Գլխավոր տեղեկություն
Համար
N 370-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.518
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 370-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 1783-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն N 7 հավելվածի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 մարտի 1-ի N 370-Ն որոշման

«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2003 թվականի
 դեկտեմբերի 24-ի N 1783-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական քարտից հրաժարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) (համաձայն N 1 ձևի) տրամադրման կարգը:

2. Տեղեկանքի տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:

3. Տեղեկանք ստանալու համար քաղաքացին անձամբ կամ փոստային ծառայության միջոցով դիմում է ներկայացնում (համաձայն N 2 ձևի) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դիմումին կցելով`

1) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար` ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի պատճենները,

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար` անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը և դրանց` նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,

4) փախստականի կարգավիճակ ունեցողների համար` փախստականի վկայականի պատճենը։

4. Դիմումն ստորագրում է անձամբ քաղաքացին:

5. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար ներկայացված դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն)։ Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն։

6. Դիմումները եռօրյա ժամկետում ուղարկվում են կազմակերպություն:

7. Կազմակերպությունում ներկայացված տվյալները 5-օրյա ժամկետում համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների հիման վրա ձևավորված` տեղեկատվական բազայի ու սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում կուտակված տվյալների հետ, և քաղաքացուն հատկացվում է տեղեկանքը կամ մերժվում է քաղաքացուն տեղեկանք հատկացնելը:

8. Քաղաքացուն տեղեկանք հատկացնելը մերժվում է, եթե`

1) քաղաքացուն հատկացվել է սոցիալական քարտ և քաղաքացին չի դիմել դրանից հրաժարվելու համար.

2) դիմումը թերի է լրացված.

3) դիմումին կցված չէ դիմումատուի` սույն կարգի 2-րդ կետով նշված փաստաթղթի պատճենը.

4) դիմումում նշված գործառնության համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կիրառելի չէ տեղեկանքը:

9. Քաղաքացուն տեղեկանքի տրամադրումը մերժելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան` նշելով մերժման պատճառը:

10. Տեղեկանքը կնքվում է կազմակերպության կլոր կնիքով:

11. Տեղեկանքը կամ մերժման մասին պատասխանը քաղաքացուն ուղարկվում է փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

____  ____________ 200 թ.

N ____________

Տրվում է քաղաքացի _____________________________________-ին

 

(քաղաքացու անունը, ազգանունը)

________________________________________ առ այն, որ նա չունի

(ծննդյան օրը, ամիսը, տարին, ԱՀՓ-ի սերիան ու համարը)

սոցիալական քարտ:

Տեղեկանքը տրվում է _______________________________________

 

(նշվում է գործառնության անվանումը` ըստ դիմումի)

«Նորք» ՏՎԿ-ի տնօրեն ______________________________________

 

(ստորագրություն, ազգանուն)

Կ.Տ.

_____________________________________________________

Կիրառելի է միայն բնօրինակը:

 

Ձև N 2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

____________________________________

(դիմողի անունը, ազգանունը)

բնակվող ______________________________

(դիմողի բնակության վայրը և հեռախոսահամարը)

____________________________________

Դ ի մ ու մ

Խնդրում եմ ինձ հատկացնել տեղեկանք` սոցիալական քարտ չունենալու մասին:
Տեղեկանքն անհրաժեշտ է`

ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվելու համար,
ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,
երեխայի խնամքի նպաստ ստանալու համար,
կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար,
աշխատավարձ ստանալու համար,
զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու համար,
այլ ___________________________________

(գրել)

_____________________________________________________
անհրաժեշտ է նշել V նշանով

 

Դիմող

______________________

______________________»:

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)