Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.275
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2007 թվականի N 128-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերության պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 14
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 25-ի N 128-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերի մարտական դրոշի (այսուհետ` զորամասի մարտական դրոշ) հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս է բերվում`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից զորամասերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի անձնակազմին պետական պարգևներ հանձնելու ժամանակ,

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում հանդիսավոր արարողությունների ժամանակ, երբ ներկա են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

3) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող օտարերկրյա պետության զորքերի և զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ,

4) Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված զորահանդեսների ժամանակ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ամենօրյա կենսագործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս չի բերվում:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերի վարչական շենքի (շտաբի) տանիքին, ինչպես նաև զորամասի շարահրապարակում` պատվանդանից երկու մետր աջ, յոթ մետր երկարությամբ, դրոշաձողին ամրացված վիճակում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան