Գլխավոր տեղեկություն
Համար
N 1874-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.2007-25.09.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1874-Ն

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.

բ) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից ծեր և հաշմանդամ քաղաքացիներին պետական ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:

3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող՝ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին (այսուհետ` հաճախորդ):

4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (այսուհետ` գործակալություն) պետի որոշման հիման վրա:

5. Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և իրավաբանական խորհրդատվություն:

 

II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ նրա խնամակալը (եթե անձը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.

բ) սոցիալական ապահովության քարտը և դրա պատճենը.

գ) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.

դ) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից կենսաթոշակի չափի և տեսակի մասին.

ե) տեղեկանք հաճախորդի բնակության վայրի պոլիկլինիկայից` նրա առողջական վիճակի մասին.

զ) դիմումը հաճախորդի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը, իսկ պատրոնի կողմից ներկայացվելու դեպքում` պատրոնի անձնագիրը, պատրոնաժ սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը:

7. Գործակալության աշխատողը հաճախորդի դիմումն ստանալուց հետո, 15-օրյա ժամկետում, կատարում է տնային այցելություն, նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

8. Հաճախորդին անհապաղ խնամք տրամադրելու մասին որոշում կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձի անօգնական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:

9. Գործակալության աշխատողը տնային այցելության արձանագրությունը եզրակացության և խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է գործակալության պետին:

Գործակալության պետն առկա փաստաթղթերի և այդ առաջարկության հիման վրա ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին:

10. Գործակալության պետի որոշման մեջ նշվում է տրամադրվող խնամքի տեսակը:

11. Գործակալության պետը հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում խնամք տրամադրելու մասին որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)` հաճախորդի ընդունելությունը համապատասխան հաստատությունում կազմակերպելու համար, իսկ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում կամ տնային պայմաններում խնամք տրամադրելու վերաբերյալ որոշումը` համապատասխան կազմակերպություններ:

12. Նախարարությունը գործակալությունից ստացված որոշումների հիման վրա համակարգում է հաճախորդների տեղավորման գործընթացը:

13. Խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կարող է իրականացվել հետևյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝

ա) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.

բ) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:

14. Հաճախորդին, առանց նրա կամ նրա խնամակալի համաձայնության, սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու որոշումը գործակալության առաջարկությամբ ընդունում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

15. Հաճախորդին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելուց հետո մեկամսյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից ստանալով տեղեկատվություն, ընդունում է որոշում դադարեցնել հաճախորդի նկատմամբ նախկինում սահմանված խնամակալությունը և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվում այն հաստատությունը, որտեղ տեղավորվել է հաճախորդը:

16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշմամբ հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքով խնամքի տրամադրումը կարող է մերժվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:

Նշված հիմքով ծեր և հաշմանդամ քաղաքացուն խնամքի տրամադրումը մերժելու դեպքում գործակալությունը միջնորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիվանդի համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բուժհաստատությունում կազմակերպելու համար:

 

III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

18. Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին հաճախորդի տանը նրա անհատական պահանջմունքներին համարժեք:

19. Գործակալության պետի որոշումն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 5-օրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն: Հաճախորդին տրամադրվող խնամքի ծառայությունների տեսակներն ու դրանց տրամադրման պարբերականությունը որոշվում է մասնագետների տնային այցելության արդյունքում, ինչի վերաբերյալ հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր:

20. Տնային պայմաններում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է`

ա) հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 7-ի  N 1874-Ն որոշմամբ հաստատված ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

գ) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքում.

դ) հաճախորդի մահվան դեպքում:

 

IV. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետև` կենտրոն) նախատեսված է ցերեկային ժամերին հաճախորդներին խնամքի տրամադրման համար:

22. Հաճախորդներին կենտրոնում խնամք տրամադրվում է գործակալության որոշման հիման վրա` կենտրոնի ղեկավարի հրամանով:

23. Կենտրոնում հաճախորդներին տրամադրվում է`

ա) սնունդ՝ օրական մեկ անգամ.

բ) առաջնային բուժօգնություն.

գ) սոցիալ-հոգեբանական օգնություն.

դ) իրավաբանական խորհրդատվություն:

24. Կենտրոնը կազմակերպում է հաճախորդների ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:

 

V. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

25. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում հաճախորդներին տրամադրվում է երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք: Խնամք տրամադրվում է բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ հաստատություններում:

26. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատությունները նախատեսված են երկարաժամկետ կացարանի և շուրջօրյա լրիվ խնամքի կարիք ունեցող միայնակ ծերերի կամ 18 տարին լրացած հաշմանդամների, բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանց, խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:

27. Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատությունները նախատեսված են 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդություն կամ մտավոր հետամնացություն ունեցող հաշմանդամների, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով տառապող և խնամքի կարիք ունեցող միայնակ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և մշտական բնակության համար:

28. Հաճախորդի ընդունելությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:

29. Հաճախորդը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության օրվա ընթացքում անցնում է բժշկական զննություն, սանիտարական մշակում և, անհրաժեշտության դեպքում, 3 օրով տեղավորվում հատուկ սենյակում` կարանտին անցնելու համար: Հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ:

30. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը հաճախորդին տրամադրում է`

ա) անհրաժեշտ կահույք.

բ) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան.

գ) անձնական հիգիենայի պարագաներ:

31. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է հաճախորդների`

ա) սնունդը (օրական առնվազն երեք անգամ),

բ) առաջնային բուժօգնությունը,

գ) սոցիալ-հոգեբանական օգնությունը,

դ) իրավաբանական խորհրդատվությունը,

ե) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը,

զ) բժշկասոցիալական փորձաքննությունը,

է) ստացիոնար բուժական հաստատություն ուղեգրումը,

ը) ազատ ժամանցը:

32. Հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժշկի կողմից:

33. Հաճախորդը, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, մինչև մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելը, տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության հատուկ առանձնացված սենյակում` բժշկի եզրակացության հիման վրա, որի մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն:

34. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժիշկը յուրաքանչյուր օր կազմակերպում է բոլոր հաճախորդների համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր հաճախորդների բուժզննում և կատարում գրառում հաճախորդի բժշկական քարտում:

35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը:

36. Հաճախորդներին կարող են այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:

37. Հաճախորդները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարի հրամանով կարող են մինչև մեկ ամիս ժամկետով դուրս գրվել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից՝ իրենց հարազատներին հյուրընկալվելու նպատակով՝ իրենց կամ իրենց հարազատի գրավոր դիմումի հիման վրա: Հետ վերադարձի ժամանակ հաճախորդը ներկայացնում է տեղեկանք բնակավայրում վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման մասին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնից:

38. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից հաճախորդի դուրսգրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով:

39. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատության հաճախորդի` քրոնիկ հոգեկան կամ ծերունական փսիխոզով ու ծանր սկլերոզով հիվանդանալու դեպքում, նա տեղափոխվում է բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն` հոգեբույժի եզրակացության հիման վրա` նախարարության ուղեգրով:

40. Հաճախորդի մահվան դեպքում` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ղեկավարն անհապաղ տեղյակ է պահում հանգուցյալի հարազատներին (եթե այդպիսիք կան)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Հարազատների բացակայության կամ հանգուցյալի հուղարկավությունը կազմակերպելուց նրանց հրաժարվելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը: Հաճախորդի մահն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում:

 

VI. ՀՈՍՊԻՍԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

41. Հոսպիսային օգնությունը տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում՝ բժշկի եզրակացության և հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպությանը հաճախորդի կամ նրա հարազատների գրավոր դիմումի հիման վրա:

42. Հոսպիսային օգնություն հաճախորդներին տրամադրվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում` առանձնացված բաժանմունքներում, ինչպես նաև` տնային պայմաններում:

43. Հոսպիսային օգնության տրամադրումը ձևակերպվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:

44. Հոսպիսային օգնության շրջանակում հաճախորդին տրամադրվում է բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն:

45. Հաճախորդի ընտանիքի անդամներին հոսպիսային օգնության շրջանակում համապատասխան մասնագետները տրամադրում են սոցիալ-հոգեբանական օգնություն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Քրոնիկ հոգեկան հիվանդություն, որն ընթանում է անձի վարքի և ադապտացիոն շեղումներով (փսիխոզներ, թուլամտություն, անձի շեղումներ և այլն), բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի

Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն

Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում

Օնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային օգնության տրամադրման դեպքի

Ինֆեկցիոն հիվանդություններ՝ հիվանդության սուր շրջանում

Տուբերկուլոզ` հիվանդության վարակի շրջանում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան