Գլխավոր տեղեկություն
Համար
N 1664-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.07.2005-17.11.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.13/48(223) Հոդ.1135
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1664-Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե», և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.

զ) ուսանողների և ինստիտուտի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

6. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տնօրինության շենքերը, շինությունները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան.

բ) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1664-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, կինեզիոլոգիայի, մարզական լրագրության ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:

4. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «ՖԿՀՊԻ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` “Армянский государственный институт физической культуры” государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` “АГИФК” ГНО,

անգլերեն լրիվ` Armenian State Institute of Physical Culture State Non Profit Organizatiօn,

անգլերեն կրճատ` ASIPC SNPO:

5. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375070, Ա. Մանուկյան 11:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ինստիտուտի հիմնական խնդիրներն են`

ա) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը.

բ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մասնագետների որակավորման բարձրացումն ու վերաորակավորումը.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

դ) ֆիզիկական կուլտուրային և սպորտին վերաբերող գիտությունների զարգացումն ու տարածումը.

ե) կրթության ու գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը:

7. Ինստիտուտն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու հուշամեդալներով.

գ) համագործակցելու հանրապետության և օտարերկրյա ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների հետ.

դ) կազմակերպելու ասպիրանտների, հայցորդների ընդունելությունը.

ե) օրենքով սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը.

զ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

8. Ինստիտուտն իրավասու է իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում.

զ) ուսանողների և ինստիտուտի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

է) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

10. Ինստիտուտի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ինստիտուտի ռեկտորը, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինները` ինստիտուտի խորհուրդը, գիտական խորհուրդը:

11. Լիազորված պետական մարմինը`

ա) ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.

բ) իրականացնում է ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականությունը հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս դրա օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է) հաստատում է ինստիտուտի պահպանման ծախսերի նախահաշիվը:

12. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը կոլեկտիվի մասնակցության սկզբունքների հիման վրա:

13. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինն ինստիտուտի խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ)` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում դրա անդամների մասնակի շրջափոխությամբ:

14. Խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) քննարկում և պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, ինստիտուտի զարգացման գլխավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ.

գ) քննարկում և ընդունում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի վերաբերյալ առաջարկությունները.

դ) քննարկում և հաստատում է ռեկտորի հաշվետվությունն ինստիտուտի տարեկան ֆինանսական գործունեության մասին.

ե) սահմանում է ռեկտորի ընտրությունների ընթացակարգը և կազմակերպում ինստիտուտի ռեկտորի ընտրությունը.

զ) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքացիական, կրթական գիտական ու մշակութային կյանքին և կարևորագույն իրադարձություններին վերաբերող հարցերը.

է) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող հարցերը.

ը) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.

թ) ընտրում է խորհրդի նախագահին և քարտուղարին:

15. Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել կոլեկտիվի թվի 15 տոկոսը: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գիտահետազոտական կենտրոնի ու գրադարանի տնօրենները, արհմիութենական կազմակերպության և ուսանողական խորհրդի նախագահները, ինստիտուտի գիտական խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև ռեկտորի առաջարկությամբ, ինստիտուտի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսը պետք է լինեն ուսանողներ, որոնց ընտրում է սովորողների ինքնակառավարման մարմնի ընդհանուր ժողովը: Ընտրվող աշխատողների թվի առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն դասախոսները, 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ, արտահերթ նիստերը հրավիրվում են ռեկտորի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

16. Ինստիտուտի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական գործունեությունը համակարգող կոլեգիալ կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

17. Գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) դիմորդների ընդունելության կանոնների, շրջանավարտների որակավորման պայմանների, վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.

գ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կարգապահական կանոնները, գիտական աշխատողների կողմից մրցութային պաշտոնների զբաղեցման կարգը.

դ) քննարկում և պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերի վերաբերյալ.

ե) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների.

զ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

է) ընդունում է ինստիտուտի պատվավոր դոկտորի, պատվավոր ամբիոնի վարիչի, վաստակավոր պրոֆեսորի, վաստակավոր դասախոսի, վաստակավոր գիտաշխատողի, վաստակավոր աշխատողի կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

ը) սահմանում է ֆակուլտետների դեկանների ընտրության ընթացակարգը և ժամկետները.

թ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

18. ԻՆստիտուտի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը: Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գիտահետազոտական կենտրոնի ու գրադարանի տնօրենները, ինչպես նաև, ռեկտորի նշանակմամբ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

Գիտական խորհրդի նախագահը և քարտուղարն ընտրվում են գիտական խորհրդի նիստում` հինգ տարի ժամկետով:

Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամաններով:

19. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր լիազորությունների սահմաններում քննարկում է ինստիտուտի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:

Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

20. ԻՆստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է ռեկտորը: Ռեկտորն առանց լիազորագրի գործում է ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր, այդ թվում` նաև աշխատանքային, սահմանված կարգով խրախուսում է ինստիտուտի աշխատողներին կամ նշանակում կարգապահական տույժեր, արձակում է հրամաններ և կարգադրություններ:

Ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորը: Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի հատուկ նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայներ: Ռեկտորն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

21. Ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, տնօրինում ինստիտուտի գույքը և ֆինանսական միջոցները, բանկերում բացում հաշվարկային հաշիվներ.

բ) կազմակերպում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում խորհուրդ.

ե) ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) հաստատում է ինստիտուտի կառուցվածքը.

է) սահմանում է ինստիտուտի աշխատողների հաստիքացուցակը, լիազորությունները, պաշտոնական պարտականությունները, կնքում է աշխատանքային պայմանագրեր` դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների հետ.

ը) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

թ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունները.

ժ) պրոռեկտորների միջև կատարում է աշխատանքի բաշխում, իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա:

22. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

23. Ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին պատճառված վնասի համար:

24. Ինստիտուտի պրոռեկտորներն իրականացնում են ինստիտուտի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարումը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

25. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներն են համարվում գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գրադարանը և այլ ստորաբաժանումներ:

26. Ֆակուլտետը, իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներին համապատասխան, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը: Ֆակուլտետի խորհրդի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

27. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ, լաբորատորիաներ, բաժիններ և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքների, միջազգային կապերին և այլ գործունեությանը վերաբերող հարցերը.

գ) ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

դ) ինստիտուտի գիտական խորհուրդ է ներկայացնում ֆակուլտետի աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկություն.

ե) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին:

Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

28. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը:

Դեկանն ընտրվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգին համապատասխան` ֆակուլտետի խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելին հավաքած թեկնածուն: Խորհրդի նիստն իրավազոր է նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Ռեկտորը, ընտրությունների արդյունքների հիման վրա, իր հրամանով ֆակուլտետի դեկանին նշանակում է պաշտոնում:

29. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ:

30. Ֆակուլտետի ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք ստեղծվում և գործում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատված ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, և ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա ու դրսեկության ձևերով: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

32. Ինստիտուտում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական պրակտիկա:

33. Ինստիտուտում կարող է իրականացվել բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ:

34. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագիտության գծով գիտական աստիճաններ կարող է շնորհել ինստիտուտի մասնագիտական խորհուրդը, որն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

35. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում ու համակարգվում են ինստիտուտի մեթոդական խորհրդի կողմից:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

36. Ինստիտուտի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները, ինչպես նաև ուսանողները:

Ինստիտուտի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով:

37. Ինստիտուտի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

38. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

39. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, հայցորդների, դոկտորանտների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

40. Ինստիտուտի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից բխող հանձնարարականները, ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

բ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

դ) ապահովել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը,

ե) հոգ տանել ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

41. Ինստիտուտի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

42. Ինստիտուտի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության և կրթական ծրագրերի ազատ որոշման,

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության,

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

43. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ, որոնց կանոնադրությունները հաստատում է ինստիտուտի գիտական խորհուրդը: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

44. Ինստիտուտի ուսանողներ են համարվում դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

45. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի` նախարարության կողմից սահմանված կարգով:

46. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ,

բ) հաճախելու դասախոսություններին,

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին,

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններ,

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական, առողջարարական, մշակութային-լուսավորչական ծառայություններից,

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան,

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) ընդգրկվելու ինստիտուտի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների կազմում,

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ երկուսից ոչ պակաս արձակուրդ:

47. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

48. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

49. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները,

բ) տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին,

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրությունը և ներքին կանոնները,

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին,

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը,

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

50. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ինստիտուտից:

51. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, կարող են ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

52. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան մասնագիտական որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), որտեղ նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

53. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

54. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

55. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

56. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար` առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել հինգ տարվանից ավելի ժամկետով:

57. Ինստիտուտում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

58. Ինստիտուտի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից` նրա տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

59. Ինստիտուտն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

Ինստիտուտի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գույքը վարձակալության հանձնվելու դեպքում` ստացված գումարներն օգտագործվում են ինստիտուտի կանոնադրական խնդիրների իրականացման համար: Ինստիտուտին ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված եկամուտները և դրա հաշվին ձեռք բերված գույքն օգտագործվում են ինստիտուտի կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

60. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

61. Ինստիտուտը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

62. Ինստիտուտի լուծարման դեպքում ինստիտուտի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան