Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-668
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

28 նոյեմբերի 2006 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` քաղ. Հ. Ռուշանյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Հ. Ռուշանյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործի նյութերը, սույն գործով զեկուցողի գրավոր զեկույցը, կողմերի գրավոր բացատրությունները, լսելով դիմողի պարզաբանումները, հետազոտելով գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ դատարանի վճիռը» վերտառությամբ 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետն արձանագրում է, որ գործի կրկնակի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս վճռի մեջ պետք է նշի` «4) վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս»:

2. Դիմող կողմը գտնում է, որ ըստ ՀՀ մասնակցությամբ 1994թ. կնքված միջպետական համաձայնագրի՝ ինքը համարվում է պատերազմի հաշմանդամ, այլ ոչ թե հավասարեցված անձ, մինչդեռ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին ուղղված իր դիմումին առանց պատճառաբանության պատասխանել են, որ 1994թ. համաձայնագիրն իր նկատմամբ չի կիրառվում: Հայտնելով, որ ինքը համարվում է պատերազմի մասնակից, քանի որ աշխատել է ներքին գործերի համակարգում և հաշմանդամություն է ստացել ծառայությունն իրականացնելիս, նաև նշել է, որ իր նմանները և Հայրենական պատերազմի հաշմանդամները կոչվում են «պատերազմի հաշմանդամներ»:

Հ. Ռուշանյանի կարծիքով` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը կիրառելիս՝ խախտել է ՀՀ Սահմանադրության 3, 34, 37 հոդվածների և 42 հոդվածի 3-րդ պարբերության պահանջները:

3. Պատասխանող կողմի կարծիքով` դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ, ըստ էության, դիմողը վիճարկում է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին, այլ` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հունվարի 16-ի վճռի օրինականությունը: Պատասխանող կողմը գտնում է, որ խնդիրը ոչ թե վերոհիշյալ դրույթի սահմանադրականությանն է վերաբերում, այլ այս գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110 և 218 հոդվածների կիրառման հիմնավորվածությանը, ինչը, իր կարծիքով, դուրս է ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունից:

4. Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Հ. Ռուշանյանը` դիմելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, հայտնել է, որ ՀՀ կառավարությունը 2004 թ. անվավեր է ճանաչել իր իսկ կողմից 1997թ. ընդունված որոշման մի շարք կետեր, որի արդյունքում պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին հավասարեցված անձանց զրկել է հեռախոսավարձը 50%-ով վճարելու արտոնությունից: Համաձայն 15.04.1994 թ. ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների կողմից կնքված և ՀՀ Նախագահի կողմից 09.12.1995 թ. վավերացված՝ «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների ու երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրի 1-ին հոդվածի` իր նկատմամբ պետք է կիրառվեն համաձայնագրի բոլոր կետերը, քանի որ իր կողմից ներկայացված վկայականի բովանդակությունը համապատասխանում է նշված հոդվածի պահանջներին: Իր նմանները և Հայրենական պատերազմի հաշմանդամները կոչվում են «պատերազմի հաշմանդամներ»: Ինքը մինչև 2005 թ. ապրիլն օգտվել է հեռախոսավարձը 50%-ով վճարելու արտոնությունից:

Շարադրելով վերոնշյալ փաստական հանգամանքները՝ Հ. Ռուշանյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջել է իրեն ճանաչել որպես պատերազմի հաշմանդամ և պատասխանող` «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին պարտավորեցնել իր նկատմամբ կիրառել 50% հեռախոսավարձի արտոնություն:

Առաջին ատյանի դատարանը 30.05.2005 թ. բավարարել է հայցը և պարտավորեցրել է «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին Հ. Ռուշանյանին մատուցված հեռախոսային ծառայությունների դիմաց հեռախոսավարձի վճարներն ընդունել 50% զեղչով` որպես Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերանի:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով սույն գործը` 08.07.2005 թ. վճռել է Հ. Ռուշանյանի հայցն ընդդեմ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի մերժել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը 14.10.2005թ. որոշել է Հ. Ռուշանյանի բողոքը բավարարել մասնակի: Բեկանել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.07.2005թ. վճռի` պատերազմի հաշմանդամ ճանաչելը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռի մնացած մասը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքն այդ մասով` առանց բավարարման:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` 16.01.2006 թ. քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի որոշման հիման վրա քաղաքացիական գործն ըստ հայցի Հ. Ռուշանյանի՝ ընդդեմ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի` պատերազմի հաշմանդամ ճանաչելու և 50 % հեռախոսավարձի արտոնություն կիրառելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հ. Ռուշանյանի դիմումի հիման վրա գործն ընդհանուր իրավասության ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները քննության առնելիս` անդրադարձել են նաև գործի համար կարևորություն ունեցող այնպիսի իրավական ակտի գնահատման և կիրառման հիմնահարցին, ինչպիսին է 1994 թ. «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների ու երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագիրը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը` վկայակոչելով գործին առնչվող ՀՀ Սահմանադրության 6 հոդվածը, իրավական մյուս ակտերի, այդ թվում նշված Համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2-րդ կետի 2.3. ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 10-րդ մասի 7-րդ պարբերության բովանդակությունը և հենվելով դրանց, բավարարել է Հ. Ռուշանյանի հայցը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` մեկնաբանելով նշված Համաձայնագրի 1, 2 հոդվածների, թիվ 1 հավելվածի 1.1., 1.2., 1.3., 2.3., 2.12. կետերի բովանդակությունը, որոշել է մերժել Հ. Ռուշանյանի հայցը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը` վկայակոչելով Համաձայնագրի, ինչպես նաև գործում առկա մյուս իրավական ակտերի դրույթները, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի` հիմք ունենալով, որ հիշյալ Համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3. կետի համաձայն «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններ են հանդիսանում այն անձինք, ովքեր ծառայել են ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կամ հետագայում հիվանդացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, որը կապված է ռազմաճակատում գտնվելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելու հետ այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել պատերազմական գործողությունները»:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր՝ 16 հունվարի 2006 թ. օրինական ուժի մեջ մտած վճռում նույնպես հիմք է ընդունել Համաձայնագրի այդ դրույթը` ընդգծելով, որ հայցվորի պահանջը` իրեն պատերազմի հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ, արդեն կարգավորված է հիշյալ Համաձայնագրով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքը սահմանելով «Հայրենական մեծ պատերազմի վետերաններ» հասկացությունը, չի անդրադարձել Համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3. կետում նշված անձանց: Սակայն նույն օրենքի հոդված 3-ը սահմանում է, որ «Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Հետևաբար, իրավակիրառական պրակտիկայում «պատերազմի վետերաններ» հասկացությունը մեկնաբանելիս՝ անվերապահորեն պետք է հիմք ընդունել նաև Համաձայնագրի թիվ 1 հավելվածի 2.3. կետի դրույթները:

6. Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 218 հոդվածի` դիմողի կողմից վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության նորմերի միջև առկա չէ որևէ անորոշություն: Դիմողը նորմի հակասահմանադրականության որևէ փաստարկ չի ներկայացնում, այլ առաջ է քաշում այդ նորմի կիրառման պարագայում դատարանների վճիռների հիմնավորվածության խնդիրը, որի գնահատումը սահմանադրական դատարանի իրավասության մեջ չի մտնում: Ընդհանուր իրավասության դատարանների իրավասության ենթակա քաղաքացիաիրավական վեճերը լուծելու հարցը չի կարող դառնալ սահմանադրական արդարադատության առարկա, որի միջոցները տվյալ համատեքստում չեն կարող համարժեք լինել դիմողի շահերի պաշտպանության համար:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավական բովանդակությանը, ապա վերջինս վերաբերում է բոլոր այն պայմաններին, որոնք անհրաժեշտ ու պարտադիր են դատարանի կողմից օրինական և հիմնավորված վճիռ կայացնելու համար: Նման պայմանների բացակայությունը կարող էր դիտվել ոչ իրավաչափ և սահմանադրականության խնդիր կառաջացներ: Վիճարկվող դրույթն իրավաչափ նպատակ է հետապնդում և հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին պարբերության պահանջի օրենսդրական իրացման երաշխիքներից մեկը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


28 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-668