Գլխավոր տեղեկություն
Համար
N 331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.11.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 1996 թ. N 331

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է 25.10.99 N 663 որոշում)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի մասին» N 470 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.
ՀՈՒՆԻՍԻ 4-Ի
N 331 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհուրդը (այսուհետև` պետական խորհուրդ) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին (այսուհետև` նախարար):

2. Պետական խորհուրդն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Պետական խորհրդի խնդիրներն ու գործառույթները

 

3. Պետական խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին այլ ակտերի ճշգրիտ կիրառման, Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկությունների ու կրոնական կազմակերպությունների փոխհարաբերությունների կարգավորման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների հաշվառումը.

դ) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման վերաբերյալ պետական կառավարման վերադաս մարմիններին անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կրոնական կազմակերպությունների միջև կապի իրականացումը.

զ) պետության անունից որպես միջնորդ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների միջև ծագած հարցերի և վեճերի լուծմանը մասնակցելը.

է) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և արտասահմանյան կրոնական կենտրոնների ու կազմակերպությունների միջև կապերի իրականացումը.

ը) կրոնական կազմակերպություններում իրենց կրոնավորների նոր նշանակումների կամ նոր ընտրությունների մասին տեղեկանալը.

թ) օտարերկրյա պետությունների կրոնական գործերի պետական մարմինների կամ կազմակերպությունների հետ համագործակցելը.

ժ) պետական մարմինների «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և այլ ակտեր չեղյալ համարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ի) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից կրոնական հարցերին և համայնքներին վերաբերող համապատասխան տեղեկություններ ու նյութեր ստանալը:

լ) օրենքով սահմանված կարգով կրոնական կազմակերպություններից նրանց գործունեության մասին տեղեկություններ ստանալը.

խ) իր կանոնադրական պարտականությունները կատարելու նպատակով համապատասխան հրատարակչական և գիտական գործունեությամբ զբաղվելը.

ծ) կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության և վաճառքի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

կ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կրոնական գործունեության օրինականությունն ապահովելու միջոցառումների մասին» հրամանագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:

 

III. Պետական խորհրդի աշխատանքի կազմակերպումը

 

4. Պետական խորհրդի ոլորտին վերաբերող հարցերը լուծվում են նրան վերապահված իրավասության սահմաններում: Պետական խորհուրդը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Պետական խորհուրդը, նախարարի համաձայնությամբ, իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

6. Պետական խորհուրդն ապահովում է ոլորտի պետական սեփականության պահպանությունը:

7. Պետական խորհուրդը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար:

Պետական խորհուրդը նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.

բ) համաձայնեցնելով նախարարի հետ` մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք, նախարարի համաձայնությամբ, ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր ոլորտի իրավասության հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով նախարարի հետ.

զ) նախարարի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան և կիսամյակային աշխատանքային ծրագրերը.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև բնագավառի հեռանկարային զարգացման, գործունության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը.

ը) իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքներն իրականացնում է նախարարի հետ նախապես համաձայնեցնելով.

թ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է նախարարին:

8. Պետական խորհուրդը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

9. Պետական խորհուրդը գլխավորում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հետ:

Պետական խորհրդի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ու պետական խորհրդի նախագահի հետ:

10. Պետական խորհրդի նախագահը`

ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է նախագահի տեղակալների, բաժնի պետի պատասխանատվության աստիճանը.

գ) նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում պետական խորհրդի աշխատողների թվաքանակը.

դ) առաջարկում է պետական խորհրդի խորհրդի անդամների թվաքանակը և, նախարարի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

ե) կազմակերպում և ղեկավարում է պետական խորհրդի խորհրդի նիստերը:

11. Պետական խորհրդի նախագահի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է նախագահի առաջին տեղակալը:

12. Պետական խորհրդում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են նախագահը, նախագահի տեղակալները` ի պաշտոնե, ղեկավար այլ աշխատողներ, ինչպես նաև գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

13. Խորհուրդն իր նիստերում պարբերաբար քննության է առնում ոլորտի հիմնական հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը:

Պետական խորհուրդը խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացնում է նախարարին:

Նախարարի պահանջով պետական խորհրդի նախագահը հրավիրում է խորհրդի արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում արտահերթ հարց:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախագահի հրամաններով: Նախագահի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով նախարարին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել նախարարին և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Պետական խորհուրդը կրոնին և կրոնագիտությանը վերաբերող հարցերի քննարկման համար կարող է ստեղծել գիտական խորհուրդ` բաղկացած հայրենական և օտարերկրյա գիտնականներից ու փորձագետներից: Գիտական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է նախարարը` պետական խորհրդի ներկայացմամբ:

15. Պետական խորհրդի պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. Պետական խորհուրդը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` պետական խորհրդի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար: