Գլխավոր տեղեկություն
Համար
N 1708-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2006-26.06.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2006 թվականի N 1708-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 4
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` բյուջե) հաշվին Հայաստանի Հանրապետության համայնքներին (այսուհետ` համայնք) սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Համայնքին սուբվենցիաներ տրամադրվում են օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում` սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են:

4. Համայնքին տրամադրված սուբվենցիաները նպատակային օգտագործելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան մարմինը:

 

II. ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Համայնքին սուբվենցիա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական մարմնի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

6. Սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

ա) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները.

բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում).

գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը.

դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում.

ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:

7. Սուբվենցիաների հաշվին միջոցների մուտքագրման, ծախսերի կատարման, ինչպես նաև դրանց մասին հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան