Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-688
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ (APL2)) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

16 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38, 63 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր (APL2)) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով  համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի մարտի 9-ին` Երևանում: Համաձայնագրով ներկայացված երկրորդ ծրագիրը 2004 թվականի հուլիսի 30-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրով (Առողջապահության համակարգի արդիականացման ծրագիր) նախատեսված ընդհանուր ծրագրի հաջորդ փուլն է: Այդ զարգացման վարկային համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 24.11.2004 թ.:

Երկրորդ ծրագրի իրականացման համար Ընկերակցությունը տրամադրում է 14.800.000 փոխառության հատուկ իրավունքներին (SDR) համարժեք գումար:

2. Այդ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է ուժեղացնել առողջապահական համակարգի կառավարման արդյունավետությունը, զարգացնել և ընդլայնել ընտանեկան բժշկության և մարզային առողջապահական ծառայությունների ցանցերը, բարելավել առողջապահության որակն ու մատչելիությունը:

3. Համաձայնագիրը բաղկացած է երեք ժամանակացույցից, որոնցում ներկայացված են ծրագրի նկարագրության, նրա իրականացման և հետվճարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հավելվածից, որում սահմանվում են համաձայնագրում օգտագործված հասկացությունները: 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

ա) վճարել պարտավճար` վճարվելիք չվերցված ֆինանսավորման հաշվեկշռի համար, ոչ ավելի, քան տարեկան 1%-ի 1/2-ի չափով,

բ) վճարել սպասարկման վճար` վճարվելիք վերցված վարկավորման ծառայությունների համար` տարեկան 1%-ի 3/4-ի չափով,

գ)  սահմանված կարգով կիսամյակային մուծումներով վճարել վարկի մայր գումարը` յուրաքանչյուր վճարման դեպքում հիմնական գումարի 5%-ը,

դ) ֆինանսավորել ծրագրով նախատեսված ծախսերի համամասնորեն 25%-ը,

ե) բացել ծրագրի հաշիվ` 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք նախնական ավանդով,

զ) հաստատել Ընկերակցության համար ընդունելի ծրագրի գործառնական ձեռնարկ,

է) վարել վարկի ֆինանսական կառավարման համակարգը և պատրաստել ֆինանսական հաշվետվություններ,

ը) սահմանված կարգով հաշվեքննման ենթարկել ՀՀ ֆինանսական հայտարարագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի մարտի 9-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր (APL2)) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


16 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-688