Գլխավոր տեղեկություն
Համար
N 1467-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2006-23.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1176
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1467-Ն

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման աշխատանքների կանոնակարգման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցման դասավորվածության ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 25
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելն է:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնցով երթևեկում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը, Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով պետական պահպանություն տրամադրված այլ պետական պաշտոնյաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք.

բ) ուղեկցում՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, անհրաժեշտության դեպքում` նաև այլ տրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության ապահովում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) պետավտոտեսչության (այսուհետ՝ պետավտոտեսչություն) պարեկային ավտոմոբիլներով.

գ) էսկորտ ուղեկցում՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների անարգել և անվտանգ երթևեկության ապահովում` պետավտոտեսչության պարեկային մոտոցիկլետներով ու ավտոմոբիլներով, որն իրականացվում է օտարերկրյա պետությունների ղեկավարների, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների ու նրանց ուղեկցող անձանց պետական և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանելու դեպքերում.

դ) բարձրաստիճան հյուր՝ օտարերկրյա պետությունների ղեկավարներ, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներ ու նրանց ուղեկցող անձինք:

 

II. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄՆ ՈՒ ԷՍԿՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումն ու էսկորտ ուղեկցումն իրականացվում են ոստիկանությունում ստացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արարողակարգի ծառայության հայտերի հիման վրա:

Էսկորտ ուղեկցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի հանձնարարությամբ:

4. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման հիմնական և պահեստային երթուղիները ոստիկանությանն են տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ պահպանության ծառայություն) կողմից:

5. Երևան քաղաքում և մարզերում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը և էսկորտ ուղեկցումն իրականացվում են պահպանության ծառայության և պետավտոտեսչության համատեղ ուժերով ու միջոցներով՝ ընթացքում ապահովելով համագործակցությունը` տրանսպորտային միջոցների շարժման երթուղիների, նախատեսված երթուղով դրանց անցման մասին տեղեկությունների հաղորդման հետ կապված հարցերով:

Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման վերաբերյալ կապի միջոցներով տրված հանձնարարականներն արձանագրվում և ձայնագրվում են ոստիկանության մարմինների պետավտոտեսչության հերթապահ մասերում:

6. Հատուկ նշանակության ավտոմոբիլների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ կազմակերպված տրանսպորտային շարասյան (այսուհետ՝ շարասյուն) ղեկավարը`

ա) կազմակերպում է էսկորտ մոտոցիկլետների և ուղեկցվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը, համակարգում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղում ծառայող ճանապարհապարեկային ծառայության տեսուչների գործողությունները, մշտական կապ պահպանում պետավտոտեսչության ղեկավարների և պահպանության ծառայության պատասխանատու ղեկավարի հետ, կատարում նրանց ցուցումները,

բ) որոշումներ է ընդունում էսկորտ մոտոցիկլետների և ուղեկցող տրանսպորտային միջոցների վերադասավորման մասին՝ կապված ուղեկցվող շարասյան երթևեկության ուղղությունների փոփոխման, ինչպես նաև ճանապարհային պայմանների բարդացման հետ` ընդունվող որոշումների մասին նախապես տեղեկացնելով պահպանության ծառայության պատասխանատու աշխատողներին:

7. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ու էսկորտ ուղեկցման ժամանակ էսկորտի ավագը`

ա) էսկորտ ուղեկցման ժամանակ ապահովում է էսկորտ մոտոցիկլետներով գլխամասային և կողային տեսուչների միջև փոխգործողությունը,

բ) ելնելով ստեղծված իրադրությունից և շարասյան ղեկավարության ցուցումներից՝ իրականացնում է էսկորտի ղեկավարումը՝ համաձայնեցնելով պահպանության ծառայության պատասխանատու ղեկավարի հետ:

8. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ու էսկորտ ուղեկցման ժամանակ ուղեկցող խմբի ավագը`

ա) ավտոմոբիլների վերադասավորման, երթևեկության ուղղության փոփոխման, ուղեկցող ավտոմոբիլներից մեկի շարքից դուրս գալու և այլ հնարավոր հանգամանքների ժամանակ կարգավորում է ուղեկցող տրանսպորտային միջոցների կարգախմբերի գործողությունները,

բ) վերահսկողոթյուն է իրականացնում ուղեկցող խմբի կողմից պետավտոտեսչության ղեկավարության ցուցումների կատարման նկատմամբ:

9. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ պետական պահպանության ծառայության պետի հրամանով նշանակվում է շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար, որը, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, համակարգում և ղեկավարում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ ծառայության մեջ ներգրավված ուժերի և միջոցների համագործակցված աշխատանքը:

10. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը և էսկորտ ուղեկցումն ապահովելու նպատակով ներգրավվում են էսկորտ ուղեկցում իրականացնող ստորաբաժանման և ճանապարհապարեկային ծառայության այլ կարգախմբեր՝ յուրաքանչյուրում առնվազն երկու ծառայողներով: Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ:

 

III. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

11. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը և էսկորտ ուղեկցումը նախապատրաստվում է առաջադրանք ստանալուց հետո, որի ժամանակ հայտնվում է ուղեկցվող (էսկորտ ուղեկցվող) տրանսպորտային միջոցների թիվը, դրանց շարժման երթուղու սկզբնական և վերջնական կետերը, երթևեկությունն սկսելու ժամանակը:

12. Ուղեկցման և էսկորտ ուղեկցման նախապատրաստման ժամանակ պետավտոտեսչության ղեկավարության կողմից կազմակերպվում է`

ա) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղով ընթացող ամբողջ կամ միայն բեռնատար տրանսպորտը հանելու հարցը,

բ) ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների տեխնիկական վիճակի, ինչպես նաև ռադիոկապի, լրացուցիչ սարքավորումների և հաշվեցուցակային զենքի հանձնաժողովային ստուգում, որի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Արձանագրության մեկ օրինակն առնվազն 24 ժամ առաջ հանձնվում է պահպանության ծառայությանը, որն իր իրավասության շրջանակներում իրավունք ունի իրականացնելու ստուգողական ստուգումներ,

գ) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղու, երթևեկության արագության ռեժիմի և երթուղում պահակետերի տեղաբաշխման համաձայնեցում պահպանության ծառայության հետ,

դ) շարժման երթուղու ճանապարհային պայմանների հետազոտում,

ե) ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ծառայողներին ուղեկցվող, էսկորտ ուղեկցվող անձանց ժամանման ծրագրին ծանոթացում, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման կարգի, շարժման երթուղու ճանապարհային պայմանների առանձնահատկությունների, ուղեկցող, ինչպես նաև ուղեկցվող տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետի շարքից դուրս գալու, այլ տրանսպորտային միջոցների պատճառով երթևեկության համար արգելքների առաջացման, շարժման երթուղում անցանկալի երևույթների մասին տեղեկություններ ստանալու, կողմնակի անձանց կողմից հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները կանգնեցնելու փորձի կամ դրանց վրա հարձակում կատարելու դեպքերում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հրահանգավորում,

զ) ուղեկցող ավտոմոբիլների և մոտոցիկլետների դասավորվածության ձևի համաձայնեցումը պահպանության ծառայության հետ,

է) պահպանության ծառայության պատասխանատու աշխատողների հետ համատեղ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների վարորդներին շարժման երթուղու, երթուղում ճանապարհային վիճակի առանձնահատկությունների, ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ոստիկանության ծառայողների հետ փոխհամագործակցության կարգի մասին հրահանգավորում,

ը) ուղեկցող տրանսպորտային միջոցների և էսկորտ ուղեկցող մոտոցիկլետների վարժական երթևեկություն` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղով (հնարավորության դեպքում դրանց վարորդների մասնակցությամբ)` մոտենալով հաճախման օբյեկտներին,

թ) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շարժման երթուղում ծառայության համար ներգրավված յուրաքանչյուր ծառայողին կոնկրետ խնդիրների հանձնարարում:

 

IV. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՈՒ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումն իրականացվում է պետավտոտեսչության՝ հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող, կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներով, հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքերով, ռադիոկապի միջոցներով, երկու լուսավորվող ձողափայտերով, երկու լուսանդրադարձիչ սկավառակային ձողափայտերով, հետևը ցույց տվող արտաքին լրացուցիչ հայելիներով կահավորված պարեկային ավտոմոբիլներով:

Ուղեկցող ավտոմոբիլների վրա տեղադրված առկայծող փարոսիկները պետք է ունենան պաշտպանիչ հարմարանք՝ ուղեկցվող տրանսպորտային միջոցների վարորդներին չխանգարելու համար:

14. Այն ուղեկցող ավտոմոբիլները, որտեղ գտնվում են շարասյան ղեկավարները և ուղեկցող խմբի ավագը, կահավորվում են տարբեր հաճախականությամբ աշխատող լրացուցիչ ռադիոկայաններով:

15. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցումն իրականացվում է պետավտոտեսչության՝ առանց սայլակի մոտոցիկլետներով, որոնք կահավորված են ռադիոկապի միջոցներով, հատուկ ձայնային և լուսային (կարմիր և կապույտ գույնի առկայծող փարոսիկներ) ազդանշաններով:

 

V. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՈՒ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Առանց էսկորտ ուղեկցման հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը, որոնցով երթևեկում են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների և օրենսդիր մարմնի ղեկավարները, ապահովվում են չորս պարեկային ավտոմոբիլներով`

ա) երկու ավտոմոբիլները («պահպանող» ավտոմոբիլներ) երթևեկում են ուղեկցվող տրանսպորտային միջոցների շքախմբի (կորտեժի) առջևից` 100 մ հեռավորությամբ` կանխելով այլ տրանսպորտային միջոցների մուտքը շքախմբի (կորտեժի) երթևեկության գոտի: Նրանցից մեկն ընթանում է երթևեկելի մասի հակառակ ուղղությամբ՝ տրանսպորտային հոսքերը բաժանող գծանշման կամ երևակայական գծի ձախ մասով, երկրորդը՝ աջ կողնակի (մայթի) մոտով: Յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հեռավորությունն ու միջտարածությունն ընտրվում են` ելնելով կոնկրետ իրավիճակից,

բ) երրորդ ավտոմոբիլը («առաջնորդող») ընթանում է «պահպանող» ավտոմոբիլների առջևից` 1000-1500 մ հեռավորությամբ՝ այդ ավտոմոբիլների կարգախմբերին տեղեկացնելով ճանապարհի իրավիճակի մասին, իսկ ոստիկանական կարգախմբերին՝ շքախմբի (կորտեժի) մոտենալու մասին,

գ) չորրորդ ավտոմոբիլը («եզրափակող») ընթանում է ուղեկցվող տրանսպորտային միջոցների շքախմբի (կորտեժի) հետևից՝ կանխելով այլ տրանսպորտային միջոցների կողմից դրանց վազանցելը:

 17. Առանց էսկորտ ուղեկցման հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումը, որոնցով երթևեկում են Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների գործադիր մարմնի և արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները, ապահովվում է երեք պարեկային ավտոմոբիլներով`

ա) մեկ ավտոմոբիլը («պահպանող») ընթանում է ուղեկցվող տրանսպորտային միջոցից 100 մ առաջ՝ կանխելով այլ տրանսպորտային միջոցների մուտքը շքախմբի (կորտեժի) երթևեկության գոտի,

բ) երկրորդ ավտոմոբիլն («առաջնորդող») ընթանում է «պահպանող» ավտոմոբիլից 300-500 մ հեռավորությամբ՝ ելնելով իրավիճակից, երթևեկելի մասի հակառակ ուղղությամբ՝ տրանսպորտային հոսքերը բաժանող գծանշման կամ երևակայական գծի ձախ մասով կամ աջ կողնակի (մայթի) ձախ մասով՝ կանխելով այլ տրանսպորտային միջոցների մուտքն ուղեկցվող տրանսպորտային միջոցների երթևեկելի գոտի՝ «պահպանող» ավտոմոբիլի կարգախմբին տեղեկացնելով ճանապարհային իրավիճակի մասին, իսկ ոստիկանության կարգախմբերին՝ շքախմբի (կորտեժի) մոտենալու մասին,

գ) երրորդ ավտոմոբիլը («եզրափակող») ընթանում է ուղեկցվող տրանսպորտային միջոցների շքախմբի (կորտեժի) հետևից՝ կանխելով այլ տրանսպորտային միջոցների կողմից դրանց վազանցելը:

18. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների շքախմբի (կորտեժի) էսկորտ ուղեկցումն իրականացվում է պետավտոտեսչության երեք ավտոմոբիլներով, որից երկուսն ընթանում են (շքախմբի) կորտեժի առջևից` 100-500 մ հեռավորությամբ, երրորդը՝ շքախմբի (կորտեժի) հետևից 100 մ հեռավորության սահմաններում:

Ելնելով ճանապարհային պայմաններից և տեղանքի ռելիեֆից՝ երթևեկության արագությունը, ուղեկցման համար ավտոմոբիլների միջև ընկած` սույն կարգի V գլխում նշված հեռավորությունը կարող են փոփոխվել շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի համաձայնությամբ:

19. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցումն իրականացնող մոտոցիկլետների թիվը, ելնելով այցի բնույթից, նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արարողակարգի ծառայության հայտերում, իսկ դրանց դասավորվածության ձևը ներկայացվում է պետավտոտեսչության կողմից՝ համաձայնեցվելով պահպանության ծառայության հետ:

20. Էսկորտը դասավորվում է անկյունաձև՝ բաղկացած հինգ կամ երեք մոտոցիկլետներից, որոնք երթևեկում են էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի առջևից: Էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի աջ և ձախ կողմերից, դրանից 1.5 մ հեռավորությամբ պետք է շարժվեն չորս կամ երկու մոտոցիկլետ, ընդ որում, մոտոցիկլետներից երկուսը՝ դրա առջևի անիվներին հավասար: Էսկորտ ուղեկցման ավագը երթևեկում է հիմնական էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի առջևի աջ անիվի կողքով  (N 1 ձև):

21. Ուղեկցվող հիմնական տրանսպորտային միջոցի առջևից երթևեկող` էսկորտ ուղեկցող գլխամասային խմբի միջև տարածությունն ընտրվում է` ելնելով երթևեկության արագությունից, և պետք է ապահովվի շքախմբի (կորտեժի) անարգել և անվտանգ երթևեկությունը: Մոտոցիկլետների միջև պետք է լինի նվազագույն հեռավորություն:

22. Էսկորտ ուղեկցումն սկսելուց առաջ ուղեկցումն իրականացնող ծառայողներն զբաղեցնում են ելման դրություն (NN 2 և 3 ձևեր):

Էսկորտ ուղեկցումը բարձրաստիճան հյուրին ներկայացնելու ժամանակ անձնակազմը գտնվում է մեկ տողանի շարքում ( ձև N 4)։

Մինչև բարձրաստիճան հյուրի մոտենալն իրեն հատկացված տրանսպորտային միջոցին կամ մինչև տրանսպորտային միջոցի մոտենալը, որի մեջ գտնվում են բարձրաստիճան հյուրերը, էսկորտ ուղեկցող անձնակազմը դասավորվում է երթևեկության համար նախապատրաստված մոտոցիկլետների ձախ կողմում:

Մոտոցիկլետների երթևեկությունն սկսվում է էսկորտ ուղեկցող խմբի ավագի հրամանով:

23. Երթևեկության ժամանակ էսկորտ ուղեկցող մոտոցիկլետների դասավորումն իրականացվում է համաձայն ներկայացված ձևի` ելնելով երթևեկելի մասի լայնությունից:

Ոչ բավարար լայնությամբ երթևեկելի մասի պայմաններում`

ա) էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի աջ և ձախ կողմերից երթևեկող մոտոցիկլետները տեղից շարժվելիս` անցնում են առաջ և երթևեկում էսկորտ ուղեկցող գլխամասային խմբի հետևից (N 5 ձև),

բ) էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի առջևի անիվներին հավասար երթևեկող մոտոցիկլետներն ընթացքի ժամանակ անցնում են առաջ և հետևում էսկորտ ուղեկցող գլխամասային խմբին, իսկ հետևի անիվներին հավասար երթևեկող մոտոցիկլետներն անցնում են հետ և երթևեկում էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի հետևից (N 6 ձև),

գ) էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի աջ և ձախ կողմերից երթևեկող մոտոցիկլետները դեպի այցելության օբյեկտներ կամ բարձրաստիճան հյուրի կեցավայր մեկնելիս վերադասավորվում են էսկորտի գլխամասային խմբի հետևից և այդպիսի դասավորվածությամբ երթևեկում մինչև էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի կանգառը (N 7 ձև):

Մոտոցիկլետների վերադասավորումը կատարվում է միայն էսկորտ ուղեկցող խմբի ավագի հրամանով, որը տրվում է ռադիոկապով:

24. Օբյեկտներին մոտենալիս, որտեղ նախատեսված է էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի կանգառ, ելնելով ճանապարհային պայմաններից, էսկորտ ուղեկցող մոտոցիկլետներն զբաղեցնում են համապատասխան դրություն (NN 8 և 10 ձևեր):

Էսկորտ ուղեկցող խմբի ավագի հրամանից հետո մոտոցիկլետների շարժիչների աշխատանքը դադարեցվում է, իսկ անձնակազմը մնում է իր տեղում՝ մինչև հատուկ կարգադրությունը:

25. Ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի և ուղեկցումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների էսկորտ ուղեկցումը կարող է դադարեցվել, իսկ հետագա երթևեկության ժամանակ նրանք ուղեկցվում են պարեկային ավտոմոբիլներով՝ համաձայն սույն կարգի 18-րդ կետի:

26. Ճանապարհի երթևեկելի մասի ոչ բավարար լայնության դեպքում շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) ընդունում է որոշում համընթաց և հանդիպակաց երթևեկող բոլոր տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին:

27. Էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցների կամ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) գտնվում է «պահպանող» պարեկային ավտոմոբիլում:

 

VI. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման դեպքերում երթևեկության արագությունն ընտրվում է՝ հաշվի առնելով ճանապարհային պայմանները, և այն չպետք է գերազանցի՝

ա) քաղաքներում և բնակավայրերում՝ 100 կմ/ժ-ը,

բ) բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ-ը:

29. Բնակչության մասնակցությամբ դիմավորելու և ճանապարհելու դեպքում երթուղով ընթանալիս երթևեկության արագությունը պետք է լինի 35-50 կմ/ժ սահմաններում:

30. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար:

Տեղանքի բարձր ռելիեֆի և ճանապարհային անբարենպաստ պայմանների ժամանակ երթևեկության արագությունը պետք է իջեցվի շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարի որոշմամբ:

 

VII. ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Ուղեկցումների համար ներգրավված պետավտոտեսչության կարգախմբերը կանխում են կողմնակի անձանց մոտենալը հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներին:

32. Դիվանագիտական արարողակարգով նախատեսված կամ էսկորտ ուղեկցվող անձի ցանկությամբ էսկորտ ուղեկցող անձնակազմը ներկայացվում է այդ անձին:

Էսկորտ ուղեկցման հերթափոխն իրականացվում է էսկորտ ուղեկցվող անձի՝ տրանսպորտային միջոցից դուրս գտնվելու ժամանակ:

33. Պետական օրհներգի կատարման ժամանակ կամ էսկորտ ուղեկցվող անձին ողջունելիս` էսկորտ ուղեկցող անձնակազմը գտնվում է մոտոցիկլետների մոտ՝ «զգաստ» կեցվածքով, այդ դեպքում պատվի է առնում միայն էսկորտ ուղեկցման ավագը:

34. Ուղեկցումների ժամանակ չի թույլատրվում առանց անհրաժեշտության ձայնային ազդանշաններով ավելորդ աղմուկի ստեղծումը և բարձրախոս սարքերի օգտագործումը:

35. Ուղեկցումն ավարտելիս շարասյան ղեկավարը (էսկորտ ուղեկցման ավագը, ուղեկցող խմբի ավագը) ուղեկցումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին զեկուցում է առաջադրանքի կատարման մասին:

 

VIII. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

 

36. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության մշտական երթուղիներում երթևեկության նկատմամբ հսկողությունը դրվում է պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումների վրա:

 37. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթուղիներում արտակարգ իրավիճակների (ճանապարհատրանսպորտային պատահար, հրդեհ, շինությունների փլուզում և այլն) առաջացման ժամանակ պահակետերի վերատեղաբաշխումն իրականացվում է՝ համաձայնեցվելով պահպանության ծառայության հետ, իսկ երթուղու փոփոխության դեպքում հատկացվում են լրացուցիչ վերակարգեր:

38. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մշտական երթևեկության ճանապարհներին անարգել և անվտանգ երթևեկությունն ապահովելու համար իրականացվում է տեղեկատվության փոխանակում այդ ճանապարհներին ծառայություն կատարող տեսչական կազմի, ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի և պահպանության ծառայության միջև: Այդ նպատակով՝

ա) պետավտոտեսչության տարածքային մարմնի հերթապահը ոստիկանության, պետավտոտեսչության կամ պահպանության ծառայության ղեկավարներից ստանալով տեղեկություն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության և երթուղու մասին, տեղյակ է պահում պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության համապատասխան շարային ստորաբաժանումների ղեկավարներին և հետագայում իրականացնում հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ.

բ) պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահը հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տեղեկությունն անհապաղ հաղորդում է դրանց ընթացքի երթուղու ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող տեսչական կազմին, որը ձեռնարկում է միջոցներ` այդ տրանսպորտային միջոցների անարգել և անվտանգ երթևեկության ապահովման համար, և հետագայում իրականացնում է հսկողություն այդ խնդիրների կատարման նկատմամբ.

գ) առանց նախնական տեղեկությունների՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ տեսչական կազմը, դրանց անցումն ապահովելուց հետո, դրա մասին հայտնում է դրանց ընթացքի երթուղու պահակետերին և պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին:

Տեղեկատվության հաղորդման ձևի բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են պահպանության ծառայության հետ:

39. Պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության մասնագիտացված շարային ստորաբաժանումների տեսչական կազմը ճանապարհային երթևեկության վերահսկողություն իրականացնելիս՝

ա) ապահովում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների անցումը խաչմերուկներով և հետիոտնային անցումներով, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցներով, միայն լուսացույցի կանաչ լույսի առկայությամբ.

բ) պետավտոտեսչության ստորաբաժանումների կամ ոստիկանության այլ մարմինների հերթապահ մասերի հետ համաձայնեցնելով` թույլատրում է ճանապարհի երթևեկելի մասում աշխատանքների կատարումը միայն վթարային իրավիճակներում.

գ) միջոցներ է ձեռնարկում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների անարգել և անվտանգ երթևեկությանը վտանգ սպառնացող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար կամ կանգնեցնում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները՝ դրանց երթևեկությանն սպառնացող վտանգի ժամանակ.

դ) միջոցներ է ձեռնարկում հարկադրված կանգառ կատարած տրանսպորտային միջոցները երթևեկելի մասից քարշակումով հեռացնելու համար.

ե) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ընթացքն ապահովելուց հետո դրանց երթևեկության մասին տեղեկացնում է հարևան պահակետին, ինչպես նաև զեկուցում է պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին.

զ) նախքան հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մոտենալը` պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին տեղեկացնում է պահակետի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, միջոցներ է ձեռնարկում շտապ ձևակերպելու, տրանսպորտային միջոցների և պատահարի հետ առնչվող օբյեկտների դասավորվածության, երթևեկելի մասից տրանսպորտային միջոցները հեռացնելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար.

է) պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին տեղեկացնում է պահակետի տարածքում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, պարզում է՝ արդյո՞ք կան տուժածներ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների վարորդներից կամ ուղևորներից և պահանջվու՞մ է բժշկական օգնություն:

Եթե բժշկական օգնության կարիք չկա և տրանսպորտային միջոցը կարող է շարունակել երթևեկությունը, գրառում է վարորդի ազգանունը, տրանսպորտային միջոցի մակնիշն ու պետհամարանիշը և թույլատրում հետագա երթևեկությունը, որից հետո ձևակերպում է պատահարը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի կարող շարունակել երթևեկությունն իր ընթացքով, պահպանության ծառայության ծառայողների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում ուղևորներին այլ տրանսպորտային միջոցներով տեղափոխելու ուղղությամբ, որի մասին տեղեկացնում է պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին: Եթե ուղևորին տեղափոխելու համար օգտագործվում է պետավտոտեսչության պարեկային ավտոմոբիլը՝ անհրաժեշտության դեպքում հերթապահի միջոցով կանչում է փոխարինող տրանսպորտային միջոց.

ը) սահմանում է մշտական հսկողություն պահակետի տարածքում գտնվող օբյեկտների ու մարդկանց նկատմամբ և միջոցներ է ձեռնարկում հասարակական կարգի խախտումների մասին նախազգուշացնելու և դրանք կանխելու համար, անհրաժեշտության դեպքում հրավիրում է այլ կարգախմբեր.

թ) պահակետի գոտում ստեղծված իրադրության բարդացման մասին զեկուցում է պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահին, որը դրա մասին տեղեկացնում է պահպանության ծառայությանը.

ժ) համագործակցում է պահպանության ծառայության ծառայողների հետ նրանց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների երթևեկությանն առնչվող հարցերով:

40. Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների մշտական երթևեկության ճանապարհին ծառայություն իրականացնող տեսչական կազմին արգելվում է՝

ա) հրազենն օգտագործել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղղությամբ,

բ) թողնել պահակետը:

Առանձին դեպքերում՝ հանցագործություն կատարած անձանց ձերբակալում, հանկարծակի հիվանդություն, պատահարների ժամանակ տուժածներին օգնություն ցույց տալու անհրաժեշտություն և այլն, շարժական պահակետը կարելի է թողնել միայն պետավտոտեսչության ստորաբաժանման հերթապահի թույլտվությամբ:

 

IX. ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ՝ ԴՐԱՆՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ


41. Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկելիս` պետավտոտեսչության պարեկային ավտոմոբիլներով ուղեկցումների, բացառությամբ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցումների և էսկորտ ուղեկցումների, անհրաժեշտությունը որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը կամ նրանց կողմից լիազորված ստորաբաժանման ղեկավարը:

42. Առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցման համար ներգրավված պետավտոտեսչության պարեկային ավտոմոբիլների թիվը որոշվում է` ելնելով կոնկրետ պայմաններից՝ պատվիրակության մակարդակից, երթուղու առանձնահատկությունից, բայց այն չպետք է լինի երկուսից ավելի: Բոլոր դեպքերում, երբ շարասյունը կազմված է տասից ավելի տրանսպորտային միջոցներից, ուղեկցումն ապահովվում է երկու պարեկային ավտոմոբիլներով, որոնցից մեկը երթևեկում է շարասյան առջևից, մյուսը՝ շարասյան հետևից:

43. Երթևեկության արագությունն ու պարեկային ավտոմոբիլների և ուղեկցվող տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունն ընտրվում է ուղեկցող խմբի ավագի կողմից՝ ելնելով ճանապարհային պայմաններից և ուղեկցման բնույթից:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷՍԿՈՐՏ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Ներմուծեք նկարագրությունը_17960

Ձև N 1

 

Էսկորտ ուղեկցման դասավորվածությունը` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման համար:

Ներմուծեք նկարագրությունը_18020

Ձև N 2

Էսկորտ ուղեկցման ելման դիրքը:

Մոտոցիկլետները դասավորվում են երթևեկելի մասի աջ և ձախ եզրերում:

Հատուկ տրանսպորտային միջոցին մոտենալու ժամանակ մոտոցիկլետներն սկսում են երթևեկությունը և գրավում իրենց տեղերը՝ համաձայն էսկորտ ուղեկցման սխեմայի:

Ներմուծեք նկարագրությունը_18021

Ձև N 3

Էսկորտ ուղեկցման ելման դիրքը:

Հատուկ տրանսպորտային միջոցի մոտենալու ժամանակ մոտոցիկլետներն սկսում են երթևեկությունը:

Ներմուծեք նկարագրությունը_18022

 

 

Ձև N 4
 

Էսկորտ ուղեկցումը բարձրաստիճան հյուրին ներկայացնելու ժամանակ անձնակազմը գտնվում է մեկ տողանի շարքում: Երբ բարձրաստիճան հյուրը նստում է հատուկ տրանսպորտային միջոց, մոտոցիկլետները գրավում են իրենց տեղերը՝ համաձայն էսկորտ ուղեկցման սխեմայի:
 

Ներմուծեք նկարագրությունը_18023

Ձև N 5

 

Էսկորտ ուղեկցման դասավորվածությունը տեղից շարժվելիս:

էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի աջ և ձախ կողմերից երթևեկող մոտոցիկլետներն անցնում են առաջ, շարժվում էսկորտ ուղեկցող գլխամասային խմբի հետևից, զբաղեցնում իրենց տեղն այնպես, ինչպես թույլ է տալիս երթևեկելի մասի լայնությունը:

Ներմուծեք նկարագրությունը_18024



Ձև N 6

 

Էսկորտ ուղեկցման վերադասավորումը երթևեկության ընթացքում:

էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի առջևի անիվներին հավասար երթևեկող մոտոցիկլետներն ընթացքի ժամանակ անցնում են առաջ և հետևում էսկորտ ուղեկցող գլխամասային խմբին, իսկ հետևի անիվներին հավասար երթևեկող մոտոցիկլետներն անցնում են հետ և երթևեկում էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի հետևից:
 

Ներմուծեք նկարագրությունը_18025




Ձև N 7

 

Էսկորտ ուղեկցման վերադասավորումը երթևեկելի լայն մասից նեղ մաս մուտք գործելիս՝ դեպի այցելության օբյեկտներ կամ բարձրաստիճան հյուրերի կեցավայր գնալիս:

էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի աջ և ձախ կողմերից երթևեկող մոտոցիկլետները վերադասավորվում են էսկորտի գլխամասային խմբի հետևից և այդպիսի դասավորվածությամբ երթևեկում մինչև էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի կանգառը:
 

Ներմուծեք նկարագրությունը_18026


Ձև N 8

 

Էսկորտ ուղեկցման վերադասավորումը ճանապարհի երկարությամբ գտնվող շենքերին կամ օբյեկտներին մոտենալիս:

Եզրով երթևեկող մոտոցիկլետները՝ չհասած օբյեկտին, որին մոտենում է էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցը, կանգնում են:


 

Ներմուծեք նկարագրությունը_18027






Ձև N 9

 

Էսկորտ ուղեկցման վերադասավորումը խորքում գտնվող շենքերին կամ օբյեկտներին էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի մոտենալիս:

Եզրով երթևեկող մոտոցիկլետավարները, չհասած էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի շրջադարձ կատարելու տեղին, կանգնում են:

Մյուս կողմում դասավորվածներն էսկորտ ուղեկցվող տրանսպորտային միջոցի շրջադարձն ավարտելուց հետո պետք է ընթանան առաջ:
 

Ներմուծեք նկարագրությունը_18028




Ձև N 10

 

Էսկորտ ուղեկցման վերադասավորումը` հրապարակի կենտրոնում գտնվող օբյեկտին մոտենալիս: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան