ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի փետրվարի 9-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և կարգավորել այդ պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են իրավունք վերապահել միմյանց քաղաքացիներին, այդ թվում` նաև երրորդ պետություններում մշտապես բնակվողներին կամ ժամանակավորապես գտնվողներին, առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցիկ երթևեկել, դուրս գալ և 90 օր ժամկետով գտնվել իրենց պետությունների տարածքում:
3. Համաձայնագրում տրված է միմյանց տարածք մուտք գործելու և այնտեղից դուրս գալու համար Կողմերի պետությունների քաղաքացիների վավերական փաստաթղթերի ցանկը: Կողմերը պարտավորվում են փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները, իսկ նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ գործող փաստաթղթերում փոփոխությունների, ինչպես նաև մուտքի, կեցության և ելքի պայմանների փոփոխությունների դեպքում` դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնել դրանցից 30 օր առաջ:
4. Կողմերից յուրաքանչյուրն իրավասու է մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը մերժելու կամ կեցության ժամկետը կրճատելու, որոնց ներկայությունն իրենց տարածքներում համարում է անցանկալի, և պարտավոր է հետ ընդունել իր այն քաղաքացիներին, որոնց կարգադրվել է լքել մյուս Կողմի պետությունը:
5. Համաձայնագրով Կողմերին իրավունք է վերապահվում ամբողջովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ բնակչության առողջության պաշտպանության շահերից ելնելով:
6. Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով: Նախատեսված է համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա մեկնաբանման և կատարման հետ կապված վիճելի հարցերի կարգավորման կարգը:
7. Երկու պետությունների կողմից միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 25 հոդվածում ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները:
8. Համաձայնագրի դրույթները համահունչ են մարդու տեղաշարժի ազատության հանրաճանաչ իրավունքի երաշխավորման միջազգային սկզբունքներին, հաշվի են առնում արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղման ընդհանուր պահանջները։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|