Կոնվենցիայի նպատակների իրականացման համար հիմնվել է Մշտական կոմիտե:

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` կենդանական և բուսական աշխարհի պոպուլյացիաները, հատկապես` բնապահպանական, գիտական և մշակութային պահանջներին համապատասխան մակարդակով պահպանելու համար,

- անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կենդանական, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականությունը խթանելու համար,

- Հայաստանի բնապահպանական ոլորտի քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելիս` հաշվի առնել կենդանական, բուսական աշխարհի և բնական միջավայրի պահպանությունը,

- հատուկ ուշադրություն դարձնել չվող տեսակների համար կարևոր  ուղիների պահպանությանը,

- բուսական աշխարհի տեսակների հատուկ պահպանության համար արգելել հավելված 1-ում նշված բույսերը դիտավորությամբ պոկելը, հավաքելը, կտրելը կամ արմատախիլ անելը, ինչպես նաև արգելել այդպիսի տեսակների ձեռքբերումը կամ վաճառքը,

- խրախուսել կենդանական, բուսական աշխարհի և բնական միջավայրի տեղական տեսակների վերարտադրությունը,

- սահմանված ժամկետներում Մշտական կոմիտեին ներկայացնել հաշվետվություններ,

- Մշտական կոմիտեին տեղեկացնել Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հավելվածներում չընդգրկված տեսակների մասին,

-  նշանակել արբիտրաժային դատարանի մեկ միջնորդ դատավոր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1979 թվականի սեպտեմբերի 19-ին Բեռնում ստորագրված` Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին  կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


27 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-699