Գլխավոր տեղեկություն
Համար
N 216-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2006-11.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.398
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.09.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006361


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 216-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԻՆՉԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ը ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ`

1) մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու պահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կանոնակարգված չէին տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տիրապետմանը և շահագործմանն առնչվող հարցերը.

2) մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը` տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած որոշ անձինք ստեղծել կամ զարգացրել կամ կազմակերպել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օգտագործումը և ներկայումս տիրապետում ու շահագործում են այդ ցանցերը.

3) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի ցանցի լիցենզիա.

4) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի կամ ծառայությունների մատուցման լիցենզիայի.

5) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության մեջ մտնելու օրվա դրությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու լիցենզիա ունեցող անձանց կապակցությամբ համարվում է, որ նրանք այդ ցանցը շահագործում, ծառայությունը մատուցում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված լիցենզիայի շրջանակներում, եթե այդպիսի լիցենզիա պահանջվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

6) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է բացառել էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման և ցանցի ոլորտում մրցակցության որևէ աղավաղում.

7) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական նպատակներից է ապահովել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորումը, և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Մինչև 2006 թվականի փետրվարի 4-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու պահը, տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործող անձինք սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում պարտավոր են գրավոր դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիաները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված դիմումին կից պետք է ներկայացվեն`

ա) տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիայի բնօրինակը.

բ) ցանցի կազմակերպման գծապատկերը և նկարագրությունը.

գ) այլ անձանց ենթակառուցվածքներից օգտվելու դեպքում օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը.

դ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար տարեկան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 1-ին կետում նշված անձանց տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիաները համապատասխանեցնում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

4. Մինչև սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գրավոր դիմում ներկայացնելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետում տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիաները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու պահը, սույն որոշման 1-ին կետում նշված անձինք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն իրականացնում են տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման լիցենզիաների հիման վրա:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում չներկայացնելու դեպքում, սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.2013, N 278-Ն 11.10.2013, N 216-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան