Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-671
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

26 դեկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի ապրիլի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2006 թվականի նոյեմբերի 23-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի ապրիլի 25-ին Երևանում` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության տարածքներում, փոխադարձաբար, երկու Կողմերի ներդրողների ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը և երկու երկրների միջև փոխադարձ շահավետ պայմանների հիման վրա տնտեսական համագործակցության ամրապնդումը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- խրախուսել ՀՀ տարածքում Լիտվական կողմի ներդրողների ներդրումներ կատարելը և ընդունել այդպիսի ներդրումները՝ ՀՀ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան (հոդված 2).

- բոլոր դեպքերում ապահովել Լիտվական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար և հավասար ռեժիմ, նրանց ամբողջական անվտանգությունը և պաշտպանությունը, ինչպես նաև կամայական կամ խտրական միջոցներով չվնասել Լիտվական կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ տիրապետմանը.

- Լիտվական կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել ՀՀ ներդրողների կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ.

- չօտարել, չազգայնացնել կամ չձեռնարկել դրանց հավասարազոր հետևանքներ առաջացնող միջոցառումներ Լիտվական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից և իրականացվում է օրենքի շրջանակներում, առանց խտրականության և նախնական համարժեք փոխհատուցմամբ.

- ՀՀ տարածքում պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով Լիտվական կողմի ներդրողների կողմից կորուստներ կրելու դեպքում նրանց տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան ՀՀ կամ որևէ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմը.

- երաշխավորել դեպի ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս Լիտվական կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը.

- փոխանցումները` առանց անհիմն ուշացման, կատարել այն արժույթով, որով իրականացվել է սկզբնական ներդրումը, կամ ազատ փոխարկելի արժույթով` ներդրողի համաձայնությամբ.

- Հայաստանի Հանրապետության և Լիտվական կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում լուծել բարեկամաբար.

- Հայաստանի Հանրապետության և Լիտվական կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, միջնորդ դատարանի քննությանը ներկայացնելու դեպքում ճանաչել միջնորդ դատավարության որոշման վերջնական և պարտադիր բնույթը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի ապրիլի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


26 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-671