ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԱԳ ԾԱՎԱԼՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՎԱԼՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 նոյեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ստորագրված՝ Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման, կիրառման և բազմակողմանի ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. հունիսի 23-ին` Մինսկում:
2. Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերը (այսուհետ` ԿԱՏ ԱԾՀՈՒ) մտնում է Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ և բաղկացած է ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի հրամանատարությունից, շտաբից ու ազգային համակազմերից և հանդիսանում է միացյալ խմբավորման մշտական պատրաստության զորքեր (ուժեր):
3. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի հիմնական խնդիրներն են. խնդիրների լուծմանը պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով օպերատիվ ծավալման իրականացումը կամ միացյալ խմբավորման ծավալման ապահովումը, ագրեսիայի հակազդման ընթացքում համազորային գործողություններին մասնակցությունը, համատեղ համազորային, հակաահաբեկչական, հատուկ գործողություններին մասնակցությունը:
4. Համաձայնագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունները, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը, ստանձնում են մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
ա. հավաքական անվտանգության համակարգի միջպետական մարմինների գործողությունների կարգը ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի օպերատիվ ծավալման և կիրառման համար որոշումներ նախապատրաստելու և ընդունելու դեպքում իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի` 2000թ. մայիսի 24-ի որոշմամբ հաստատված` «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման համար հավաքական որոշումներ ընդունելու և իրագործելու կարգի մասին» կանոնակարգին համապատասխան,
բ. ԿԱՏ պետությունները, Պլանին համապատասխան, վաղօրոք անհրաժեշտ պայմաններ են ստեղծում և ապահովում են դեպի օպերատիվ ծավալման (նշանակության) նշանակված վայր շարժվող` անձնակազմերով, ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ և ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի ազգային համակազմերի նյութատեխնիկական միջոցներով զինվորական շարժակազմերի, օդանավերի, ավտոմոբիլային շարասյուների` իրենց պետական սահմանի անարգել ու անհատույց հատումը, իրենց տարածքով երթևեկությունը կամ տարանցումը, ինչպես նաև անհատույց ապահովում են ենթակառույցի օբյեկտների տեղակայումը և օգտագործումը, եթե այլ բան սահմանված չէ հավաքական անվտանգության խորհրդի որոշումներով,
գ. ԿԱՏ պետությունները ԿԱՏ ԱԾՀՈՒ-ին տրամադրում են պետական սահմանները հատելու հատուկ (արտահերթ) պայմաններ,
դ. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների փոխադրումը ԿԱՏ պետությունների մաքսային սահմանով սույն համաձայնագրի շրջանակներում իրականացվում է առաջնահերթ` առանց կիրառելու ԿԱՏ պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցները և առանց գանձելու բոլոր տեսակի հարկերը, տուրքերը և վճարումները` ուղարկող և ընդունող Կողմերի լիազորված մարմինների համաձայնեցրած անվանացանկերի հիման վրա,
ե. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի ազգային համակազմերն ընդունող Կողմի տարածքում ժամանակավոր գտնվելու ընթացքում ապահովում են նրա օգտագործվող անշարժ գույքի, բնական պաշարների, մշակութային և պատմական օբյեկտների պահպանումը,
զ. ԿԱՏ պետություններն օդային տարածք են տրամադրում ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի և պետությունների ավիացիայի օդանավերի թռիչքներ կատարելու համար, որոնք իրականացվում են ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի օպերատիվ ծավալման և կիրառման, օպերատիվ և մարտական պատրաստության պլաններով` անհատույց հիմունքներով` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված կանոններին համապատասխան,
է. ռազմական օդանավերի ընդունումը, օդանավատեխնիկական ապահովումն ու պահպանությունն իրականացվում են ԿԱՏ պետությունների հետ առանձին համաձայնագրերի հիման վրա:
5. Համաձայնագրում ԿԱՏ պետությունների նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն համաձայնագրի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Համաձայնագրի հոդվածների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերը կարգավորում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Քննարկվող համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած ԿԱՏ պետությունների` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:
Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ համաձայնագրից` դուրս գալու նախատեսված ժամկետից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ստորագրված` Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման, կիրառման և բազմակողմանի ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|