Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-657
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2006

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿՏԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2006 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1961 թվականի հոկտեմբերի 5-ին Հաագայում ստորագրված` Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիան ստորագրվել է Հաագայի կոնֆերանսի կազմակերպության անդամ պետությունների կողմից 1961 թվականի հոկտեմբերի 5-ին՝  Հաագայում:

Կոնվենցիայի նպատակն է սահմանել ընդհանուր դրույթներ կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների վերաբերյալ:

2. Կոնվենցիան լայն իրավական հնարավորություն է ստեղծում նրա համար, որպեսզի կտակարարի հանձնարարությունները բոլոր դեպքերում իրագործվեն` անկախ այն բանից, թե որտեղ է կտակը կազմվել և դրանից բխող գույքը կոնվենցիայի մասնակից պետություններից որի տարածքում է գտնվում:

Կոնվենցիան կարգավորում է կտակ կազմելու ձևի հետ կապված իրավունքի կիրառման կանոններն այն դեպքերում, երբ կտակը կազմվել է այլ պետությունում, իսկ դրանով նախատեսված ժառանգման ենթակա գույքը կոնվենցիայի մասնակից մեկ այլ պետությունում կամ պետություններում է:

Կոնվենցիան ենթակա է կիրառման նաև, եթե դրանով ժառանգություն ստացողն այն պետության քաղաքացին չէ, որտեղ կտակը պետք է կատարվի:

Համաձայն կոնվենցիայի` կտակը ձևի առումով վավերական կլինի, եթե դրա ձևը համապատասխանի այն վայրի ներքին իրավունքին`

ա) որտեղ կտակարարը կատարել է այն, կամ

բ) որի քաղաքացին է եղել կտակարարը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ

գ) որտեղ կտակարարն ունեցել է իր բնակության վայրը հանձնարարությունը կազմելու կամ իր մահվան պահին, կամ

դ) որտեղ գտնվում է հանձնարարությանն առնչվող անշարժ գույքը:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում:

3. Կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահումներ: Համաձայն կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում`

- ճանաչել բանավոր արված կտակային հանձնարարությունները, որոնք արվել են իր քաղաքացիներից մեկի կողմից, որը չունի այլ պետության քաղաքացիություն,

- կոնվենցիայի կիրառման ոլորտից բացառել կտակային այն կետերը, որոնք իր իրավունքի համաձայն չեն վերաբերում ժառանգության հարցերին,

- կոնվենցիան կիրառել միայն այն կտակային հանձնարարությունների նկատմամբ, որոնք արվել են Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելուց հետո:

4. Կոնվենցիայում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9, 11.3., 31 և 42 հոդվածներին և ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերոնշյալ հոդվածներով վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1961 թվականի հոկտեմբերի 5-ին Հաագայում ստորագրված` Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների մասին կոնվենցիայում (կից վերապահումներով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան


31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-657