Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-687
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՆԽԱՎՃԱՐ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

16 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագրում (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագիրը (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ստորագրվել է 2007 թ. մարտի 9-ին` Երևանում:

Նամակ-համաձայնագրի նպատակը ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով որոշակի ծախսերի ֆինանսավորումն է, որոնք կբարելավեն Համաշխարհային բանկի «Սկզբնական ոռոգման համակարգի զարգացում» ծրագրի ազդեցությունը ջրի խնայողության, էներգիայի ծախսի նվազեցման առումներով և դրանով կնպաստեն այդ ծրագրի` ոռոգվող գյուղատնտեսության եկամտաբերությունն ու կայունությունն ապահովելու նպատակների ձեռքբերմանը, որի իրականացման համար ստացողը` Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկից խնդրել է ֆինանսական օժանդակություն` ըստ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև իրավական համաձայնության (Ֆինանսավորման համաձայնագիր):

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 1.000.000 ԱՄՆ դոլար: Այդ Կանխավճարի հաշվին կարող են ֆինանսավորվել միայն Նամակ-համաձայնագրում նախատեսված աշխատանքները, խորհրդատուների ծառայություններն ու ուսուցումը, ինչպես նաև ստորև նշված Գործողությունների իրականացումը:

Ըստ Նամակ-համաձայնագրի` կանխավճարը տրամադրվում է հետևյալ գործողությունների (այսուհետ` Գործողություններ) դիմաց`

- աջակցել Ջուր օգտագործողների ընկերակցությունների (այսուհետ` ՋՕԸ-ներ) աշխատակազմի այն հատվածի վերաուսուցմանը, որն առանցքային է ՋՕԸ-ների արդյունավետությունն ու լավ կառավարումն ապահովելու գործում,

- նախապատրաստել Լրացուցիչ ֆինանսավորման մեջ ընդգրկվելիք երրորդային ջրատարների վերականգնմանն առնչվող նախագծային աշխատանքները կամ վերանայել կամ փոփոխել արդեն գոյություն ունեցող նախագծերը,

- իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնված 51 ՋՕԸ-ների 2006 թ. աուդիտը,

- իրականացնել առավել հրատապ շրջաններում երրորդային ջրատարների վերականգնման սահմանափակ աշխատանքներ:

Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում  է.

- Գործողություններն իրականացնել պատշաճ ջանադրությամբ և արդյունավետությամբ,

- ժամանակին ապահովել այդ նպատակի համար պահանջվող դրամական միջոցները, սարքավորումները, ծառայություններն ու անհրաժեշտ այլ միջոցները,

- Համաշխարհային բանկի ողջամիտ պահանջի դեպքում տրամադրել Գործողությունների և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը,

- որոշակի պարբերականությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել Գործողությունների իրականացման ընթացքն ու արդյունքները,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Համաշխարհային բանկին հնարավորություն տալով կանխավճարի հետ կապված նպատակներով այցելել Հայաստանի Հանրապետության տարածք,

- ապահովել ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների համաձայն,

- նորացնել Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ և դրամաշնորհային միջոցների հաշվին գնվելիք ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների Գնումների պլանը` Համաշխարհային բանկի համար ընդունելի ուղեցույցների համաձայն, և նորացված պլանը Համաշխարհային բանկին տրամադրել ոչ ուշ, քան նախորդ Գնումների պլանի ամսաթվից 12 ամիս հետո,

- կանխավճարի մասնահանված և չմարված գումարների համար կիրառել սպասարկման վճար` տարեկան 3/4 տոկոսի չափով,

- մասնահանված կանխավճարի գումարը և սպասարկման վճարը մարել Համաշխարհային բանկին` Նամակ-համաձայնագրով սահմանված պայմաններով և ժամկետներում,

- Համաշխարհային բանկին բոլոր վճարումները կատարել ԱՄՆ դոլարով այն տեղերում և ավանդային հաստատություններում, որոնք կնշվեն Համաշխարհային բանկի կողմից:

Նամակ-համաձայնագրում նախատեսված են նաև Հայաստանի Հանրապետության կողմից Դրամաշնորհային հաշվից մասնահանումներ կատարելու, հաշիվներ վարելու և աուդիտներ իրականացնելու կարգը և պայմանները, ինչպես նաև Դրամաշնորհային հաշվից մասնահանումներ կատարելու Հայաստանի Հանրապետության իրավունքը Համաշխարհային բանկի կողմից կասեցնելու և դադարեցնելու կարգն ու պայմանները:

Նամակ-համաձայնագիրն ունի երկու հավելված` Հավելված I (Գնումներ), Հավելված II (Հատուկ հաշիվ), որոնք դրա բաղկացուցիչ մասն են կազմում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև նամակ-համաձայնագրում (Կանխավճար ոռոգման համակարգի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման պատրաստման նպատակով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-687