Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.6
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2003
Ստորագրման ամսաթիվ
31.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2009

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները՝ Ալբանիայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Բուլղարիայի Հանրապետությունը, Վրաստանը, Հունաստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինան,

համաձայն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Կանոնադրության 20-րդ հոդվածի` ըստ որի անդամ պետությունների ազգային խորհրդարանները ներկայացնող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը խորհրդատվությունների միջոցով աջակցում է Սևծովյան համագործակցության գործընթացին` սերտորեն համագործակցելով Սևծովյան տնտեսական համագործակցության հետ Սևծովյան տնտեսական համագործակցության նպատակների իրագործման հարցում 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում ընդունված Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների, գագաթաժողովից հետո կայացած հանդիպումների որոշումների, ինչպես նաև 1993թ. փետրվարի 26-ին Ստամբուլում ընդունված «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման մասին» հռչակագրի հիման վրա,

հաշվի առնելով այն դերը, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը կարող է խաղալ համագործակցության և փոխգործակցության կարգավորման, տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման և Սևծովյան տնտեսական համագործակցության սկզբունքների և նպատակների իրագործման դյուրացման հարցում հասարակության աջակցության մոբիլիզացման մեջ,

վստահ լինելով, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին արձանագրության ստորագրումը կդյուրացնի վեհաժողովի գործառույթները` Սևծովյան տնտեսական համագործակցության սկզբունքներին և նպատակներին համապատասխան,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ I

 

Սահմանումներ

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրության նպատակների համար՝

ա) «Կանոնադրություն» նշանակում է` 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Կանոնադրություն,

բ) «խորհուրդ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդ,

գ) «անդամ պետություններ» նշանակում է` այն պետությունները, որոնք 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության Կանոնադրության և սույն Արձանագրության կողմեր են,

դ) «ՍԾՏՀ ԽՎ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով,

ե) «անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ» նշանակում է` համապատասխան ազգային խորհրդարանների կողմից նշանակված ազգային պատվիրակությունների անդամներ, ինչպես նաև փոխարինող պատվիրակներ, խորհրդատուներ, տեխնիկական փորձագետներ և ՍԾՏՀ ԽՎ և նրա մարմինների աշխատանքներին մասնակցող ազգային պատվիրակությունների քարտուղարներ,

զ) «ՍԾՏՀ ՄՄՔ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարություն,

է) «միջազգային քարտուղարության աշխատակազմ» նշանակում է` ՍԾՏՀ ԽՎ միջազգային քարտուղարության տնօրինության, մասնագիտական և տեխնիկական անձնակազմ,

ը) «ՍԾՏՀ ԽՎ սեփականություն» նշանակում է` սեփականություն (ներառյալ ֆոնդերը և այլ սեփականությունը, որոնք պատկանում են ՍԾՏՀ ԽՎ-ին, տիրապետվում և/կամ վերահսկվում են ՍԾՏՀ ԽՎ կողմից իրականացվող պաշտոնական պարտավորությունների համապատասխան),

թ) «շինություններ» նշանակում է` շենքեր կամ շենքերի մասեր (ներառյալ օժանդակ հողամասը), որոնք օգտագործվում են միայն ՍԾՏՀ ԽՎ նպատակների համար` անկախ դրանց սեփականության իրավունքից,

ժ) «արխիվ» նշանակում է` գրառումներ, նամակագրություն, փաստաթղթեր, հաշվապահական գրառումներ և ֆինանսական բոլոր փաստաթղթերը, ձեռագրերը, շարժական և անշարժ նկարները և ժապավենները, ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը, գրավոր նյութերը, տեսաժապավենները կամ սկավառակները, տեղեկատվական սկավառակները կամ ժապավենները, որոնք պատկանում են ՍԾՏՀ ԽՎ-ին կամ պահվում են նրա կողմից:

 

ԳԼՈՒԽ II

 

Սեփականություն

 

Հոդված 2

 

ՍԾՏՀ ԽՎ-ն, նրա սեփականությունը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ով է տնօրինում դրանք, օգտվում են անձեռնմխելիությունից, բոլոր տեսակի իրավական գործընթացներից` բացառությամբ այն դեպքի, երբ խորհուրդը իր որոշմամբ թույլատրում է այդ անձեռնմխելիությունից հրաժարում: Անձեռնմխելիությունից հրաժարվելը չպետք է տարածվի վճիռների կատարման կամ սեփականության առգրավման վրա:

 

Հոդված 3

 

ՍԾՏՀ ԽՎ շինությունները անձեռնմխելի են:

 

Հոդված 4

 

ՍԾՏՀ ԽՎ արխիվը և ընդհանրապես բոլոր փաստաթղթերը, որոնք պատկանում կամ տնօրինվում են նրա կողմից, անձեռնմխելի են, որտեղ էլ որ գտնվեն:

 

Գլուխ III

 

Անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչները

 

Հոդված 5

 

Անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչները ՍԾՏՀ ԽՎ հանդիպումների ընթացքում իրենց գործառույթների իրականացման և դեպի այդ հանդիպումների վայրը ուղևորվելու և այդ վայրից վերադառնալու ժամանակ պետք է օգտվեն հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից.

ա) անձեռնմխելիություն ձերբակալման կամ կալանավորման և անձնական ուղեբեռը առգրավելու և իրենց` որպես ներկայացուցիչներ աշխատելու ընթացքում բանավոր կամ գրավոր արտահայտությունների և կատարած բոլոր գործողությունների հետ կապված յուրաքանչյուր իրավական գործընթացից,

բ) բոլոր փաստաթղթերի (ներառյալ իրենց պատկանող համակարգչային ծրագրերը, տեսաժապավենները կամ տվյալներ պարունակող սկավառակները) անձեռնմխելիություն,

գ) կոդերը օգտագործելու և սուրհանդակների միջոցով կամ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների միջոցով կնքված փոստով փաստաթղթեր կամ թղթակցություն ստանալու իրավունք,

դ) ՍԾՏՀ անդամ պետություններում իրենց և իրենց ամուսինների ազատում ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված գրանցումից կամ ազգային ծառայություն անցնելու պարտավորությունից այդ պետություններ իրենց գործառույթների իրականացման հետ կապված այցերի կամ այդ պետություններով անցնելու ընթացքում,

ե) մաքսային և տարադրամի փոխանակման վերահսկողության դեպքում տրամադրվում են`

- իրենց Կառավարության կողմից նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն ժամանակավորապես պաշտոնական պարտականություններ կատարելու նպատակով արտասահման մեկնած ավագ պաշտոնյաները,

- այլ անդամ պետությունների Կառավարությունների կողմից նույն հնարավորությունները, ինչպիսիք ունեն ժամանակավորապես պաշտոնական պարտականություններ կատարող օտարերկրյա Կառավարությունների ներկայացուցիչները:

 

Հոդված 6

 

Անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների համար խոսքի ազատությունը և պարտականությունները կատարելու ժամանակ անկախությունը ապահովելու նպատակով անձեռնմխելիությունը իրավական գործընթացից, կապված իրենց պարտականությունների կատարման ընթացքում բանավոր կամ գրավոր արտահայտությունների և կատարված բոլոր գործողությունների հետ, կշարունակվի պահպանվել` չնայած նրան, որ համապատասխան անձինք դադարեցրել են այդ պարտականությունների կատարումը:

 

Հոդված 7

 

Արտոնությունները և անձեռնմխելիությունները տրվում են անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներին ոչ թե անձնական շահի, այլ նրանց գործառույթների անկախ իրականացումը ՍԾՏՀ ԽՎ-ում ապահովելու համար: Հետևաբար, անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի հրաժարվելու իր խորհրդարանի ներկայացուցչի անձեռնմխելիությունից յուրաքանչյուր այն դեպքում, երբ, այդ անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և երբ այն կարող է վերացվել` առանց վնաս պատճառելու այն նպատակներին, որոնց համար անձեռնմխելիությունը տրվել է:

 

Հոդված 8

 

5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվի անդամ պետության խորհրդարանի ներկայացուցչի և այդ պետության միջև:

 

Գլուխ IV

 

Միջազգային քարտուղարության անձնակազմը

 

Հոդված 9

 

5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները պետք է կիրառվեն միջազգային քարտուղարության անձնակազմի նկատմամբ ՍԾՏՀ ԽՎ հանդիպումների ընթացքում անձնակազմի կողմից գործառույթների իրականացման ժամանակ և դեպի այդ հանդիպումների անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ընթացքում:

 

Գլուխ V

 

Տարաձայնությունների կարգավորում

 

Հոդված 10

 

Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` անդամ պետությունների միջև ծագած բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդակցությունների ճանապարհով, և համաձայնության չհասնելու դեպքում համապատասխան կողմերը պետք է ներկայացնեն տարաձայնությունները խորհրդին՝ քննարկման և համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար` միջազգային իրավունքին համապատասխան:

 

Գլուխ VI

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 11

 

Ոչինչ սույն Արձանագրությունում չի կարող մեկնաբանվել` ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձևափոխելով ՍԾՏՀ ԽՎ կարգավիճակը` որպես ՍԾՏՀ հարակից մարմնի` Կանոնադրության 20-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 12

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունների ստորագրելու կամ միանալու համար:

2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման:

3. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միացման փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն ՍԾՏՀ ՄՄՔ-ին:

 

Հոդված 13

 

Սույն Արձանագրությունում ոչ մի վերապահում չի կարող կատարվել` բացառությամբ 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների:

 

Հոդված 14

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի ինը ստորագրող պետությունների կողմից իրենց վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ հանձնվելու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Արձանագրությունը կամ միանում է դրան այն ուժի մեջ մտնելուց հետո, սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնվելու օրը:

 

Հոդված 15

 

1. Ցանկացած անդամ պետություն կարող է առաջարկել փոփոխություն կատարել սույն Արձանագրությունում:

2. Ցանկացած առաջարկված փոփոխության տեքստ պետք է ՍԾՏՀ ՄՄՔ-ի միջոցով ուղարկվի Կազմակերպության անդամ պետություններին և ներկայացվի խորհրդի քննարկմանը և հաստատմանը:

3. Վերոհիշյալ 2-րդ կետի համաձայն հաստատված սույն Արձանագրության փոփոխությունները պետք է վավերացվեն, ընդունվեն կամ հաստատվեն անդամ պետությունների կողմից և ուժի մեջ մտնեն 14-րդ հոդվածում սահմանված ընթացակարգի համաձայն:

 

Հոդված 16

 

Սույն Արձանագրության բնօրինակը՝ մեկ օրինակով, անգլերեն, պետք է ի պահ հանձնվի ավանդապահին:

 

Ի վկայություն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Բաքու քաղաքում 2003 թ. հոկտեմբերի 31-ին:

 

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2009թ. մարտի 1-ից: