Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2006-05.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.287
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 օգոստոսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 42-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը (Հավելված 1):

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների (այսուհետ` հանձնաժողովների անդամներ) համար մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու նպատակը հանձնաժողովի անդամների` ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումն է և նրանց աշխատանքային ունակությունների կատարելագործումը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև որակավորման ստուգարք հանձնած քաղաքացիները:

(3-րդ կետը փոփ., լրաց. 11.01.06 N 1-Ն)

4. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` հատկացված գումարների սահմաններում:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովի անդամների համար դասընթացների կազմակերպման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն տվյալ դասընթացը սկսելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

7. Հայտարարության մեջ նշվում է.

ա) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.

բ) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ դասընթացի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո, դիմումներ ներկայացնելու վայրը և հեռախոսահամարը.

գ) դասընթացի սկսելու օրը, ժամը, վայրը:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների) կողմից վարվում են դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտական դասընթացի ժամկետները:

9. Դասընթացների խմբերը ձևավորվում են ներկայացված դիմումների հերթականությամբ:

10. Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ` ըստ Երևան քաղաքի, իսկ մարզերում` ըստ ընտրատարածքների:

11. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է`

ա) սույն կարգի թիվ 1 հավելվածով հաստատված ձևի դիմում.

բ) անձնագրի պատճենը:

12. Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը` ներառյալ ստուգարքը, պետք է լինի ոչ պակաս, քան 16 ակադեմիական ժամ:

(12-րդ կետը լրաց. 04.07.06 N 8-Ն)

13. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Աշխատակազմ) աշխատակիցներ համապատասխան մասնագետներ:

(13-րդ կետը լրաց., փոփ. 04.07.06 N 8-Ն)

14. Դասընթացներն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով և տարեկան գրաֆիկով:

Տարեկան գրաֆիկի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույց, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

(14-րդ կետը խմբ. 04.07.06 N 8-Ն)

15. Դասընթացների ծրագիրը ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

բ) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք.

գ) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

դ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար)

ե) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

(Բաժինն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

 

4. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Որակավորման ստուգարքն անցկացվում է դասընթացների ավարտից հետո, որի արդյունքում քաղաքացին կարող է ստանալ որակավորման վկայական (Հավելված 2):

Որակավորման վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով:

(20-րդ կետը փոփ. 04.07.06 N 8-Ն)

201. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով, դասընթաց անցկացնող դասախոսի /դասախոսների/ կողմից: Ստուգարքին կարող են մասնակցել նաև կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:

Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում՝ երեք հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

(201 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն, խմբ. 04.07.06 N 8-Ն)

202 . (202 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն, ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

203 . Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել ստուգարքի արդյունքում ստացած գնահատականը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(203 կետը լրաց. 11.01.06 N 1-Ն)

 21. Դասընթացի ավելի քան մեկ երրորդին չմասնակցելու դեպքում հանձնաժողովի անդամին չի թույլատրվում մասնակցել որակավորման ստուգարքին:

22. Որակավորման ստուգարքին չներկայացած հանձնաժողովի անդամը իրավունք ունի մասնակցելու անցկացվող հաջորդ ստուգարքներին:

23. Որակավորման վկայականում նշվում են`

ա) որակավորման ստուգարք հանձնած հանձնաժողովի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

գ) որակավորման վկայականի համարը,

դ) որակավորման վկայական տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

ե) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:

Որակավորման վկայականը վավերացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով:

(23-րդ կետը փոփ. 04.07.06 N 8-Ն)

24. Որակավորման վկայականի ժամկետը լրանալուց հետո, որակավորման նոր վկայական ստանալու համար, քաղաքացին մասնակցում է միայն որակավորման ստուգարքին:

25. Որակավորման վկայականները կարող են ուժը կորցրած ճանաչվել սույն կարգի 15-րդ կետում նշված իրավական ակտերը փոփոխվելու դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

26. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կողմից վարվում են տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են որակավորման վկայական ստացած հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը՝ անձնագրում նշված լինելու դեպքում), որակավորման ստուգարքի արդյունքում ստացված որակավորման վկայականի համարը, որակավորման վկայականի տրման և ուժի մեջ լինելու ժամկետները: Որակավորման վկայականը ստանալիս հանձնաժողովի անդամը ստորագրում է հաշվառման մատյանում:

(26-րդ կետը լրաց. 11.01.06 N 1-Ն, փոփ. 04.07.06 N 8-Ն)

27. Որակավորման վկայականի կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հանձնաժողովի անդամը դիմում է ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատություն` վկայականի կրկնօրինակը ստանալու համար: Ուսումնական հաստատությունը վկայականի կրկնօրինակը հանձնաժողովի անդամին տրամադրում է դիմելուց հետո` 3 օրվա ընթացքում, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում ուսումնական հաստատության որակավորման վկայականների հաշվառման մատյանում: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

29. Դասընթացներ անցած և որակավորման վկայական ստացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի Ինտերնետային կայքում:

 

5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացները կազմակերպվում են սկսած 2005 թ. սեպտեմբերի 1-ից:

31. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար դասընթացները կազմակերպվում են 2006 թ. հունվարի 1-ից և պետք է ավարտվեն մինչև 2007 թ. մարտի 1-ը, այն հաշվարկով, որ 2007 թվականի համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվեն դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներով: Սույն կետի պահանջը ապահովելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դասընթացների անցկացմանը պայմանագրային հիմունքներով ներգրավել այլ ուսումնական հաստատությունների դասախոսների:

32. (Պարբերությունն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

 Մարզերում (Երևան քաղաքում) դասընթացներ կազմակերպվում են տարին առնվազն 2 անգամ, մարզերում ըստ ընտրատարածքների` հաշվի առնելով ընտրատարածքում ընտրական տեղամասերի թիվը:

(32-րդ կետը փոփ. 04.07.06 N 8-Ն)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 04.07.06 N 8-Ն)

34. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2005 թ. դեկտեմբերի 1-ը սահմանում է 2006 թվականին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և անցկացման գրաֆիկը` ըստ ընտրատարածքների (Երևան քաղաքի):

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

_________________________________________________
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին _________________________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական

դասընթացներին մասնակցելու

 

__________________________________________________

                    (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

__________________________________________________

                                    (անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված)

__________________________________________________

                                                    (բնակության վայրի հասցեն)

__________________________________________________

                                                               (կրթությունը)

__________________________________________________

                                                (աշխատանքի վայրը և պաշտոնը)

Խնդրում եմ ինձ ընդգրկել __________________________________

                                           (նշվում է անցկացվող մասնագիտական դասընթացի ժամկետը և վայրը)

 

ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական

դասընթացներին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով

նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:

 

ԴԻՄՈՂ  ___________________            ___________________

                                  (ազգանուն)                                                  (ստորագրություն)

 

____ _______________ 200 թվական

 

(Հավելվածը փոփ. 04.07.06 N 8-Ն)

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 42-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N 0 0 0 0 0 0

 

__________________________________________________

                                             (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել

ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:

__________________________________________________

 

__________________________________________________

                  

 

Տրված է ___ _____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև ___ __________ 200 թ.

 

 

                             ՀՀ կենտրոնական ընտրական

                                հանձնաժողովի նախագահ  ____________                       

                                                                     (ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

______________________________________________________

              Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

(Հավելվածը փոփ. 04.07.06 N 8-Ն)