Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-696
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

17 ապրիլի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին` Երևանում: Լրացուցիչ արձանագրության նպատակն է փոփոխել 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի (ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 11.10.1995 թ.) այն դրույթները, որոնք առնչվում են Եվրոպական միությանը Ռումինիայի անդամակցության հետ ծագող պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև կարգավորել Ռումինիայում հայաստանյան ներդրումների իրավական ռեժիմը:

2. Հիշյալ Համաձայնագրի մի շարք դրույթներ լրացուցիչ արձանագրությամբ վերաձևակերպվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է նոր պարտավորություններ, մասնավորապես.

- չխախտելով Եվրոպական միության ընդունած միջոցառումները` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է պաշտպանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները,

- բարենպաստության ռեժիմների վերաբերյալ դրույթները չեն կիրառվի բոլոր առկա կամ ապագա առավելությունների նկատմամբ` ելնելով Եվրոպական միությանը Ռումինիայի անդամակցությունից կամ մասնակցությունից,

- չխախտելով Եվրոպական միության ընդունած միջոցները` յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի ներդրողներին կտրամադրի ներդրումների և վճարումների փոխընդունելի փոխանցումներ:

3. Ռումինիայի անդամակցությունից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու համար լրացուցիչ արձանագրությունը հնարավորություն է տալիս  Կողմերի համաձայնությամբ փոփոխել նշված Համաձայնագրի դրույթները, իսկ համաձայնության չգալու դեպքում Ռումինիան միակողմանիորեն կարող է սահմանված կարգով այն դադարեցնել:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 ապրիլի 2007 թվականի
ՍԴՈ-696