Գլխավոր տեղեկություն
Համար
N 20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.07.2000-16.08.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.02.2000
Ստորագրման ամսաթիվ
12.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2000 թվականի N 20

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, քննության առնելով քրեական դատավարության օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի խնդիրները, արձանագրում է, որ հանրապետության դատարանները, հիմնականում, ճիշտ են կիրառում 1999թ. հունվարից գործողության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Այդուհանդերձ, դժվարություններ են առաջանում դատարանների կողմից նոր օրենսդրության որոշ դրույթների միատեսակ ընկալման և կիրառման հարցում:

Դատավարական օրենսդրության առանձին նորմերի տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, դրանց կիրառման միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է

Դատարաններին պարզաբանել.

1. Նկատի ունենալով, որ ՀՀ քր. դատ. օր. 288 հոդվածը նախատեսում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգում վերաքննիչ դատարանի կողմից, ուստի վերը նշված հարցերը լուծելիս առաջին ատյանի դատարանները պետք է կազմեն առանձին վարույթ: Յուրաքանչյուր վարույթ, քննիչի կամ դատախազի միջնորդություն հարուցելու որոշումից զատ, պետք է պարունակի քրեական գործ հարուցելու մասին որոշման, կասկածյալի ձերբակալման արձանագրության, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կրկնօրինակները, ինչպես նաև ՀՀ քր. դատ. օր. 135 հոդվածի 3-րդ մասում թվարկված տեղեկություններին վերաբերող այն փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք կներկայացնեն կողմերը կամ անհրաժեշտ կհամարի դատարանը:

Վերաքննիչ դատարանը, ստուգելով առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ստացված վարույթին է կցում իր նյութերը (վերաքննիչ բողոքը, դատական նիստի արձանագրության որոշումը, կողմերի ներկայացրած փաստաթղթերը) և այն վերադարձնում է առաջին ատյանի դատարանին:

2. Քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը մի կողմից կապված է մարդու իրավունքների ազատությունների սահմանափակման, իսկ մյուս կողմից քրեադատավարական այնպիսի կարևոր խնդիրների հետ, ինչպիսին անձի, հասարակության և պետության պաշտպանությունն է հանցագործությունից (ՀՀ քր. դատ. օր. 2-րդ հոդված), ենթադրվում է, որ կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ չերկարացնելու մասին դատարանի որոշումները պետք է բողոքարկվեն անհապաղ կամ հնարավոր կարճ ժամկետներում: Այդուհանդերձ, որպեսզի բողոքարկումը չդառնա ինքնանպատակ ու անիմաստ, վերաքննիչ բողոքը քննում է միայն այն դեպքերում, երբ բողոքը բերվել է օրենքով վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված 15-օրյա ժամկետում (ՀՀ քր. դատ. օր. 379 հոդված):

3. Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը դեռ չքննված ավարտվում է գործով մինչդատական վարույթը, և գործը ուղարկվում է դատարան: Նման դեպքերում գործը ստացող դատարանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել վերաքննիչ դատարանին, իսկ վերջինս պետք է բողոքը թողնի առանց քննության, քանի որ մինչդատական վարույթի ավարտման հետ ավարտվում է նաև այդ վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և բացի այդ ՀՀ քր. դատ. օր. 300 հոդվածի համաձայն բուն գործը իր վարույթն ընդունած դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Վավերացված միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը»: 1991թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրին, որի 9-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «ձերբակալման կամ կալանքի տակ պահելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է»:

Ելնելով վերոհիշյալ դաշնագրի և ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջներից, ՀՀ քր. դատ. օր. 137 հոդվածի 5-րդ մասում ամրագրվել է, որ «կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»: Սակայն նույն օրենսգիրքը չի կարգավորել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու ընթացակարգը: Ուստի նման դեպքերում վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան, որի քրեական և զինվորական գործերի պալատը բողոքը պետք է քննի ՀՀ քր. դատ. օր. 288 հոդվածով սահմանված կանոններով:

5. Պետք է նկատել, որ օրենսդիրը ՀՀ քր. դատ. օր. 290 հոդվածում սահմանում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների դատարանին բողոքարկելու տարբերակված մոտեցում:

Մասնավորապես, ՀՀ քր. դատ. օր. 290 հոդվածի 1-ին մասի համաձայն հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` օրենքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Փաստորեն օրենսդիրը սահմանել է նշված որոշումների և գործողությունների բողոքարկման երկաստիճան կարգ` սկզբից պետք է անձը բողոքարկի դատախազին, հետո նոր` դատարան: Բողոքարկման են ենթակա միայն այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և շահերը: Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների բողոքարկման ենթակա գործողությունների և որոշումների տեսակները նախատեսված են օրենսգրքի այն հոդվածներում, որոնցում սահմանված են այդ մարմինների լիազորությունները:

Բողոքարկման երկաստիճան կարգ է սահմանված նաև ՀՀ քր. դատ. օր. 263 հոդվածով, ըստ որի մինչդատական վարույթում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը այդ հոդվածում նշված անձինք կարող են բողոքարկել նախ վերադաս դատախազին, ապա վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանին:

Օրենսդիրը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման հատուկ կարգ է սահմանել: Ըստ ՀՀ քր. դատ. օր. 185 հոդվածի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան: Այս դեպքում օրենքը ընտրությունը թողել է բողոքարկման իրավունք ունեցող անձին, և եթե վերջինս քրեական գործի հարուցումը մերժելը բողոքարկում է վերադաս դատախազին, այլևս չի կարող նույն հարցով դիմել դատարան:

Համաձայն ՀՀ քր. դատ. օր. 258 հոդվածի, տուժողը, նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները իրավունք ունեն բողոքարկելու գործի վարույթը կասեցնելու մասին քննիչի որոշումը: Այդ բողոքները, ըստ ՀՀ քր. դատ. օր. 290 հոդվածի կարող են անմիջապես տրվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարանին:

Նույն կարգով պետք է բողոքարկվեն նաև հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները ընդունելուց հրաժարվելու մասին որոշումները (ՀՀ քր. դատ. օր. 290 հոդվածի 2-րդ մաս):

Բոլոր դեպքերում հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի, իսկ ՀՀ քր. դատ. օր. 185 հոդվածով նախատեսված դեպքում` քրեական վերաքննիչ դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

6. Համաձայն ՀՀ քր. դատ. օր. 90 հոդվածի 2-րդ մասի «առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը»: Այստեղ օրենսդիրը նկատի ունի այն դատավորին, որի մասնակցությամբ տվյալ գործով կայացվել է դատավճիռ կամ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում և հետագայում այդպիսիք բեկանվել են:

Գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը բացառող հիմք չէ դատավորի հետագա մասնակցությանը քրեական գործի քննությանը:

7. ՀՀ քր. դատ. օր. 314 հոդվածում սահմանված է «Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար»:

Եթե դատական նիստը խանգարում է ամբաստանյալը, ապա դատարանի որոշմամբ նա կարող է հեռացվել նիստի դահլիճից: Նման դեպքերում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ:

Դատավարության մասնակից չհանդիսացող անձինք դատական նիստում սահմանված կարգը խախտելու դեպքում դահլիճից հեռացվում են նախագահողի կարգադրությամբ:

8. Քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանը ստուգում է այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հետևաբար, այդ գործերով, ի տարբերություն դատավճիռների դեմ բերված բողոքներով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի որոշումներով վերադարձված գործերի, որոնցով վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը որոշում է կայացնում դատական նիստ նշանակելու մասին, դրանում լուծելով ՀՀ քր. դատ. օր. 389 հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը, նախագահող դատավորի որոշումը (մակագրությունը) պետք է վերաբերի միայն գործը քննության նշանակելուն:

Գործի քննությունը պետք է կատարվի ՀՀ քր. դատ. օր. 418 հոդվածով սահմանված կարգով, բացառելով ապացույցների անմիջական հետազոտությունը: Ընդ որում գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը լուծելիս պետք է պարզել որոշման համապատասխանությունը ՀՀ քր. դատ. օր. 297, 311 հոդվածների պահանջներին:

9. ՀՀ քր. դատ. օր. 373 հոդվածի համաձայն «Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ և նախագահողը հրապարակում է դատավճիռը»: Ուստի դատավճռի հրապարակումը ամբողջովին, թե մասամբ յուրաքանչյուր անգամ որոշում է նախագահողը, և մասամբ հրապարակումը չի կարող դիտվել որպես քրեական դատավարության նորմի խախտում: Սակայն բոլոր դեպքերում դատավճռի ներածական և եզրափակիչ մասերի ամբողջովին հրապարակումը պարտադիր է:

(9-րդ կետը լրաց. 19.07.00 թիվ 28)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.07.2007, N 01 11.08.2007, N 20
08.12.2005, N 83 26.01.2006, N 20
08.12.2005, N 82 26.01.2006, N 20
16.08.2000, թիվ 32 16.08.2000, N 20
19.07.2000, թիվ 28 19.07.2000, N 20
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան