Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2007 թվականի N 337-Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը 110 մլն իեն գումարի չափով տրամադրված ապրանքների տնօրինումը կանոնակարգելու նպատակով  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2006 թվականի մարտի 9-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին 2007 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրված 362 տոննա պարարտանյութը, 11 միավոր տրակտորը և 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնն իրացնել աճուրդային կարգով:

2. Սահմանել ապրանքների վաճառքի նվազագույն գինը` ելնելով գործարանային (ՖՕԲ) արժեքից` 2006 թվականի մարտի 9-ին փոխանակված հայտագրի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` պարարտանյութի մեկ տոննայի համար` 130 հազ. դրամ, տրակտորի մեկ միավորի համար` 2,5 մլն դրամ, կոմբայնի մեկ միավորի համար` 10,5 մլն դրամ:

3. Սահմանել, որ`

1) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

3) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի և պարարտանյութի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին և օգտագործվում են Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

4) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագիրը` «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, կարգաբերումը, ապակոնսերվացումը, հավաքումը և պահպանումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել պարարտանյութի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը և պահպանումն իրականացնող պահառու:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

1) ապրանքների ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների աճուրդով իրացման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքները եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 24
Երևան