Գլխավոր տեղեկություն
Համար
N 1914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.02.2007-29.07.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1914-Ն

«ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 17
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1914-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

«ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթները վերաբերում են «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետներին (այսուհետ` պայթեցման աշխատանքների մասնագետ):

2. Պայթեցման աշխատանքների մասնագետների մասնագիտական որակավորման ստուգմանը (այսուհետ` որակավորման ստուգում) կարող են մասնակցել այն անձինք, ովքեր`

ա) 18 տարեկան են և ունեն ավելի տարիք.

բ) ուսանել են պայթեցման աշխատանքների կատարման անվտանգության կանոնները (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պայթեցման աշխատանքների կատարման ուսուցում իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություններում) և ստացել են համապատասխան վկայական.

գ) չեն տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման 1-ին մասի «գ» կետով հաստատված արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկում նշված հիվանդություններով և դրա մասին ունեն համապատասխան բժշկական տեղեկանք:

3. Որակավորման ստուգման համար պայթեցման աշխատանքների մասնագետների որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) անձնագրի պատճենը,

բ) աշխատանքային գրքույկի պատճենը,

գ) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը կամ պայթեցման աշխատանքներ կատարելու համար նախկինում ստացված վկայականի պատճենը,

դ) 3 X 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար:

4. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 7 անձից` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

5. Հանձնաժողովը`

ա) կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները,

բ) որոշում է հայտատուների որակավորման ստուգման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին տալիս է հայտարարություն,

գ) ընդունում է որակավորման ստուգման մասին դրական կամ բացասական որոշումներ,

դ) քննում է դիմողների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ,

ե) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

6. Որակավորման ստուգման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին հայտատուներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:

7. Որակավորման ստուգումներն անցկացվում են պարբերաբար, հանձնաժողովի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե պայթեցման աշխատանքների մասնագետի որակավորում ստանալու համար եղել է առնվազն մեկ հայտ:

8. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:

9. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով` բաղկացած 7 հարցից` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Քննության ժամանակ չի թույլատրվում օգտվել իրավական կամ այլ փաստաթղթերից։

10. Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն`

ա) 2 հարց` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունից,

բ) 3 հարց` պայթեցման աշխատանքների կատարման, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության, տեղափոխման, պահպանման և օգտագործման պահանջների մասին,

գ) 2 հարց` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող պայթուցիկ նյութերի տեսակների, դրանց բնութագրիչների մասին:

11. Յուրաքանչյուր հայտատուի որակավորման ստուգման համար տրվում է 90 րոպե ժամանակ:

12. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Չորս և ավելի հարցերին ճիշտ պատասխանած հայտատուն համարվում է որակավորման ստուգումն անցած:

13. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

14. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Հայտատուն համարվում է որակավորման ստուգումն անցած, եթե նրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին կամ կեսը: Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:

16. Որակավորման ստուգման մասին եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից: Եզրակացության մեկ օրինակը տրվում է հայտատուին, մյուս օրինակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվում է հանձնաժողովի արխիվում:

17. Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է։ Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում։

18. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

19. Որակավորման ստուգմանը չներկայացած հայտատուներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

20. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում պայթեցման աշխատանքների մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

21.  Որակավորման վկայականում նշվում են`

ա) որակավորման վկայականի համարը,

բ) որակավորման ստուգում անցած հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը,

գ) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը,

դ) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

22. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:

23. Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

24. Օտարերկրյա պետությունների կողմից պայթեցման աշխատանքների մասնագետներին տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում իրավական ուժ ունեն, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան