Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.03/59(294) Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1419-Ն

 

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. նոյեմբերի 8
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ծրագիրը մշակվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Եվրոպական հանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի դրամական միջոցների կազմավորման ու օգտագործման ընդհանուր և հատուկ պայմանները սահմանող փոխըմբռնման հուշագրի պահանջների համաձայն:

Հայաստանի Հանրապետությունում գործող 11 մանկական խնամակալական կազմակերպություններից (այսուհետ` մանկատուն) տարեկան դուրս է գրվում 18 տարին լրացած շուրջ 30 սան: Նրանց հետագա ճակատագիրը, վերջին 10-12 տարիների ընթացքում, որոշում են իրենք` մանկատան նախկին սաները (այսուհետ` շրջանավարտ), ինքնուրույն` առանց որևէ պետական աջակցության:

Խորհրդային ժամանակաշրջանում, մանկատների շրջանավարտների աշխատանքի տեղավորման և բնակարանի ապահովման հարցերով զբաղվում էր պետությունը: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո մանկատներում խնամվող երեխաների համար ստեղծվեցին բավարար կենսապայմաններ: Ցավոք, երկրի ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով մանկատունն ավարտելուց հետո նրանց հետագա ճակատագիրը մնում էր անորոշ:

Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել:

Հանրապետությունում ներկայումս գործում են 8 պետական և 3 ոչ պետական մանկատներ, որոնցում կազմակերպվում են շուրջ 1000 երեխայի մշտական խնամքն ու դաստիարակությունը:

Վերջին տարիների ընթացքում գրանցվել է մանկատներում խնամվող երեխաների թվի աճ: Միայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության 8 մանկատներում 1998 թվականի համեմատությամբ նրանց թիվն աճել է մոտ 17 տոկոսով: Այդ նույն տարիներին հանրապետությունում ստեղծվել են նաև 3 ոչ պետական մանկատուն, ինչն ակնհայտորեն հաստատում է վերը նշվածը: Մանկատներում խնամվող երեխաների թվի աճը զուգակցվում է նրանցում` սոցիալական որբերի թվի տեսակարար կշռի մեծացմամբ: Երևույթը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմամբ և աղքատության խորացմամբ:

Սկսած 1991 թվականից հանրապետությունում գործող մանկատներից չափահաս դառնալու կապակցությամբ դուրս են գրվել շուրջ 150 շրջանավարտ, որոնք բնակվում են հիմնականում տարբեր հանրակացարաններում, պատահական վայրերում, ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Նրանցից 15 տոկոսը հաշվառված չեն հանրակացարանում, 10 տոկոսը չունեն մասնագիտություն, 90 տոկոսը մշտական աշխատանք, հետևաբար, նաև գոյատևելու միջոցներ: Մոտ 30 շրջանավարտ անօթևան է, գիշերում է ուր պատահի:

1991-2003 թվականների շրջանավարտներին հաշվառման, աշխատանքի տեղավորման, բնակելի տարածքով ապահովման խնդիրների լուծման աջակցությունը կրել է տարերային բնույթ, յուրաքանչյուր շրջանավարտի համար առանձին` նրա դիմելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայ օգնության ֆոնդի և մանկատան շրջանավարտների «Այգաբաց» հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ նրանց ուսման, մասնագիտական կողմնորոշման և բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

(ներածությունը փոփ. 08.02.07 N 135-Ն)

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

2. Սույն ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության մանկատների 1991-2010 թվականների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ:

(2-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

 

III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Ծրագրի խնդիրներն են շրջանավարտներին`

ա) բնակելի տարածքով ապահովումը.

բ) մասնագիտական կողմնորոշումը, ուսուցումը, վերապատրաստումը.

գ) հիմնական կարիքները բավարարող եկամուտի ապահովումը.

դ) բժշկական օգնության անվճար տրամադրումը.

ե) իրավաբանական օգնության տրամադրումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

4. Ծրագրի իրականացման միջոցառումները բաժանվում են երկու խմբի:

Առաջին խմբի միջոցառումները նախատեսում են շրջանավարտների և մանկատան սաների հիմնահարցերի ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքների հիման վրա անհատական ծրագրերի կազմում:

Երկրորդ խմբի միջոցառումները ներառում են անհատական ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներ:

Շրջանավարտներին բնակելի տարածքով ապահովումը

5. Շրջանավարտների և մանկատան սաների ուսումնասիրությունից ու անհատական ծրագրերը կազմելուց հետո հնարավոր կլինի որոշել յուրաքանչյուր շրջանավարտին բնակելի տարածքով ապահովելու ձևը և անհրաժեշտությունը: Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը և նախնական ուսումնասիրությունները, հետևում է, որ շրջանավարտների 95 տոկոսը բնակելի տարածության կարիք ունի: Ծրագիրը նախատեսում է բնակելի տարածքով ապահովման հետևյալ ձևերը`

ա) բնակարանի գնում,

բ) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն),

գ) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն):

(5-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտների մասնագիտական կողմնորոշումը, ուսուցումը, վերապատրաստումը

6. Միջոցառումների այս խումբը նախատեսում է շրջանավարտներին ապահովել կրթությամբ և համապատասխան մասնագիտական վերապատրաստմամբ` ելնելով աշխատանքի շուկայի պահանջներից և շրջանավարտների նախասիրություններից`

ա) նախնական մասնագիտական ուսուցում.

բ) մասնագիտացման դասընթացներում ընդգրկում.

գ) միջին մասնագիտական կրթության ապահովում.

դ) բարձրագույն մասնագիտական կրթության ապահովում:

(6-րդ կետը խմբ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտների հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովումը

7. Միջոցառումների այս խումբը նախատեսում է շրջանավարտներին տրամադրել կենսաապահովման համար անհրաժեշտ եկամուտ: Նախատեսվում են եկամուտի հետևյալ հնարավոր աղբյուրները`

ա) աշխատանքի տեղավորում,

բ) բնաիրային օգնություն,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն),

ե) կրթաթոշակի հատկացում,

զ) միանվագ դրամական օգնության հատկացում:

(7-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտներին բժշկական օգնության անվճար տրամադրումը

8. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`

ա) մանկատան շրջանավարտներին (18-23 տարեկան) ընդգրկել ամենամյա պետական առողջապահական նպատակային ծրագրերում.

բ) իրականացնել մանկատան շրջանավարտների (1991-2010 թվականների) բժշկական հետազոտություն:

(8-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտներին իրավաբանական օգնության ապահովումը

9. Մանկատան շրջանավարտների և սաների հիմնահարցերի ուսումնասիրությունից հետո անհրաժեշտ կլինի առանձին դեպքերում պաշտպանել նրանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքները: Այդ նպատակով նախատեսվում է իրավաբանական խորհրդատվության տրամադրում:

 

V. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

10. Նշված ծրագրի 5-րդ կետի «ա» և 7-րդ կետի «բ» ենթակետերում նշված միջոցառումները կիրականացվեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթի միջոցով, որի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված պայմանների համաձայն ձեռք կբերվեն համապատասխան թվով (կճշտվի մանկատան շրջանավարտների ու սաների վիճակի ուսումնասիրությունից և անհատական ծրագրեր կազմելուց հետո) բնակարաններ և գույք։ Բնակարանների և գույքի նկատմամբ շրջանավարտների իրավունքները կամրագրվեն համապատասխան պայմանագրերում:

(10-րդ կետը խմբ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտների մասնագիտական կողմնորոշումը, ուսուցումը, վերապատրաստումը

11. Մանկատան սաների հետ հանրակրթական ուսուցմանը զուգահեռ մանկատան համապատասխան աշխատողների կողմից կտարվեն հատուկ աշխատանքներ սաներին հետագա կրթության կամ մասնագիտական կողմնորոշում ցույց տալու համար` հաշվի առնելով մանկատան սաների անհատական հետաքրքրություններն ու նախասիրությունները: Կցուցաբերվի նաև հոգեբանական օգնություն սաներին մանկատնից դուրս ինքնուրույն կյանքին նախապատրաստելու նպատակով:

12. Հիմնվելով սաների անհատական ծրագրերի վրա, ուսումնասիրելով պարբերաբար կազմակերպվող նախնական մասնագիտական ուսուցման դասընթացների հնարավորությունները, ինչպես նաև գործատուների մոտ նման ուսուցում ստանալու հնարավորությունները, համապատասխան հայտեր կներկայացվեն նման դասընթացներում մանկատան շրջանավարտներին ներգրավելու վերաբերյալ:

13. Ելնելով սաների գիտելիքներից և նախասիրություններից` համապատասխան աջակցություն կցուցաբերվի շրջանավարտներին միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար:

14. Մանկատան շրջանավարտը կարող է դիմել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններին կամ վերապատրաստման դասընթացներ կազմակերպող այլ կազմակերպությունների հատուկ ուսուցման ծրագրերում ներգրավվելու համար:

Շրջանավարտների հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովումը

15. Համագործակցելով «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների և մասնավոր գործատուների հետ մանկատների շրջանավարտներին աջակցություն կցուցաբերվի աշխատանքի տեղավորման հարցերում:

16. Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Պետական գնումների գործակալության կողմից կազմակերպված մրցույթների միջոցով ձեռք կբերվեն բնակարանների կահավորման համար անհրաժեշտ գույք, կենցաղային սարքավորումներ և այլ պիտույքներ:

17. (կետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն):

18. (կետն ուժը կորցրել է 08.02.07 N 135-Ն):

19. Կրթական հաստատություններում սովորող շրջանավարտներին կտրամադրվի կրթաթոշակ` օրենքով սահմանված կարգով:

(19-րդ կետը փոփ., լրաց. 08.02.07 N 135-Ն)

20. Տվյալ տարում մանկատներն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի միանվագ դրամական օգնություն` 50000 դրամի չափով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշման:

(20-րդ կետը խմբ. 08.02.07 N 135-Ն)

Շրջանավարտներին բժշկական օգնության անվճար տրամադրում

21. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, մանկատան շրջանավարտներին, որպես առանձին սոցիալական խումբ, ընդգրկում է առողջապահական ամենամյա պետական նպատակային ծրագրերում` անվճար բուժօգնություն ստանալու համար:

(21-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

22. Ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը պայմանագիր է կնքելու որևէ բուժհաստատության հետ շահառուների բուժօգնությունը կազմակերպելու նպատակով:

Շրջանավարտներին իրավաբանական օգնության տրամադրում

23. Մանկատների շրջանավարտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերում կտրամադրվի իրավաբանական օգնություն հասարակական կազմակերպությունների միջոցով:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Ծրագիրը կիրականացվի հասարակական կազմակերպության միջոցով, որի հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկնքվի գործակալական պայմանագիր: Կնքված պայմանագրի անբաժանելի մասը կկազմեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված տեխնիկական առաջադրանքները` իրականացման գնահատման հստակ ցուցանիշներով:

(24-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

(25-րդ կետը փոփ. 08.02.07 N 135-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2007, N 135-Ն 10.03.2007, N 1419-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան