Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.477
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2004 թվականի N 353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՆՆԴՈՒՄ ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ (2004-2007 ԹԹ.) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` 2001 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության շրջանում յոդի սղության վիճակների կանխարգելման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագրով նախատեսված առաջնահերթ (2004-2007 թթ.) միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակչության սննդում օգտագործելու համար արտադրվող կամ ներմուծվող աղը պետք է լինի յոդացված, ընդ որում, յոդացված կերակրի աղի մեջ յոդի պարունակությունը պետք է լինի 40+15 միլիգրամ` մեկ կիլոգրամի համար.

բ) հանրային սննդի օբյեկտները կամ սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են Հայաստանի Հանրապետությունում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միայն յոդացված կերակրի աղ (բացառությամբ այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրության տեխնոլոգիայով).

գ) սննդում օգտագործելու համար նախատեսված յոդացված կերակրի աղի փաթեթի վրա պետք է լինի «Յոդացված կերակրի աղ» նշագրումը, որի ծավալը չպետք է պակաս լինի փաթեթի վրա առկա նշագրումների ընդհանուր ծավալի 10 տոկոսից։

(2-րդ կետը փոփ. 21.12.06 N 1863-Ն)

3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ մտնելու պահից արգելվում է սույն որոշման 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանող աղի ներմուծումը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910)»։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի։ Սույն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրը, իսկ սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 120-րդ օրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 353-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՆՆԴՈՒՄ ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

Ներածություն

 

Սույն ծրագիրը մշակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ ի կատարումն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, սնուցման հարցերին նվիրված միջազգային համաժողովում (1992 թ., Հռոմ) ընդունված հռչակագրի, «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության շրջանում յոդի սղության վիճակների կանխարգելման վերաբերյալ» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից 31.05.2001 թ. ստորագրված և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 13.03.2002 թ. վավերացված միջպետական համաձայնագրի:

Այսօր ամբողջ աշխարհում յոդի անբավարարությամբ պայմանավորված առողջության խանգարումները հանրային առողջության հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքով աշխարհում շուրջ 1,6 միլիարդ մարդ ենթակա է հիվանդանալու ռիսկի, 26 միլիոնի մոտ առկա է մտավոր զարգացման հապաղում, 6 միլիոնը տառապում է կրետինիզմով և այլն:

Յոդի անբավարարության տեսակետից էնդեմիկ տարածաշրջաններում նկատվում է ազգի մտավոր կարողության (պոտենցիալի) շուրջ 10-15 տոկոսի կորուստ:

Մարդու օրգանիզմում յոդի անբավարարության (սղության) հետևանքով ի հայտ են գալիս առողջության լուրջ խանգարումներ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում և դրա գերաճ (խպիպ՝ զոբ), ֆիզիկական աճի և մտավոր զարգացման հապաղում՝ ընդհուպ կրետինիզմի առաջացում, հղիության ընդհատումներ, անպտղություն, մեռելածնություն, բնածին արատներ, վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկում և այլն: Յոդի անբավարարությունը հանգեցնում է նաև հաշմանդամության (խուլ-համրություն, մտավոր թերզարգացում և այլն):

Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսակետից էնդեմիկ տարածաշրջանների թվին, այդ իսկ պատճառով` յոդի անբավարարության հետևանքով առաջացող խանգարումները հանրային առողջության լայն տարածված հիմնախնդիր են:

1995 թ. հանրապետությունում կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է վահանաձև գեղձի գերաճ (խպիպ)` հետազոտությամբ ընդգրկված հղի կանանց 50,4 տոկոսի և 6-12 տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ: Արձանագրվել է նաև կրետինիզմի 37 դեպք:

Կանանց և երեխաների առողջության ազգային հետազոտությամբ (1998 թ.) վերարտադրողական տարիքի (15-45 տ.) ընդգրկված 2,649 կանանցից շուրջ 30 տոկոսի մոտ հայտնաբերվել է I կամ II աստիճանի խպիպ (6 տոկոսը՝ նկատելիության փուլում), իսկ հետազոտված 0-59 ամսական 3,433 երեխաներից` յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումներ են դիտվել 31 տոկոսի մոտ:

Միջազգային կազմակերպությունների (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Նախաձեռնություն սննդային միկրոտարրերի անբավարարության ոլորտում, Սննդային միկրոտարրերի` անբավարարության հետևանքների դեմ պայքարի ծրագիր, Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների դեմ պայքարի միջազգային խորհուրդ և այլ) փորձագետների գնահատմամբ բնակչության շրջանում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների 30 տոկոս և ավելի տարածվածության դեպքում` դրանց դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ կարող են լինել միայն կանխարգելիչ համատարած միջոցառումներ իրականացնելու դեպքում:

Յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման միջազգային փորձը վկայում է, որ կանխարգելիչ միջոցառումներից առավել պարզ, մատչելի, էժան և արդյունավետ միջոց է հանդիսանում բնակչության սննդում բացառապես յոդացված կերակրի աղի օգտագործումը:

Հայաստանի Հանրապետությունում յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումների դեմ պայքարի և կանխարգելման ազգային մակարդակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝

- վերակառուցվել է Ավանի աղի կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աղի յոդացման տեղամասը, արդիականացվել են սարքավորումները, կահավորվել արտադրական լաբորատորիան, աղը յոդով անընդմեջ հարստացնելու նպատակով պարբերաբար ձեռք են բերվում անհրաժեշտ հավելումներ.
- մարդու օրգանիզմում յոդի անբավարարության հայտնաբերման նպատակով Երևան քաղաքում և Սյունիքի մարզում կազմակերպվել են ախտորոշիչ լաբորատորիաներ, կազմակերպվել են խնդրին առնչվող բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստումներ.
- յոդացված կերակրի աղում յոդի պարունակության շարունակական մոնիթորինգն ապահովելու նպատակով պարբերաբար ձեռք են բերվում անհրաժեշտ ռեակտիվներ.
- բնակչության շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելու համար պատրաստվել են համապատասխան նյութեր (տեսահոլովակներ, բուկլետներ, պաստառներ) և այլն:

Սակայն, կերակրի աղի պարտադիր յոդացման ու բնակչության սննդում բացառապես յոդացված աղի օգտագործումն ապահովելու վերաբերյալ անհրաժեշտ իրավական դաշտի բացակայության հետևանքով իրականացված կանխարգելիչ միջոցառումները ցանկալի արդյունքի չեն հանգեցրել: Առևտրի ցանցում յոդացված աղի հետ մեկտեղ շարունակվում է չյոդացված աղի վաճառքը հանրային սննդի և սննդարդյունաբերության կազմակերպություններում, որպես կանոն, կիրառվում է չյոդացված կերակրի աղ, որի հետևանքով բնակչության սննդում, բացի յոդացված կերակրի աղից շարունակվում է չյոդացված աղի օգտագործումը: Այդ իսկ պատճառով, հանրապետությունում յոդի անբավարարության հիմնախնդիրը շարունակում է մնալ հրատապ լուծման ենթակա և պետության միջամտությունը պահանջող հիմնախնդիր:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սնուցման բնագավառում որդեգրված քաղաքականությունը, որպես գերակայող նպատակ, ներառել է յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումների դեմ պայքարը և դրանց կանխարգելումը: Նշված քաղաքականության իրագործման շրջանակներում պատրաստվել է Հայաստանի Հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ազգային ծրագիրը:

Յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագրով նախատեսվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել 2003-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ 2003-2006 թվականներին իրականացվելու են առաջնահերթ միջոցառումներ` համաձայն ժամանակացույցի (կցվում է):

Ազգային ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝

 

Հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումների նվազեցումը և դրանց կանխարգելումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

 

- հանրապետության բնակչության սննդում յոդի անբավարարության հետևանքով առաջացած խանգարումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը և իրականացումը.

- բնակչության սննդում բացառապես յոդացված աղի օգտագործման ապահովումը.

- կերակրի աղի յոդացման առկա նորմատիվային դաշտի կատարելագործումը.

- յոդացված կերակրի աղի շարունակական մոնիթորինգի իրականացումը.

- յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների (վահանաձև գեղձի գերաճ և այլ) հայտնաբերում/ախտորոշումը և հիվանդների բուժումը.

- խնդրին առնչվող բժշկական անձնակազմի վերապատրաստումը և կրթական համակարգի աշխատողների ուսուցումը.

- առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը՝ յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների կանխարգելմանը նպատակաուղղված հիգիենիկ գիտելիքների տարածումը.

- յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ռազմավարություն 1. Հայաստանի Հանրապետությունում յոդի անբավարարության հետևանքների
կանխարգելման ոլորտին վերաբերող նորմատիվային դաշտի կատարելագործում

 

Միջոցառումները՝

կերակրի աղի յոդացմանը, փաթեթավորմանը, մակնշմանը, պահման ու իրացման պայմաններին ներկայացվող պահանջները սահմանող տեխնիկական կանոնակարգի մշակում, ըստ սահմանված կարգի գրանցում ու հրապարակում:

 

Ռազմավարություն 2. Բնակչության սննդում բացառապես յոդացված կերակրի աղի օգտագործման ապահովում

 

Միջոցառումները՝

ա) տեղական արտադրության կերակրի աղի անընդմեջ յոդացման ապահովում.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք Հայաստանի Հանրապետությունում գործող յոդացման նորմին չհամապատասխանող, չյոդացված կերակրի աղի ներմուծման արգելում.

գ) չյոդացված, ինչպես նաև յոդացման նորմին չհամապատասխանող կերակրի աղի վաճառքի արգելում մանրածախ առևտրի, հանրային սննդի և սննդարդյունաբերության կազմակերպություններում (արտադրության տեխնոլոգիան չխաթարելու դեպքում) յոդացված կերակրի աղի կիրառման ապահովում.

դ) բնակչության սննդում բացառապես յոդացված կերակրի աղ օգտագործելու անհրաժեշտության վերաբերյալ քարոզչության իրականացում:

 

Ռազմավարություն 3. Բնակչության շրջանում էնդեմիկ խպիպով և յոդի անբավարարությամբ պայմանավորված այլ խանգարումներով հիվանդների հայտնաբերում, ախտորոշում և բուժում

 

Միջոցառումները՝

ա) յոդի անբավարարությամբ պայմանավորված վահանաձև գեղձի գերաճի հայտնաբերում` պասիվ եղանակով. պոլիկլինիկա հաճախող հիվանդների զննում էնդոկրինոլոգի, թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից՝ վահանաձև գեղձի շոշափման և ընդհանուր բժշկական հետազոտություն անցկացնելու միջոցով.

բ) յոդի անբավարարությամբ պայմանավորված` վահանաձև գեղձի գերաճի հայտնաբերման նպատակով կանխարգելիչ զննումների կազմակերպում` ակտիվ եղանակով՝ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ծրագրի արդյունավետության գնահատման ժամանակ.

գ) հայտնաբերված հիվանդների մանրակրկիտ հետազոտում՝ ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման մեթոդների կիրառմամբ՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով.

դ) երեխաների, հղի կանանց և մեծահասակ բնակչության շրջանում յոդի անբավարարության գնահատում՝ Երևան քաղաքում և հանրապետության մարզերում կազմակերպված լաբորատորիաներում՝ մեզով յոդի արտազատման մակարդակի որոշման միջոցով (կենսաբանական մոնիթորինգ).

ե) յոդի անբավարարությամբ պայմանավորված` վահանաձև գեղձի գերաճի և այլ հիվանդություններով տառապող հիվանդների համապատասխան մասնագիտական բուժօգնության ցուցաբերում.

զ) կենսաբանական մոնիթորինգի արդյունքների ամփոփում և վերլուծություն:

 

Ռազմավարություն 4. Կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ շարունակական մոնիթորինգի իրականացում

 

Միջոցառումները՝

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության լաբորատոր բազայի արդիականացում՝ կերակրի աղում յոդի պարունակությունը որոշելու համար անհրաժեշտ սարքավորումներով և ռեակտիվներով ապահովում.

բ) յոդացված կերակրի աղում յոդի պարունակության միասնական մոնիթորինգի համակարգի ներդրում.

գ) Ավանի աղի կոմբինատում արտադրվող յոդացված կերակրի աղի նկատմամբ արտադրական լաբորատոր հսկողության ապահովում (ներքին մոնիթորինգ).

դ) Ավանի աղի կոմբինատի կողմից արտադրվող յոդացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ վերահսկողության սահմանում (արտաքին մոնիթորինգ).

ե) Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող յոդացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ վերահսկողության իրականացում.

զ) յոդացված կերակրի աղի մոնիթորինգի արդյունքների ամփոփում և վերլուծություն:

 

Ռազմավարություն 5.

Յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և դրանց կանխարգելման հարցերի վերաբերյալ մասնագետների ուսուցում/վերապատրաստում

 

Միջոցառումները՝

ա) յոդի անբավարարության հետևանքների հաղթահարման արդյունավետ ծրագրեր իրականացրած զարգացած երկրների փորձի ուսումնասիրություն` այն Հայաստանում ներդնելու նպատակով.

բ) բուժկանխարգելիչ հիմնարկների բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստում՝ սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների ախտորոշման, բուժման ու դրանց դեմ պայքարի և կանխարգելման հարցերի վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բժիշկների վերապատրաստում՝ յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման հարցերի վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարահիգիենիկ լաբորատորիաների քիմիկների և լաբորանտների ուսուցում՝ յոդացված կերակրի աղում յոդի պարունակության որոշման մեթոդների վերաբերյալ.

ե) հանրակրթական համակարգի մանկավարժական կադրերի ուսուցում՝ սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման հարցերի վերաբերյալ:

 

Ռազմավարություն 6. Յոդի լրացուցիչ աղբյուր հանդիսացող սննդամթերքի արտադրության նպաստում

 

Միջոցառումները՝

ա) գյուղատնտեսական կենդանիների շրջանում յոդի անբավարարության հիմնախնդրի առկայության ուսումնասիրություն.

բ) գյուղատնտեսական կենդանիների կերերը կամ դրանց ավելացվող աղը յոդով հարստացնելու հարցի քննարկում և անհրաժեշտության դեպքում գործնականում ներդրում:

 

Ռազմավարություն 7. Յոդի անբավարարության հետևանքների և դրանց կանխարգելման հարցերի վերաբերյալ հանրությանը իրազեկում

 

Միջոցառումները՝

ա) լրատվության զանգվածային միջոցներով (ռադիո, մամուլ, հեռուստատեսություն) սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների կանխարգելման հարցերի շուրջ լայնածավալ քարոզչության իրականացում.

բ) կերակրի աղում յոդի պարունակության մոնիթորինգի արդյունքների հրապարակում:

 

Ռազմավարություն 8. Հայաստանի Հանրապետությունում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ծրագրի իրագործման արդյունավետության գնահատում

 

Միջոցառումները՝

ա) բնակչության սննդում օգտագործելու համար նախատեսված յոդացված կերակրի աղում յոդի պարունակության մոնիթորինգի արդյունքների վերլուծություն և գնահատում.

բ) կենսաբանական մոնիթորինգի (մեզով յոդի արտազատման) արդյունքների վերլուծություն և գնահատում.

գ) յոդի անբավարարության հետևանքների տարածվածության ուսումնասիրություն ու գնահատում.

դ) յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության ուսումնասիրություն և գնահատում.

ե) տնային տնտեսություններում յոդացված կերակրի աղի օգտագործման ուսումնասիրություն և գնահատում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Նպատակը՝ փոփոխությունների գնահատում և միջոցառումների ճշգրտում:

Միջոցառումները՝ ազգային ծրագրի զարգացման և դրա արդյունքների գնահատում:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Նախատեսվում է ազգային ծրագրի իրագործման ֆինանսավորումն իրականացնել հետևյալ աղբյուրներից՝

ա) միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նպատակային ֆինանսավորում,

բ) հասարակական ոչ պետական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ծրագրի արդյունքների գնահատումը նախատեսվում է իրականացնել ըստ առաջնահերթ միջոցառումների իրագործման արդյունքների` 2007 և 2010 թվականներին:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է`

ա) նվազեցնել յոդի անբավարարությամբ պայմանավորված էնդեմիկ խպիպի և այլ խանգարումների մակարդակը և տարածվածությունը,

բ) կանխարգելել յոդի անբավարարության հետևանքները:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 353-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՆՆԴՈՒՄ ՅՈԴԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ (2004-2007 թթ.) ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN ը/կ

Միջոցառումները

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

I.

Կերակրի աղի յոդացման և վերահսկողության վերաբերյալ առկա նորմատիվային դաշտի կատարելագործում

   

1. Յոդացված կերակրի աղի փաթեթավորմանը, մակնշմանը, պահման ու իրացման պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջների մշակում, ըստ սահմանված կարգի հաստատում և գրանցում

ՀՀ առողջապահության նախարարություն

2004 թ.

2. Յոդացված կերակրի աղում յոդի պարունակության որոշման մեթոդական հրահանգի մշակում և հաստատում

ՀՀ առողջապահության նախարարություն

2004 թ.

II.

Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից բացառապես յոդացված աղի օգտագործման ապահովում

   

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կերակրի աղի անընդմեջ յոդացման ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004-2006 թթ.

2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք չյոդացված աղի ներկրման արգելում

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

աղ ներկրելու դեպքում

3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք յոդացված աղի ներկրման թույլտվություն` միայն Հայաստանի Հանրապետությունում գործող աղի յոդացման նորմերի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից տրված դրական հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

յոդացված աղ ներկրելու դեպքում

4. Առևտրի ցանցում բացառապես յոդացված կերակրի աղի վաճառքի ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մշտապես

5. Հանրային սննդի և սննդարդյունաբերության կազմակերպություններում (արտադրության տեխնոլոգիան չխաթարելու դեպքում) բացառապես յոդացված կերակրի աղի օգտագործման ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մշտապես

III.

 

 

 

 

 

 

էնդեմիկ խպիպով և յոդի անբավարարությամբ պայմանավորված այլ խանգարումների հայտնաբերում, ախտորոշում և բուժում

   

1. Յոդի անբավարարությամբ պայմանավորված` վահանաձև գեղձի գերաճի հայտնաբերում` պասիվ եղանակով` պոլիկլինիկա հաճախող հիվանդների զննում էնդոկրինոլոգի, թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից՝ վահանաձև գեղձի շոշափման և անհրաժեշտության դեպքում՝ ընդհանուր բժշկական հետազոտության անցկացման միջոցով

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2006 թթ.

2. Յոդի անբավարարությամբ պայմանավորված` վահանաձև գեղձի գերաճի (էնդեմիկ խպիպի) և այլ խանգարումների հայտնաբերում` ակտիվ եղանակով (անհրաժեշտության դեպքում և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների զննում մանկաբույժի և էնդոկրինոլոգի կողմից, մեզով յոդի արտազատման մակարդակի որոշում)

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2006 թթ.

3. Հայտնաբերված հիվանդների մանրակրկիտ հետազոտում` ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման մեթոդների կիրառմամբ՝ ախտորոշումը ճշտելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2006 թթ.

4. Երեխաների, հղի կանանց և մեծահասակ բնակչության շրջանում յոդի անբավարարության գնահատում՝ Երևան քաղաքում և նպատակային շրջաններում կազմակերպված լաբորատորիաներում մեզով յոդի արտազատման մակարդակի որոշում (կենսաբանական մոնիթորինգ)

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2006 թթ.

5. Կենսաբանական մոնիթորինգի (մեզով յոդի արտազատման) արդյունքների ամփոփում և վերլուծություն

ՀՀ առողջապահության նախարարություն 2006 թ.

6. Յոդի անբավարարությամբ պայմանավորված` վահանաձև գեղձի գերաճի և այլ հիվանդություններով տառապող հիվանդների համապատասխան մասնագիտական բուժում

ՀՀ առողջապահության նախարարություն հիվանդների հայտնաբերման դեպքում

IV.

Յոդացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ շարունակական մոնիթորինգ, վերահսկում

   

1. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության փորձագիտական կենտրոնների լաբորատոր բազայի արդիականացում, կերակրի աղում յոդի պարունակությունը որոշելու համար անհրաժեշտ սարքավորումներով և ռեակտիվներով ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2004-2006 թթ.

2. Յոդացված կերակրի աղում յոդի պարունակության միասնական մոնիթորինգի համակարգի ներդնում

ՀՀ առողջապահության նախարարություն

2004 թ.

3. Ավանի աղի կոմբինատում արտադրվող յոդացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ ներարտադրական հսկողության իրականացում (ներքին մոնիթորինգ)

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ

4. Ավանի աղի կոմբինատի կողմից արտադրվող` յոդով հարստացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ ընտրանքային վերահսկողության սահմանում (արտաքին մոնիթորինգ)

ՀՀ առողջապահության նախարարություն

պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կարգով

5. Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ հսկողության սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կարգով

6. Առևտրի մեծածախ և մանրածախ կազմակերպություններում վաճառվող, հանրային սննդի կազմակերպություններում (մանկական նախադպրոցական հաստատություններ, դպրոցներ, առողջարաններ, բուժկանխարգելիչ հիմնարկներ, հանրային սննդի բաց ցանց և այլն), ինչպես նաև սննդարդյունաբերության կազմակերպություններում օգտագործվող կերակրի աղում յոդի պարունակության որոշում` թեստային և տիտրման եղանակներով, ընտրանքային կարգով

ՀՀ առողջապահության նախարարություն

պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կարգով

7. Տնային տնտեսություններում օգտագործվող կերակրի աղում յոդի պարունակության ընտրանքային հսկողություն` թեստային եղանակով, ընտրանքային կարգով

ՀՀ առողջապահության նախարարություն

ծրագրի արդյունավետության գնահատման ժամանակ

8. Յոդացված կերակրի աղի մոնիթորինգի արդյունքների ամփոփում և վերլուծություն

ՀՀ առողջապահության նախարարություն

յուրաքանչյուր եռամսյակ

V.

 

 

 

 

 

Յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման հարցերի ուղղությամբ մասնագետների ուսուցում (վերապատրաստման ոլորտ)

   

1. Յոդի անբավարարության հետևանքների հաղթահարման արդյունավետ ծրագրեր իրականացրած զարգացած երկրների փորձի ուսումնասիրություն` այն Հայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով

ՀՀ առողջապահության նախարարություն՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ  

2. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետների՝ սննդի հիգիենայի, մանուկների և դեռահասների հիգիենայի, ընդհանուր հիգիենայի բժիշկ-հիգիենիստների և ոչ վարակիչ հիվանդությունների գծով համաճարակաբանների ուսուցում՝ յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման և մոնիթորինգի իրականացման հարցերի ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2005 թթ.

3. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարահիգիենիկ լաբորատորիաների քիմիկոսների և լաբորանտների ուսուցում՝ յոդացված կերակրի աղում յոդի պարունակության որոշման մեթոդների ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն 2004 թ.

4. Առողջապահության նախարարության համակարգի բուժկանխարգելիչ հիմնարկների բժիշկների (էնդոկրինոլոգների, մանկաբույժների, գինեկոլոգների, թերապևտների, ընտանեկան բժիշկների) և միջին բուժանձնակազմի ուսուցում/վերապատրաստում` սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերի ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն 2004-2005 թթ.
5. ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի (նախադպրոցական և դպրոցական կազմակերպություններ, բժշկական բնույթի միջնակարգ մասնագիտական հաստատություններ) մանկավարժական կադրերի ուսուցում՝ սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման հարցերի ուղղությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2006 թթ.

VI.

 

Յոդի լրացուցիչ աղբյուր հանդիսացող մթերքի արտադրություն

   

1. Գյուղատնտեսական կենդանիների շրջանում յոդի անբավարարության հիմնախնդրի առկայության ուսումնասիրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 2004 թ.

2. Գյուղատնտեսական կենդանիների կերերը և (կամ) դրանց ավելացվող աղը յոդով հարստացնելու անհրաժեշտության ուսումնասիրություն, քննարկում և անհրաժեշտության դեպքում` գործնականում ներդրում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2004-2006 թթ.

VII.

Յոդի անբավարարության հետևանքների և դրանց կանխարգելման հարցերի վերաբերյալ քարոզչություն և հիգիենիկ գիտելիքների տարածում

   

1. Լրատվության զանգվածային միջոցներով (ռադիո, մամուլ, հեռուստատեսություն)` սննդում յոդի անբավարարությամբ պայմանավորված խանգարումների կանխարգելման հարցերի շուրջ լայնածավալ քարոզչության իրականացում և հիգիենիկ գիտելիքների տարածում

ՀՀ առողջապահության նախարարություն, զանգվածային լրատվության միջոցներ

2003-2006 թթ.

2. Կերակրի աղում յոդի պարունակության վերահսկողության արդյունքների հրապարակում

   

VIII.

 Հայաստանի Հանրապետությունում յոդի անբավարարության հետևանքների դեմ պայքարի և կանխարգելման ծրագրի արդյունավետության գնահատում

   

1. Յոդացված կերակրի աղում յոդի պարունակության նկատմամբ վերահսկողության (մոնիթորինգի արդյունքների վերլուծություն և գնահատում)

ՀՀ առողջապահության նախարարություն՝
միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ

2007 թ.

2. Մեզով յոդի արտազատման (կենսաբանական մոնիթորինգի արդյունքների վերլուծություն և գնահատում)

   

3. Էնդեմիկ խպիպի և յոդի անբավարարությամբ պայմանավորված այլ խանգարումների տարածվածության ուսումնասիրություն և գնահատում

   

4. Յոդի անբավարարության հետևանքների և դրանց կանխարգելման հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության ուսումնասիրություն և գնահատում

   

5. Բնակչության սննդում յոդացված կերակրի աղի օգտագործման ուսումնասիրության արդյունքների վերլուծություն և գնահատում

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան