«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1490-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 131-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագիրը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ՀՀ ՕՀՊԿ) վարման կարգը:
2. ՀՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
3. ՀՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:
4. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`
ա) հաշվառման ենթակա են`
հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռներով հաշվարկված հանքավայրերը,
կոնսերվացված հանքավայրերը,
օգտակար հանածոների երևակումները.
բ) հաշվառման ենթակա չեն`
ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,
երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:
5. ՀՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`
ա) հանքավայրերի`
աշխարհագրական տեղադիրքը,
լեռնաերկրաբանական պայմանները,
երկրաբանական կառուցվածքը,
չափերը,
օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,
պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.
բ) երևակումների`
աշխարհագրական տեղադիրքը,
լեռնաերկրաբանական պայմանները,
երկրաբանական կառուցվածքը,
կանխատեսվող չափերը,
օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:
6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:
7. ՀՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`
ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,
բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,
գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:
8. ՀՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:
9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.11.2012, N 1571-Ն | 05.01.2013, N 1490-Ն | |
24.06.2010, N 789-Ն | 08.07.2010, N 1490-Ն | |
29.01.2010, N 65-Ն | 11.02.2010, N 1490-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|