Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2007-03.05.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.475
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 314-Ն

ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակելի տների գազիֆիկացման, ինչպես նաև գազամատակարարման վերականգնման (վերակառուցման) ժամանակ, ներտնային գազասպառման համակարգում, բնակարանի ներանցնող մասում տեղադրել վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, եթե գազօգտագործող սարքավորումներն ապահովված չեն գազի հոսքի ավտոմատ անջատիչ սարքով: Բնակչի ցանկությամբ բնակարանում կարող է տեղադրվել ավելի բարձր անվտանգության մակարդակ ապահովող ազդանշանային սարք:

Այդ նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «ավտոմատ սարքավորում» բառերից հետո, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի «ա» ենթակետը «ինքնաշխատ սարքավորում» բառերից հետո լրացնել «, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով» բառերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման հավելվածի 4-րդ բաժնի 91-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Գազատարի` բնակարանի ներանցնող մասում տեղադրվում է վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, եթե բնակարանում տեղադրված գազօգտագործող սարքավորումներն ապահովված չեն գազի հոսքի ավտոմատ անջատիչ սարքով:»:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` գազիֆիկացված բնակարաններում նշված ազդանշանային սարքերը մինչև 2009 թվականի հունվարի 1-ը տեղադրելու համար կազմել և հաստատել ժամանակացույց` առաջնահերթությունը տալով բազմաբնակարան շենքերի գազասպառողներին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրականացնելուց հետո անդրադառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի 1-ին մասի 7-րդ բաժնի 7.2-րդ կետը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու խնդրին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` քննարկել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գազասպառող անապահով ընտանիքների բնակարաններում նշված ազդանշանային սարքերի տեղադրման ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 23
Երևան