Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.15/13(253) Հոդ.210
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007183

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 337-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների կողմից դեպի տեղեկատու հասանելիության ապահովման և բաժանորդների տեղեկատուների հրապարակման կանոնները (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թվականի դեկտեմբերի 18-ի
N 337-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Սույն կանոններով սահմանվում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցերով հեռախոսային (ձայնային) ծառայություններ մատուցող օպերատորների կողմից հանրությանը դեպի տեղեկատու հասանելիության (տեղեկատվական ծառայություն) ապահովման և այդ ցանցերի բաժանորդների տեղեկատուների հրապարակման պայմանները:

 

I. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

տեղեկատու՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի բաժանորդների անհատական տվյալների և հեռախոսահամարների տպագիր և(կամ) էլեկտրոնային ձևերով կազմված ամբողջություն.

տեղեկատվական ծառայություն` էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով տեղեկատվություն ստեղծելու, ձեռք բերելու, պահեստավորելու, ձևափոխելու, մշակելու և վերհանելու, օգտագործելու կամ մատչելի դարձնելու հնարավորություն ընձեռելը.

բաժանորդ կամ հաճախորդ (այսուհետև` բաժանորդ)` ցանկացած անձ, որն օգտագործում է հեռախոսային ծառայություններ կամ դիմում է դրանց օգտագործման համար.

հասանելիություն` հանրության` էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով տեղեկատուից (տեղեկատվական ծառայությունից) օգտվելու հնարավորություն.

Գործարար բաժանորդ`

1) իրավաբանական անձինք՝ անկախ սեփականության և կազմակերպական իրավական ձևերից.

2) օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց ներկայացուցչությունները և մասնաճյուղերը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև բյուջետային հիմնարկները.

բնակիչ-բաժանորդ` բոլոր բաժանորդները, որոնք գործարար բաժանորդներ չեն:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատուներում բաժանորդների անհատական տվյալների ներառումը կատարվում է բացառապես նրանց համաձայնությամբ:

2. Տեղեկատուները կազմվում են Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համաձայն:

3. Տեղեկատուները բաժանորդների վերաբերյալ նվազագույնը պետք է ներառեն.

1) բնակիչ-բաժանորդների համար` ազգանուն, անուն, հայրանուն, հեռախոսահամար, բնակության վայր.

2) գործարար բաժանորդների համար` անվանում, հեռախոսահամար, գտնվելու վայր:

4. Տեղեկատուները պարտադիր պետք է ներառեն նաև.

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կոդերը,

2) շարժական կապի ցանցերի կոդերը,

3) միջազգային կոդերը,

4) համարահավաքման պլանը:

5. Առանձին վճարի դիմաց գործարար բաժանորդները տեղեկատուներում կարող են տեղադրել իրենց գործունեությունն արտացոլող գովազդային բնույթի տեղեկատվություն` ներառյալ շարժական կապի ցանցի իրենց հեռախոսահամարները:

6. Տպագիր տեղեկատուները պետք է գտնվեն ամրակցված ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման մեջ գերիշխող օպերատորների (այսուհետև` Օպերատոր) բոլոր գործառնական գրասենյակներում և հասանելի լինեն հանրությանը:

7. Օպերատորը պարտավոր է ապահովել հեռախոսային տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը հանրությանը:

8. Օպերատորը պարտավոր է այնպես կազմակերպել տեղեկատվական ծառայությունը, որպեսզի հնարավորինս բացառվի զանգի անպատասխան մնալը կամ տեղեկատու ծառայության հեռախոսահամարի զբաղված լինելը:

9. Տեղեկատուները մշակվում, տպագրվում և հրապարակվում են Հանձնաժողովի կողմից սույն կանոնները հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Օպերատորը պարտավոր է տեղեկատուները անվճար տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր փոստային բաժանմունքներին,

2) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Տպագիր տեղեկատուների տպաքանակը որոշվում է Հանձնաժողովի կողմից` Օպերատորի հետ քննարկումներից հետո:

Հրապարակված տեղեկատուները պետք է տեղադրվեն նաև Օպերատորի ինտերնետային կայքում և պետք է կազմված լինեն տեղեկատվությունը փնտրելու հնարավորությամբ:

10. Օպերատորը պարտավոր է համագործակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված տեղեկատավական ծառայությունների հետ` անվճար նրանց տրամադրելով բոլոր տեղեկատուների և դրանց համալրումների էլեկտրոնային տարբերակները:

11. Բաժանորդներն իրենց ցանկությամբ, ողջամիտ վճարի դիմաց, Օպերատորից կարող են ստանալ տեղեկատուների էլեկտրոնային տարբերակները մագնիսական, լազերային կամ այլ կրիչներով:

12. Օպերատորը պարտավոր է անվճար ապահովել բաժանորդների վերաբերյալ տեղեկատուում ընդգրկված տեղեկատվության տրամադրումը հեռախոսով կատարվող հարցումների դեպքում` ներառյալ մետաղադրամներով, հեռախոսային քարտերով, դեբետային և կրեդիտային քարտերով աշխատող հեռախոսներով:

13. Տեղեկատուի տպագրությունն իրականացվում է Օպերատորի միջոցներով և նրա պատասխանատվությամբ:

14. Տեղեկատուի տպագիր տարբերակը պետք է համալրվի (տեղեկատուին կից լրացումների ձևով) առնվազն երեք տարին մեկ անգամ և անվճար տրամադրվի սույն կանոնների 9-րդ կետում նշված անձանց:

15. Տեղեկատուի տպագրությունը, ինչպես նաև դրա էլեկտրոնային տարբերակի պատրաստումը, պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել նաև այլ անձինք: