Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-695
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության  միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը  սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան, կից արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Կոնվենցիան ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին` Աստանայում, և նպատակ ունի զարգացնել ու ամրապնդել տնտեսական, գիտական և տեխնիկական հարաբերությունները երկու երկրների միջև, մասնավորապես` վերջիններիս ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև հարկումից խուսափելը կանխելու միջոցով:

Ստորագրելով կոնվենցիան և դրան կից արձանագրությունը, Հայկական կողմը  պարտավորվում է առանց խտրականության բացառել կրկնակի հարկումը ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ` կապված,  մասնավորապես.

- անշարժ գույքից (ներառյալ օժանդակ գույքը) ստացված եկամուտների,

- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթի,

- միջազգային փոխադրումներից ստացված եկամուտների,

- ասոցիացված ձեռնարկությունների գործունեությունից ստացված շահույթների,

- ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի ռեզիդենտին վճարված շահաբաժինների,

- Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտին վճարվող տոկոսների,

- Հայաստանի Հանրապետությունում առաջացող և Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտին վճարվող ռոյալթիի,

- գույքի օտարումից ստացված եկամուտների,

- վարձու աշխատանքից ստացված եկամուտների,

- տնօրենների հոնորարների,

- արտիստների և մարզիկների կողմից իրականացված անհատական գործունեությունից ստացված եկամուտների,

- կենսաթոշակների և համանման այլ վճարումների,

- պետական ծառայությունների դիմաց վճարված` կենսաթոշակից տարբերվող աշխատավարձի, ռոճիկի և համանման այլ վարձատրությունների,

- ուսանողների կամ պրակտիկանտների` բացառապես վերջիններիս կողմից ուսանելու կամ պրակտիկա անցնելու համար ստացված այնպիսի  վճարումների հետ, որոնք առաջանում են ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից,

- անշարժ և շարժական գույքի և դրա տարրերի հարկման, ինչպես նաև այլ եկամուտների հետ:

Հայկական կողմը նաև երաշխավորում է, որ Պայմանավորվող մյուս կողմի անձանց չի ենթարկի ավելի ծանր հարկման, քան այն հարկումը, որին ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ ռեզիդենտները մյուս Կողմի տարածքում միևնույն հանգամանքներում, և նրանց համար՝ կոնվենցիայով իր կողմից ստանձնված պարտավորությունների շրջանակներում չի ստեղծի ավելի պակաս բարենպաստ պայմաններ, քան ՀՀ ազգային անձանց համար:

Հայկական կողմը կրկնակի հարկումը կբացառի` նվազեցնելով Հայաստանի ռեզիդենտի կողմից  ստացված եկամուտների կամ տնօրինած գույքի հարկերն այն չափով, ինչ չափով որ դրանք ենթակա են հարկման Ղազախստանում:

Հայկական կողմը պարտավորվում է նաև կոնվենցիայի դրույթները չկիրառել Պայմանավորվող մյուս կողմի` Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների  աշխատակիցներ հանդիսացող անձանց նկատմամբ:

Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում կից արձանագրությունը, որը մեկնաբանում և հստակեցնում է կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի և 8-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունը:

Կոնվենցիան նախատեսում է վերջինիս դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու ժամկետները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության  միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-695