Գլխավոր տեղեկություն
Համար
N 1921-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1921-Ն

«ՊՐՈՄԵԹԵՅ-ԽԻՄՊՐՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման և զարգացման` «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման և ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` ապահովել`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և պայմանագրով նախատեսված «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարումը.

բ) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության և համապատասխանաբար` «Հայգազարդ» ու «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունների միջև պարտքերի մարման ժամանակացույցների կնքումը, որոնց համաձայն վերջիններիս հանդեպ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունների` մայր գումարների վճարման ժամկետները կսահմանվեն (կհետաձգվեն) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տույժերն ու տուգանքները կզիջվեն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` ապահովել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ պարտքերի մարման ժամանակացույցի կնքումը, որի համաձայն ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող հարկերի, վճարների և տուրքերի (ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի` որպես հարկային գործակալի, բնապահպանական վճարների և պետական տուրքերի), ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված պարտավորությունները կսահմանվեն (կհետաձգվեն) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, ընդ որում, հետաձգված պարտավորությունների նկատմամբ շարունակվում է տույժերի հաշվարկումը` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը, և, միաժամանակ, հետաձգված պարտավորությունների գծով իրականացվում է առանձնացված հաշվառում` ընթացիկ վճարումները հետաձգված պարտավորությունների մարմանն ինքնաբերաբար չուղղելու համար:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Վանաձորի քաղաքապետարանի հետ քննարկել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության` համայնքի բյուջեի հանդեպ գույքահարկի և հողի հարկի գծով 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված պարտավորությունների` մայր գումարների վճարման ժամկետները` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու (հետաձգելու) և տույժերից ու տուգանքներից ազատելու հարցը:

5. «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնման վերաբերյալ առաջարկություն ստանալու դեպքում թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` օտարել «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` առնվազն համարժեք (սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագրի) պայմանների պահպանմամբ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 2
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1921-Ն որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

քաղ. Երևան

_____ _________________ 200 թ.

«Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն, իրավաբանական անձ` ստեղծված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական գրանցման վկայական N 01Ա000505, ՀՎՀՀ N 01203521, հասցեն` 375010, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության փող., 44/2, ի դեմս խորհրդի նախագահի տեղակալ Ե. Համազասպյանի (այսուհետ` վաճառող), մի կողմից, և`

«Հայգազարդ» ՓԲԸ-ն, իրավաբանական անձ` ստեղծված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պետական գրանցման վկայական N 01A000001, ՀՎՀՀ N 00001312, հասցեն` 375091, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի, 43, ի դեմս գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գ. Հակոբյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա (այսուհետ` գնորդ), մյուս կողմից (այսուհետ` միասնաբար` կողմեր կամ առանձին` կողմ), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն վաճառողը պարտավորվում է վաճառել և գնորդին որպես սեփականություն փոխանցել Հայաստանի Հանրապետության (377200) Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի N 10 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության, պետական գրանցման վկայական N 01Ա-044760, ՀՎՀՀ N 01223612, 100 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` բաժնետոմսեր), իսկ գնորդը` վաճառողին վճարել դրամական միջոցներ` համաձայն սույն պայմանագրի պայմանների:

1.2. Տեղեկություններ բաժնետոմսերի մասին.

ա) տեսակը` սովորական անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսեր,

բ) անվանական արժեքը` 89.940.564 (ութսունինը միլիոն ինը հարյուր քառասուն հազար հինգ հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ,

գ) քանակը` 100 (հարյուր) հատ:

 

2. Հավաստիքներ ու երաշխիքներ

 

Վաճառողը հաստատում և երաշխավորում է, որ սույն պայմանագրի կնքման պահին`

ա) բաժնետոմսերը պատկանում են իրեն` սեփականության իրավունքով.

բ) վաճառողն ստացել է բաժնետոմսերի վաճառքի համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և համաձայնությունները, ունի բաժնետոմսերի վաճառքի և սույն պայմանագրի կնքման ու կատարման համար անհրաժեշտ բոլոր իրավունքները.

գ) բաժնետոմսերը վաճառված չեն, այլ կերպ օտարված չեն, գրավադրված չեն, կալանքի կամ արգելանքի տակ չեն, այլ կերպ ծանրաբեռնված չեն, վեճի առարկա չեն և ազատ են երրորդ անձանց իրավունքներից ու պահանջներից.

դ) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի գույքը (ակտիվները` հիմնական միջոցներ, պատրաստի արտադրանք և այլն) գրավադրված չեն, կալանքի կամ արգելանքի տակ չեն, այլ կերպ ծանրաբեռնված չեն, վեճի առարկա չեն և ազատ են երրորդ անձանց իրավունքներից ու պահանջներից:

 

3. Բաժնետոմսերի փոխանցումը

 

3.1. Բաժնետոմսերի փոխանցումը ձևակերպվում է սույն պայմանագրի կնքման պահին, բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտով, որը պահանջվող հիմք է հանդիսանում ընկերության բաժնետերերի գրանցամատյանում (ռեեստրում) բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման փաստը գրանցելու համար:

3.2. Բաժնետոմսերի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն առաջանում է ընկերության բաժնետերերի գրանցամատյանում (ռեեստրում) բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գրանցման պահից, և բաժնետոմսերը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար լրիվ վճարելը (վերջնահաշվարկը) համարվում են վաճառողի մոտ գրավադրված:

 

4. Պայմանագրի գինը ԵՎ հաշվարկների կարգը

 

4.1. Բաժնետոմսերը վաճառվում են` մեկ բաժնետոմսը` 110.000 (հարյուր տասը հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով, 100 բաժնետոմսի դիմաց` 11.000.000 (տասնմեկ միլիոն) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր գումարով (բաժնետոմսերի գնման գին):

4.2. Ձեռք բերված բաժնետոմսերի դիմաց գնորդը պարտավորվում է վճարել հետևյալ կարգով` 11.000.000 (տասնմեկ միլիոն) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարվում է գնորդի կողմից «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի փաստացի ունեցած ակտիվների, պասիվների և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի ֆինանսական ու հարկային պետական հաշվետվություններում արտացոլված ակտիվների, պասիվների համապատասխանության ստուգման ակտի հաստատման օրվանից 3 (երեք) բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2007 թվականի փետրվարի 15-ը:

4.3. Սույն պայմանագրի շրջանակներում կատարվող վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` վաճառողի` ստորև նշված հաշիվներին փոխանցման միջոցով:

4.3.1. ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար`

«Պրոմեթեյ-բանկ» ՍՊԸ-ում` 166004670013,

4.3.2. ԱՄՆ-ի դոլարով փոխանցում կատարելու համար`

«Պրոմեթեյ-բանկ» ՍՊԸ-ում` 166000810118001:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման համար կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, այսինքն`

ա) վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել այդ կապակցությամբ նրան պատճառած բոլոր վնասները,

բ) գնորդը պարտավորվում է վաճառողին վճարել տույժեր` կետանցված վճարման գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով` կետանցի յուրաքանչյուր օրացուցային օրվա համար, բայց ոչ ավելի, քան կետանցված վճարման գումարի 5 տոկոսը:

 

6. Եզրափակիչ դրույթներ

 

6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, գործում է մինչև կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման պահը և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6.2. Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են գրավոր և կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.3. Սույն պայմանագրի հավելվածներն են (հայերեն)`

1) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի 2005 թ. տարեկան հաշվեկշիռը,

2) Աուդիտորական եզրակացություն` 2005 թ. գործունեության վերաբերյալ,

3) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի 2006 թ. 9 ամսվա հաշվեկշիռը,

4) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի հիմնական միջոցների ցանկը,

5) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի շրջանառու միջոցների ցանկը,

6) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականների ցանկը,

7) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքերի ցանկը,

8) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքերի ցանկը,

9) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի հարկային հաշվետվությունները`

01.01.2006 թ. դրությամբ,

01.04.2006 թ. դրությամբ,

01.07.2006 թ. դրությամբ,

01.09.2006 թ. դրությամբ,

01.12.2006 թ. դրությամբ,

10) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի հիմնական ցուցանիշների աղյուսակը,

11) «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի հիմնական տնտեսական ցուցանիշների աղյուսակը:

6.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասար իրավաբանական ուժ ունեցող բնագիր օրինակներից, հայերենով, մեկական օրինակ` յուրաքանչյուր կողմի համար, և ստորագրված է վերը նշված ամսաթվին:

 

7. Կողմերի բանկային վավերապայմաններն ու ստորագրությունները

ՎԱՃԱՌՈՂ

ԳՆՈՐԴ


«Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ


«Հայգազարդ» փակ բաժնետիրական
ընկերություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան