Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.07.2000-13.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
26.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2021

040.0116.26.02.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 116
քաղ. Երևան 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

Արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 04.07.00 N 360)

1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360)

2. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

3. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է).

(3-րդ կետը խմբ. 04.07.00 N 360)

4. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի մշակած` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների հուշանշանների նախագծերը.

բ) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակներ շնորհելու մրցույթի կազմակերպման և հուշանշանների պատրաստման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամեն տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունքների հասած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որպես մրցանակ, տալիս է հուշանշան և դիպլոմ:

(1-ին կետը խմբ. 04.07.00 N 360)

2. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ամենամյա մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է մրցութային կարգով` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման համակարգերի ԻՍՕ-9000 շարքի միջազգային ստանդարտների արդյունավետ ներդրման համար:

Մրցանակների բաշխման չափանիշները յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով):

(2-րդ կետը խմբ. 04.07.00 N 360)

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովը տարեկան շնորհում է 10-ից ոչ ավելի մրցանակ, որից 8-ը` արտադրանքի, 2-ը` ծառայությունների մատուցման համար: Որպես կանոն, մրցանակները հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը (նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը):

(3-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

4. Մրցանակների կարող են հավակնել ապրանքներ արտադրող (բացառությամբ ռազմական տեխնիկայի արտադրության) և ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա փետրվար և հոկտեմբեր ամիսներին մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է մրցույթ ու մրցույթի պայմանները:

(5-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

6. Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հայտը և համապատասխան նյութերը մրցանակաբաշխության հանձնաժողով են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտ ներկայացրած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած նյութերը քննարկման է ընդունում այն դեպքում, եթե դրանք գործնականում կիրառվել են մրցույթին նախորդած առնվազն մեկ տարվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցույթին մասնակցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած նյութերի փորձաքննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկություններ:

(8-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

9. Մրցանակների շնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով) ստեղծման և գործունեության կազմակերպման հարցերը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ` կազմված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության աշխատողներից:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360)

2. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակների (այսուհետև` մրցանակներ) հավակնորդներին մրցույթի անցկացման մասին տեղեկացնելը.

բ) մրցույթին մասնակցել ցանկացող հավակնորդների կողմից մրցանակաբաշխության հանձնաժողով` հայտի և համապատասխան նյութերի ներկայացման կարգը սահմանելը.

գ) մրցանակաբաշխության համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման չափանիշներ սահմանելը:

(3-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

4. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) նախապատրաստում է մրցանակների բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

բ) ուսումնասիրում է ստացված նյութերը, այդ թվում` անցկացնում է դրանց փորձաքննություն` համապատասխան ոլորտների առաջատար գիտնականների և մասնագետների ներգրավմամբ.

գ) կազմակերպում է մրցույթում հաղթող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պարգևատրման արարողությունը.

դ) աջակցում է մրցույթում հաղթող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փորձի և նվաճումների տարածմանը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 04.07.00 N 360)

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

 

III. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմվում է պետական մարմինների ղեկավարներից, արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառի առաջատար գիտնականներից ու մասնագետներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

(6-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Արտահերթ նիստ կարող է հրավիրվել մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի պահանջով:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

9. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(9-րդ կետը լրաց. 04.07.00 N 360)

10. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

11. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում մրցանակաբաշխության հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում.

ե) մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

12. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին:

13. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործունեությունն ու ընդունված փաստաթղթերը մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խումբը, որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը:

14. Մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը`

ա) նախապատրաստում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.

դ) մշակում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ ինչպես նաև կազմակերպում է ներկայացված նյութերի փորձաքննություն` համապատասխան ոլորտի առաջատար մասնագետների և գիտնականների ներգրավմամբ.

ե) վերլուծում է մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահին:

(14-րդ կետը լրաց. 04.07.00 N 360)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

արտադրանքի եվ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի

 

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարուղղ.

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ բնապահպանության նախարար

 

ՀՀ էներգետիկայի նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

 

Հայաստանի սպառողական ընկերությունների միության (Հայկոոպ) վարչության նախագահ

 

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

 

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ

 

ՀՀ սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ

 

Երևանի տեխնիկական էսթետիկայի ինստիտուտի տնօրեն

 

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

 

(Կազմը փոփ. 02.07.98 N 415, փոփ., լրաց. 19.03.99 N 170, փոփ. 23.09.99 N 589, խմբ. 04.07.00 N 360)