Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2007-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.449
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 297-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2007/2008 ուսումնական տարվա` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 297-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ

I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով.

2) օրենքով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

3. Առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է այդ ուսանողների ամբողջ ուսումնառության ընթացքում:

5. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով` սահմանված կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

6. Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստ տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ մրցութային հիմունքներով:

7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

5) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին,

6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,

7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ,

9) միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

8. Ուսանողական նպաստներ տալու գործառույթներն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:

9. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ ստանալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

10. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

11. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած` ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

12. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել։

13. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով ուսանողներին տրվում է գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին): Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

15. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներքին կանոնների պահպանումն է:

16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:

17. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

18. Ուսանողի` պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` համաձայն սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:

19. Պետական կրթաթոշակների չօգտագործված մասը հատկացվում է սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարող ուսանողներին` մրցութային կարգով:

20. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած` կրթաթոշակ ստանալու իրավունքը:

21. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:

22. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ներքոլեջային կրթաթոշակներ։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան