«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1864-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԿԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման այլ դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի «Մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկի մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ժանաչել որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 8-րդ և 19-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԿԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության դրոշը կարող է գործածվել հետևյալ դեպքերում`
ա) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տոների ընթացքում կազմակերպվող միջոցառումների ու հանդիսությունների, ինչպես նաև հիշատակի օրերին անցկացվող հանրահավաքների, երթերի ու ժողովների ժամանակ.
բ) ընտրական տեղամասային կենտրոններում` ընտրությունների ժամանակ.
գ) միջազգային և հանրապետական նշանակության միջոցառումների, հավաքների, համաժողովների, մրցումների, ինչպես նաև հուշամրցաշարերի ժամանակ.
դ) 1993 թվականի «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված համալիրների վրա.
ե) որպես հուշանվեր` պահպանելով «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարաբերակցությունը:
2. Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը կարող է գործածվել`
ա) ազդագրերում, հոլովակներում (նաև` գովազդային), լուսատախտակների և վահանակների վրա` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
բ) միջազգային և հանրապետական նշանակության միջոցառումների, հավաքների, համաժողովների, մրցումների և հուշամրցաշարերի անցկացման կապակցությամբ` կրծքանշաններ, համազգեստներ, մարզահագուստներ և այլ իրեր պատրաստելիս:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |