Գլխավոր տեղեկություն
Համար
N 707
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.03.2003-22.05.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.798
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2001

041.0707.03.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2001 թվականի N 707

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը համապատասխան՝

Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող՝ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը  (կցվում են):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հոկտեմբերի 3-ի N 707 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

օտարերկրյա պետությունների ԵՎ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ԵՎ դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող՝ բնական պաշարների կառավարման ԵՎ չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի

 

Վ. Այվազյան - ՀՀ բնապահպանության նախարար
(խորհրդի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Աղաբաբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
Հ. Քլոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ
Վ. Ադամյան - ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական
Գ. Արզումանյան - ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային Համագործակցության վարչության պետ
Ա. Մինասյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի խորհրդական
Ա. Բադալյան - «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն


(Կազմը փոփ. 15.05.02 N 291, 26.02.03 N 76-Ն)

 


Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
հոկտեմբերի 3-ի N 707 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնական պաշարների կառավարման ԵՎ չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև՝ խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհրդի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 707 որոշմամբ:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հունվարի 14-ին ստորագրված «Շրջակա միջավայրի ոլորտի ծրագրի համար ճապոնական թիվ TF 026134 դրամաշնորհի մասին», Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2001 թվականի մարտի 27-ին ստորագրված «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի նախապատրաստման համար Ջեյ Ի Էֆ Փի Փի Ջեյ (GEF PPG) թիվ TF 024959 դրամաշնորհի մասին» ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի մայիսի 7-ին ստորագրված «Կանխավճար բնական պաշարների կառավարման և չքավորության ծրագրի նախապատրաստման համար» թիվ Փի Փի Էֆ (PPF) Q320-0 Էյ Էմ (AM) նամակ համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը խմբ. 01.10.02 N 567-Ա)

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի դրամաշնորհային (վարկային) համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. Խորհրդի գործունեության ոլորտը, նպատակը ԵՎ խնդիրները

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» վարկային և դրամաշնորհային ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են՝

ա) ծրագրերի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները՝ համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) ծրագրերն իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև՝ ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) ծրագրերի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերն ստորագրելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.

ե) ծրագրերով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցն ու ծրագրերի բյուջեներին համապատասխան՝ խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

զ) ծրագրերի՝ հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեների հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

է) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը՝ համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

թ) ծրագրերի՝ հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և բյուջեներից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրերի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

ժա) ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում՝ մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ՝ ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ՝ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ և մասնագետներ:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերները, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի՝ հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը ( շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից՝ խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում՝ պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. Խորհրդի նախագահը

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

25. Խորհրդի նախագահը՝

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. Խորհրդի անդամները

 

26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղային նախարարության կամ գերատեսչության պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա՝ ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները՝ առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից և այլ շահագրգիռ մարմիններից:

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. Խորհրդի քարտուղարը

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը՝ խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը՝

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:

 

VII. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների եվ լրացումների կատարման կարգը

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. Խորհրդի գործունեության դադարումը

 

36. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը  դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան