ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿՏԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
31 հոկտեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1961 թվականի հոկտեմբերի 5-ին Հաագայում ստորագրված` Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիան ստորագրվել է Հաագայի կոնֆերանսի կազմակերպության անդամ պետությունների կողմից 1961 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Հաագայում:
Կոնվենցիայի նպատակն է սահմանել ընդհանուր դրույթներ կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների վերաբերյալ:
2. Կոնվենցիան լայն իրավական հնարավորություն է ստեղծում նրա համար, որպեսզի կտակարարի հանձնարարությունները բոլոր դեպքերում իրագործվեն` անկախ այն բանից, թե որտեղ է կտակը կազմվել և դրանից բխող գույքը կոնվենցիայի մասնակից պետություններից որի տարածքում է գտնվում:
Կոնվենցիան կարգավորում է կտակ կազմելու ձևի հետ կապված իրավունքի կիրառման կանոններն այն դեպքերում, երբ կտակը կազմվել է այլ պետությունում, իսկ դրանով նախատեսված ժառանգման ենթակա գույքը կոնվենցիայի մասնակից մեկ այլ պետությունում կամ պետություններում է:
Կոնվենցիան ենթակա է կիրառման նաև, եթե դրանով ժառանգություն ստացողն այն պետության քաղաքացին չէ, որտեղ կտակը պետք է կատարվի:
Համաձայն կոնվենցիայի` կտակը ձևի առումով վավերական կլինի, եթե դրա ձևը համապատասխանի այն վայրի ներքին իրավունքին`
ա) որտեղ կտակարարը կատարել է այն, կամ
բ) որի քաղաքացին է եղել կտակարարը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
գ) որտեղ կտակարարն ունեցել է իր բնակության վայրը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ
դ) որտեղ գտնվում է հանձնարարությանն առնչվող անշարժ գույքը:
Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում:
3. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահումներ: Համաձայն կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում`
- ճանաչել բանավոր արված կտակային հանձնարարությունները, որոնք արվել են իր քաղաքացիներից մեկի կողմից, որը չունի այլ պետության քաղաքացիություն,
- կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել կտակային այն կետերը, որոնք իր իրավունքի համաձայն չեն վերաբերում ժառանգության հարցերին,
- կոնվենցիան կիրառել միայն այն կտակային հանձնարարությունների նկատմամբ, որոնք արվել են Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելուց հետո:
4. Կոնվենցիայում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9, 11.3., 31 և 42 հոդվածներին և ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերոնշյալ հոդվածներով վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1961 թվականի հոկտեմբերի 5-ին Հաագայում ստորագրված` Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|