Գլխավոր տեղեկություն
Համար
N 1791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.01.2007-05.08.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.05/1(525) Հոդ.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1791-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված` 92.602.300 դրամ արժողությամբ գույքը (բացառությամբ շենքերի և շինությունների) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

5. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,

բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը,

գ) ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական որակավորումը),

դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը,

ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հետազոտություններ ու մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

բ) հրատարակչական գործ.

գ) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ.

դ) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) սույն որոշման 3-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ պարզել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված 18 շենքերի և շինությունների կադաստրային արժեքը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 311 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

Ակադեմիան Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավահաջորդն է:

Ակադեմիան բարձրագույն ռազմական և ոստիկանական ուսումնական հաստատություն է:

2. Ակադեմիան ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

4. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

5. Ակադեմիայի անվանումն է`

հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն` Государственная некоммерческая организация «Академия полиции Республики Армения»,

անգլերեն` State non-profit organization «Police academy of the Republik of Armenia»:

6. Ակադեմիայի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:

7. Ակադեմիան կարող է այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, ակադեմիական կրծքանշան, խորհրդանիշ, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Ակադեմիայի գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

Ակադեմիայի գործունեության նպատակներն են`

ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.

բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.

գ) ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը (մասնագիտական որակավորումը).

դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

9. Ակադեմիան իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հետազոտություններ և մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում,

բ) հրատարակչական գործ,

գ) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ,

դ) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում:

10. Ակադեմիան`

ա) կազմակերպում է ընդունելություն և ուսուցում, շրջանավարտներին հանձնում է պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ) և ակադեմիական կրծքանշան.

բ) կազմում է ուսումնական պլաններ և առարկայական, ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման ծրագրեր.

գ) կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն.

դ) տնօրինում է իր ֆինանսական միջոցները.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Ակադեմիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամաններին և սույն կանոնադրությանը համապատասխան:

12. Հիմնադիրն ունի ակադեմիայի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

13. Ակադեմիայի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, գործադիր մարմինը` ակադեմիայի պետը:

14. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) ակադեմիայի հիմնադրումը.

բ) ակադեմիայի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) ակադեմիայի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

ե) ակադեմիայի կառավարման համակարգի սահմանումը.

զ) օրենքով և ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

15. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է ակադեմիայի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

16. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

ա) իրականացնում է ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ակադեմիայի պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները կամ ցուցումները.

գ) լսում է ակադեմիայի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

դ) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ե) վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս նրա գույքը վարձակալության հանձնելու համար.

զ) հաստատում է ակադեմիայի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, նորմատիվ հրամանով, ակադեմիայի պետի ներկայացմամբ, հաստատում է առկա ուսուցման ձևով սովորողներին զորանոցում պահելու կարգն ու պայմանները.

է) հաստատում է ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը.

ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

17. Ակադեմիայի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ակադեմիայի պետը՝ անձամբ, և ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի (առաջին տեղակալ), ակադեմիայի պետի գիտական աշխատանքների գծով տեղակալի, ակադեմիայի պետի անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների գծով տեղակալի, ակադեմիայի պետի թիկունքի գծով տեղակալի, ակադեմիայի պետի ծառայության գծով տեղակալի միջոցով:

Ակադեմիայի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Ակադեմիայի պետը օրենքով, հիմնադրի որոշումներով և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով, ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ակադեմիայի գործունեությունը, կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանների, ցուցումների, ակադեմիայի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

18. Ակադեմիայի պետը`

ա) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

բ) ներկայացնում է ակադեմիան պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.

գ) իրականացնում է ակադեմիայի ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.

դ) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.

ե) իր իրավասությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի ծառայողներին, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության կրտսեր կոչումներ.

է) ապահովում է ակադեմիայում գաղտնիության ռեժիմը.

ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված դեպքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

թ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ժ) հաստատում է ակադեմիայի օրակարգը.

ժա) իր բացակայության ժամանակ պետի պարտականությունների կատարումը հանձնարարում է իր տեղակալներից մեկին.

ժբ) տալիս է ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ժգ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ժդ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանն է ներկայացնում արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվը: Գոյացած արտաբյուջետային միջոցներից ակադեմիայի աշխատողների համար կարող է սահմանել հավելավճարներ.

ժե) համաձայն նախահաշվի` տնօրինում է արտաբյուջետային միջոցները.

ժզ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ներկայացնում է առաջարկություններ ակադեմիայի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու, ինչպես նաև ակադեմիայի հաստիքային ցուցակի վերաբերյալ.

ժէ) իր լիազորությունների սահմաններում կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող պայմանագրեր.

ժը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

19. Ակադեմիայի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) ակադեմիայի պետին առընթեր խորհրդակցական մարմին է, որի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է ակադեմիայի պետը:

20. Խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է ակադեմիայի պետը:

21. Խորհուրդը՝

ա) քննարկում է ակադեմիայի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը, ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը.

բ) քննարկում և ակադեմիայի պետի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի գործունեության գլխավոր ուղղությունները.

գ) ակադեմիայի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.

դ) քննարկում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ ակադեմիայում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.

ե) ակադեմիայի պետին է ներկայացնում առաջարկություններ սովորողներին խրախուսելու վերաբերյալ.

զ) քննարկում է ակադեմիայի միջազգային կապերի ծրագրերը և ուղղությունները.

է) ակադեմիայի պետին է ներկայացնում մասնագիտությունների անվանացանկի վերաբերյալ առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

ը) ուսումնասիրում և ակադեմիայի պետին է ներկայացնում առաջարկություններ ըստ մասնագիտությունների ուսումնական պլանների վերաբերյալ.

թ) քննարկում է ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները:

22. Ակադեմիայի խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում ակադեմիայի պետի կողմից հաստատվելուց հետո:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

23. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, ուսումնաօժանդակ և այլ ստորաբաժանումներ:

24. Ակադեմիայի ուսումնագիտական և վարչական կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որն ստեղծվում է ըստ մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի:

25. Ֆակուլտետը կարող է կազմված լինել ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:

26. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի պետը:

27. Ֆակուլտետի պետը՝

ա) ներկայացնում է ֆակուլտետն ակադեմիայում, ինչպես նաև՝ այլ հիմնարկներում, կազմակերպություններում.

բ) կազմակերպում է ֆակուլտետի ուսումնամեթոդական, գիտական և այլ գործունեությունը.

գ) ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետի աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց կոչումներ շնորհելու վերաբերյալ:

28. Ֆակուլտետի խորհուրդը ֆակուլտետի պետին առընթեր խորհրդակցական մարմին է:

29. Ֆակուլտետի խորհրդի ձևավորման կարգը, կազմը և աշխատակարգը սահմանվում է ակադեմիայի պետի հրամանով՝ ֆակուլտետի պետի ներկայացմամբ:

30. Ֆակուլտետի խորհուրդը՝

ա) ֆակուլտետի պետի միջնորդությամբ՝ ակադեմիայի պետի միջոցով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ.

բ) ֆակուլտետի պետի միջնորդությամբ՝ ակադեմիայի խորհրդի միջոցով ակադեմիայի պետի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

գ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների և այլ գործունեության հետ կապված հարցեր:

31. Ակադեմիայի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման և իրականացման հիմնական ստորաբաժանումն ամբիոնն է:

32. Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի պետը:

33. Ակադեմիայի կառուցվածքային մաս հանդիսացող այլ ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են ակադեմիայի պետի հրամանով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Ակադեմիայում ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին» կանոնագրքին, գերատեսչական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

35. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևերով:

36. Գիտական աստիճաններ շնորհելու համար ակադեմիայում կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:

37. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ակադեմիայի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և սովորողները, ինչպես նաև ուսումնական, գիտական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու համար պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

38. Ակադեմիայի աշխատողներն են ոստիկանության ծառայողները և աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են պրոֆեսորադասախոսական, գիտական, վարչական կազմում, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:

39. Ակադեմիայի աշխատողներն իրավունք ունեն՝

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.

բ) հաստատված պլանների համաձայն ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.

գ) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության:

40. Ակադեմիայի աշխատողները պարտավոր են`

ա) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական ակտերի, սույն կանոնադրության պահանջները.

բ) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

դ) պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել ակադեմիայի գույքը:

41. Ակադեմիայի սովորողներն են կրթություն ստանալու նպատակով ակադեմիա ընդունվածները, ասպիրանտները, վերապատրաստում (մասնագիտական որակավորում) անցնող ոստիկանության ծառայողները:

42. Առկա ուսուցման ձևով կրթություն ստացող առաջին և երկրորդ կուրսերի սովորողներն ուսման ընթացքում գտնվում են զորանոցային պայմաններում (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողների և իգական սեռի սովորողների):

43. Ակադեմիայի սովորողներն իրավունք ունեն՝

ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և ակադեմիայի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.

բ) օգտվելու ոստիկանության ծառայողների համար «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներից.

գ) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

դ) ըստ նախասիրությունների մասնակցելու ակադեմիայում անցկացվող ուսանողական գիտական հետազոտություններին.

ե) օգտվելու սովորողների համար ստեղծված կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման պայմաններից.

զ) ստեղծելու ուսանողական խորհուրդ, մասնակցելու դրա աշխատանքներին.

է) փոխադրվելու մեկ այլ բուհ (այդ թվում` օտարերկրյա պետությունների)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

ը) վերականգնվելու ակադեմիայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 44. Ակադեմիայի սովորողները պարտավոր են՝

ա) հաճախել ակադեմիայում անցկացվող ուսումնական պարապմունքներին.

բ) անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.

գ) կատարել սույն կանոնադրության պահանջները և ղեկավարների հրամանները.

դ) տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին:

45. Առկա ուսուցման ձևով կրթություն ստացող սովորողներն ակադեմիան ավարտելուց հետո համարվում են ատեստավորված և ծառայության են նշանակվում ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում, և նրանց շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Ակադեմիան իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն հետևյալ ձևերով`

ա) օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` ակադեմիայի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով ակադեմիայի դասախոսների` օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատություններ գործուղում.

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` վերապատրաստման (մասնագիտական որակավորման) նպատակով ակադեմիայի աշխատողների, սովորողների, հայցորդների, ասպիրանտների ու դոկտորանտների` օտարերկրյա ուսումնական հաստատություններ գործուղում.

դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

զ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:

 

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ակադեմիայի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից: Ակադեմիան իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Ակադեմիային չի կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

48. Ակադեմիան իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրական նպատակներին համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

49. Հիմնադիրը սեփականության իրավունքով ակադեմիային պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ ակադեմիայի լուծարումից հետո մնացած գույքի:

50. Ակադեմիայի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

51. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

52. Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ և թույլատրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

53. Ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

54. Ակադեմիայի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից, որոնք օգտագործվում են սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Ակադեմիան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով:

55. Ակադեմիայի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) թույլատրված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

բ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակված գույքը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և ակադեմիայի կանոնադրական խնդիրների իրականացման համար ստացված միջոցները:

56. Ակադեմիայի գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

57. Ակադեմիա ընդունվածները խրախուսվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ակադեմիային հատկացված միջոցների հաշվին:

58. Ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը (ստուգում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների կողմից:

 

IX. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

59. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Ակադեմիան կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության:

Ակադեմիան դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

60. Ակադեմիան կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Ակադեմիան կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Ակադեմիան դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

61. Ակադեմիայի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

62. Ակադեմիայի լուծարման դեպքում ակադեմիայի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան