ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 19-ի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Արձանագրությունն ստորագրվել է 2006 թ. հոկտեմբերի 4-ին` Երևանում, 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով:
Նշված համաձայնագրում փոփոխություններ կատարելը, իր հերթին, նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել Պայմանավորվող կողմերի միջև գոյություն ունեցող կապերը տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական բնագավառներում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է Ռումինիայի` 2007 թվականի հունվարից Եվրոպական միությանն անդամակցելու հանգամանքով:
Արձանագրությունը վերոհիշյալ համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում: Այն նախատեսում է համաձայնագրում կատարել փոփոխություններ` ուղղված, մասնավորապես, երկու երկրների միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնոլոգիական համագործակցությունը համակարգող համատեղ Խառը հանձնաժողովի խնդիրների շրջանակի ընդլայնմանը` կապված տնտեսական կապերի զարգացման և հեռանկարների ուսումնասիրության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Պայմանավորվող կողմերի ընկերությունների միջև կապերը և համագործակցությունը դյուրացնելու և խրախուսելու, ներդրումային դաշտում բարենպաստ պայմաններ ստեղծելու, տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև վերը թվարկված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կազմակերպչական բնույթի գործառույթներ իրականացնելու հետ:
Հայկական կողմը պարտավորվում է կիրառել համաձայնագրի դրույթները՝ առանց խախտելու այն պարտավորությունները, որոնք բխում են Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությունից, ԵՄ կամ ԵՄ և նրա անդամ պետությունների և, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև կնքված ցանկացած համաձայնագրից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|