Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2007-07.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.404
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 262-Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 10
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 262-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների (այսուհետ` սարքավորումներ) փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սարքավորումների փորձաքննությունը ներառում է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունում  օգտագործվող սարքավորումները:

3. Սարքավորումների փորձաքննությունն անց է կացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն)` թանկարժեք մետաղների զտարկման,  բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած տվյալ իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ։

4. Սարքավորումների փորձաքննության աշխատանքներն իրականացվում են դիմումը տեսչություն մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

Փորձաքննությունն անցկացվում է տնտեսավարող սուբյեկտի տարածքում` փորձաքննության աշխատանքներն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ` նրա ղեկավարին կամ պաշտոնատար անձին տեղյակ պահելուց հետո:

5. Սարքավորումների փորձաքննության համար կազմակերպությունը տեսչության ներկայացուցչին (ներկայացուցիչներին) է ներկայացնում տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրերը, զտարկման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթերը, կարգագրերը` հայերեն տարբերակով:

6. Սարքավորումների փորձաքննության համար տեսչությունն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել համապատասխան մասնագետներ:

7. Տեսչության ներկայացուցիչը (ներկայացուցիչները) և հրավիրված մասնագետներն անարգել կարող են զննել և ուսումնասիրել այն ամենը (շենք, շինություններ, արտադրական հրապարակներ, սարքավորումներ, օժանդակ արտադրության միջոցներ, փաստաթղթեր և այլն), ինչը կապված է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության հետ և հանդիսանում է փորձաքննության առարկա։

8. Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը` համաձայն ձևի, կազմում և ստորագրում է (են) տեսչության ներկայացուցիչը (ներկայացուցիչները), տվյալ զտարկող կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված մասնագետը (մասնագետները)` դրանց մասնակցության դեպքում:

Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, 2 օրինակը տրամադրվում է տվյալ զտարկող կազմակերպությանը, իսկ մեկ օրինակը` տեսչությանը:

9. Կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կողմից եզրակացությունը չստորագրվելու դեպքում եզրակացությունում կատարվում է համապատասխան նշում: Սարքավորումների փորձաքննության եզրակացությունը հաստատվում է տեսչության պետի կողմից` հետևյալ որոշումներից մեկի գրառմամբ՝

ա) համապատասխանում է թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին,

բ) չի համապատասխանում թանկարժեք մետաղների զտարկման,  բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

10. Սարքավորումների փորձաքննության բացասական (այսինքն՝ «Չի համապատասխանում») եզրակացության մեջ կոնկրետ նշվում են այն սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացի անվանումները, որոնք չեն ապահովում օրենքի պահանջները։

Անհամապատասխանությունների վերացման դեպքում փորձաքննությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարության մետաղա-
փորձական վերահսկողության տեսչության
պետ _____________________
_____   _______________  200  թ.

ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

_____   __________________    200   թ.
____________________________________________________________

(պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը)


Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար օգտագործվող սարքավորումների


Փորձաքննության արդյունքները

_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
Կազմակերպության անվանումը ________________________________________
Սարքավորումները _________________________________________________
_____________________________________________________________

(համապատասխանում են կամ չեն համապատասխանում

_____________________________________________________________

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին` նշել հոդվածները և մասերը)


Փորձաքննության մասնակիցներ


Տեսչության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) ______________________________
____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)


Զտարկող կազմակերպության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ) ___________________
____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հրավիրված մասնագետներ ___________________________________________
____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)