ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 12-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի փետրվարի 9-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան, կից արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 2006 թ. հունիսի 12-ին` Երևանում և նպատակ ունի զարգացնել և ամրապնդել տնտեսական, գիտական և տեխնիկական հարաբերությունները երկու երկրների միջև, մասնավորապես՝ վերջիններիս ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու միջոցով:
2. Կոնվենցիան նախատեսում է, որ մի Պայմանավորվող կողմը պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ Պայմանավորվող կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին, և` ընդհակառակը:
Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ձեռք է բերում նաև մի շարք այլ պարտավորություններ, մասնավորապես.
- ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմինները Շվեյցարական կողմի իրավասու մարմիններին ծանուցեն ՀՀ համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած նշանակալի փոփոխության մասին,
- չհարկել Շվեյցարիայի Համադաշնության ռեզիդենտ հանդիսացող կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը Շվեյցարիայի Համադաշնության ռեզիդենտ հանդիսացած և Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ վերապատրաստման նպատակով գտնվող ուսանողին, սկսնակին Հայաստանի Հանրապետությունում իր ապրելու, ուսանելու կամ վերապատրաստվելու համար ստացած վճարումների մասով, պայմանով, որ այդպիսի վճարումներն առաջացել են Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,
- կրկնակի հարկումը բացառելու նպատակով ՀՀ ռեզիդենտի կողմից Շվեյցարիայի Համադաշնությունում հարկվող եկամուտ ստանալիս` թույլատրել այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Շվեյցարիայի Համադաշնությունում վճարված եկամտի հարկի գումարի չափով, ինչպես նաև այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Շվեյցարիայի Համադաշնությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով,
- Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն է ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ «ազգային անձինք» (Պայմանավորվող պետության քաղաքացին կամ այդ պետության օրենսդրության հիման վրա իրավաբանական անձի կարգավիճակ ստացած ցանկացած միավորում),
- ՀՀ ձեռնարկություններին, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ՀՀ այլ համանման ձեռնարկությունները։
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները փոխադարձության պայմաններում կփոխանակեն Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմինների հետ կոնվենցիայի դրույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները:
Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած Կողմերը կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ։
3. Կոնվենցիայի անբաժանելի մասն է հանդիսանում արձանագրությունը, որն ստորագրվել է կոնվենցիան ստորագրելու օրը` կոնվենցիայի 7 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 18 և 19 հոդվածների դրույթների կիրառումը հստակեցնելու նպատակով:
4. Կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համանման միջազգային պայմանագրեր Հայաստանի Հանրապետությունը կնքել է շուրջ 26 այլ պետությունների հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 12-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|