Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-697
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրը Կողմերն ստորագրել են 2006 թ. հոկտեմբերի 16-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը Կողմերի ռեզիդենտների եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու միջոցով երկու պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային հարաբերությունները զարգացնելն է։ 

Գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու ընթացակարգը սահմանված է համաձայնագրի 23 հոդվածում: Կողմերի ռեզիդենտների նկատմամբ այն իրականացվում է անխտրականության սկզբունքով։

2. Համաձայնագրի շրջանակներում կիրառման ենթակա հարկատեսակները և հարկվող սուբյեկտները սահմանված են 2 և 4 հոդվածներում։

Համաձայնագիրը կիրառելի չէ դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների, պաշտոնատար անձանց նկատմամբ։

3. Համաձայնագրի մի շարք հոդվածներում սահմանված են հարկման հետևյալ օբյեկտները.

- անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը),

- ձեռնարկատիրական գործունեությունից, ինչպես նաև փոխկապակցված ձեռնարկություններից ստացված շահույթը,

- միջազգային փոխադրումներից` նավերի կամ օդանավերի շահագործման արդյունքում, ստացված շահույթը,

- շահաբաժինները, տոկոսները, ռոյալթին,

- անկախ և կախյալ անհատական ծառայությունները, ռեզիդենտ հանդիսացող ընկերությունների տնօրենների հոնորարները,

- արտիստների և մարզիկների գործունեությունից ստացված եկամուտը,

- կենսաթոշակները, պետական ծառայության դիմաց վճարված աշխատավարձը,

- ուսանողին կամ պրակտիկանտին տրված վճարումները, ինչպես նաև այլ եկամուտներ` 20 և 21 հոդվածներում սահմանված կարգով։

4. Բացի համաձայնագրի կիրառումն ապահովող վերոհիշյալ հիմնական պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է.

- մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացած ուսանողին կամ պրակտիկանտին ազատել ապրելու, ուսանելու, վերապատրաստվելու համար ստացած վճարումների հարկումից (20 հոդված),

- կրկնակի հարկումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի` մյուս Կողմում հարկվող եկամուտ ստանալիս թույլատրել այդ եկամտի կամ գույքի հարկի նվազեցում մյուս Կողմում վճարված հարկին հավասար գումարի չափով (23 հոդված),

- համաձայնագրի 26 հոդվածում նախատեսված պայմաններին համապատասխան մյուս Կողմի իրավասու մարմիններին ապահովել այնպիսի տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է համաձայնագրի և դրանում ընդգրկված հարկերի վերաբերյալ ներպետական օրենսդրության նորմերի կիրառման համար։

5. Համաձայնագրում նախատեսված են Կողմերի պարտականությունների համաձայնեցված կատարման առնչությամբ ծագած խնդիրների լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարեցնելու ընթացակարգեր (25 և 29  հոդվածներ)։

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 3, 8, 9 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են զարգացնելու Կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-697

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան