Գլխավոր տեղեկություն
Համար
N 1490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2006-11.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1490-Ն

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 131-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագիրը):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ՀՀ ՕՀՊԿ) վարման կարգը:

2. ՀՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

3. ՀՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`

ա) հաշվառման ենթակա են`

հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռներով հաշվարկված հանքավայրերը,

կոնսերվացված հանքավայրերը,

օգտակար հանածոների երևակումները.

բ) հաշվառման ենթակա չեն`

ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,

երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:

5. ՀՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`

ա) հանքավայրերի`

աշխարհագրական տեղադիրքը,

լեռնաերկրաբանական պայմանները,

երկրաբանական կառուցվածքը,

չափերը,

օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,

պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.

բ) երևակումների`

աշխարհագրական տեղադիրքը,

լեռնաերկրաբանական պայմանները,

երկրաբանական կառուցվածքը,

կանխատեսվող չափերը,

օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:

6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:

7. ՀՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`

ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,

բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,

գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:

8. ՀՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:

9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան