«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
7 մարտի 2007 թվականի N 271-Ա
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացը։
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» ու «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել և միացնել «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մինչև 2007 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով փոխանցման ակտերի հաստատումը, անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը, ինչպես նաև վերակազմակերպված «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ներկայացված նախահաշիվների հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում վերաբաշխումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|