Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (01.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.11.1995
Ստորագրման ամսաթիվ
09.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2004

Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի


Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին Եվրոպական շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` Շրջանակային կոնվենցիա) Լրացուցիչ արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,

հաստատելով սահմանամերձ շրջաններում տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության կարևորությունը,

վճռական լինելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցությունն ապահովելու համար,

ցանկանալով զարգացնել և դյուրացնել սահմանամերձ շրջանների տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցությունը,

ընդունելով Շրջանակային կոնվենցիան Եվրոպական իրականությանը  հարմարեցնելու անհրաժեշտությունը,

հաշվի առնելով, որ նպատակահարմար է լրացումներ կատարել Շրջանակային կոնվենցիայում` տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցությունը ավելի ուժեղացնելու նպատակով,

հաշվի առնելով Տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիան,

նկատի ունենալով Եվրոպայում անդրսահմանային համագործակցության հռչակագիրը, որը նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է Եվրոպայի խորհրդի  40-րդ տարեդարձի կապակցությամբ, և որը, ի թիվս այլոց, խրախուսում է շարունակական գործողությունները՝ ուղղված անդրսահմանային ծրագրերի զարգացման ցանկացած (վարչական, իրավական, քաղաքական կամ հոգեբանական) արգելքները աստիճանաբար վերացնելուն,

 

համաձայնեցին հետևյալ լրացուցիչ պայմանների մասին.

 

Հոդված 1

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ճանաչի և հարգի Շրջանակային կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և իր իրավազորության ներքո գտնվող  տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը` այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների հետ կնքելու անդրսահմանային համագործակցության համաձայնագրեր` իրենց ընդհանուր իրավասության ոլորտներում, իրենց կանոնադրություններում սահմանված ընթացակարգերին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և տվյալ Կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով:

2. Անդրսահմանային համագործակցության համաձայնագիրը պարտավորեցնում է միայն դրանք կնքած տարածքային համայնքներին կամ իշխանություններին:

 

Հոդված 2

 

Անդրսահմանային համագործակցության համաձայնագրով համատեղ ընդունած որոշումները պետք է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից կատարվեն իրենց ազգային իրավական համակարգի շրջանակներում և իրենց ազգային օրենսդրության համաձայն: Կատարված որոշումները, այսպիսով, պետք է օժտված լինեն նույն իրավական ուժով և հետևանքներով, որոնցով օժտված են այդ համայնքների կամ իշխանությունների կողմից իրենց ազգային իրավական համակարգի համաձայն իրականացվող միջոցառումները:

 

Հոդված 3

 

Տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից կնքված անդրսահմանային համագործակցության համաձայնագրով կարող է ստեղծվել անդրսահմանային համագործակցության մարմին, որը կարող է ունենալ կամ չունենալ իրավաբանական անձի կարգավիճակ: Համաձայնագիրը կնախատեսի, թե մարմինը, իր տրված լիազորությունների և ազգային իրավական համակարգի պայմանների համաձայն, արդյո՞ք կդիտվի հանրային կամ մասնավոր իրավունքի սուբյեկտ այն ազգային իրավական համակարգերի սահմաններում, որոնց պատկանում են համաձայնագիրը կնքող տարածքային համայնքները կամ իշխանությունները: 

 

Հոդված 4

 

1. Այն դեպքում, երբ անդրսահմանային համագործակցության մարմինն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, այդպիսի կարգավիճակը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է նրա նստավայրը: Մյուս Պայմանավորվող կողմերը, որոնք ունեն անդրսահմանային համաձայնագրի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներ կամ իշխանություններ, ճանաչում են մարմնի իրավաբանական անձի կարգավիճակը իրենց ազգային օրենսդրության համաձայն:

2. Անդրսահմանային համագործակցության մարմինն իրականացնում է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իր նպատակին համապատասխան իրեն տրված լիազորությունները տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսպիսով`

ա) անդրսահմանային համագործակցության մարմնի գործողությունները կարգավորվում են իր կանոնադրությամբ և նստավայր երկրի օրենսդրությամբ,

բ) անդրսահմանային համագործակցության մարմինը, այնուամենայնիվ,  իրավասու չէ կատարելու այնպիսի միջոցառումներ, որոնք ենթակա են ընդհանուր կիրառման կամ կարող են ազդել անհատների իրավունքների և ազատությունների վրա,

գ) անդրսահմանային համագործակցության մարմինը ֆինանսավորվում է  տարածքային համայնքների կամ իշխանությունների բյուջեներից: Այն իրավասու չէ սահմանելու հարկային բնույթի վճարներ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է եկամուտներ ստանալ տարածքային համայնքներին կամ իշխանություններին, սպառողներին կամ երրորդ անձանց ծառայություններ մատուցելու դիմաց,

դ) անդրսահմանային համագործակցության մարմինն ունի ամենամյա հաստատված բյուջե և կազմում է հաշվեկշռային հաշիվ, որը հաստատվում է համաձայնագրի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներից կամ իշխանություններից անկախ աուդիտորների կողմից:

 

Հոդված 5

 

1. Պայմանավորվող կողմերը կարող են, եթե նրանց ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս, որոշել, որ անդրսահմանային համագործակցության մարմինը հանդիսանա հանրային իրավունքի սուբյեկտ, և Պայմանավորվող կողմերի իրավական համակարգում նրա կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն օժտված լինի նույն իրավական ուժով և հետևանքներով, որոնցով այն օժտված կլիներ, եթե կատարված լիներ համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից:

2. Անուամենայանիվ, համաձայնագիրը կարող է նախատեսել, որ դա վերաբերում է միայն տարածքային համայնքներին և իշխանություններին, որոնք համաձայնագիրը կնքել են այդպիսի միջոցառումներ իրականացնելու համար` հատկապես, երբ միջոցառումները կարող են ազդել անհատների իրավունքներին, ազատություններին և շահերին: Բացի այդ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է նախատեսել, որ ընդհանուր լիազորությունները չեն կարող վերապահվել անդրսահմանային համագործակցության մարմնին, և որ այդ մարմինը չպետք է իրավասու լինի իրականացնելու ընդհանուր կիրառման ենթակա միջոցառումներ:

 

Հոդված 6

 

1. Տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից անդրսահմանային համագործակցության համաձայնագրի հիման վրա իրականացվող միջոցառումները ենթակա են նույն վերահսկողությանը, ինչպիսին նախատեսում է յուրաքանչյուր Կողմի օրենսդրությունը` համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների առումով:

2. Համաձայնագրի հիման վրա ստեղծված անդրսահմանային համագործակցության մարմնի իրականացրած միջոցառումները ենթակա են վերահսկողության մարմնի նստավայր պետության օրենսդրության համաձայն` հաշվի առնելով նաև այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների շահերը: Անդրսահմանային համագործակցության մարմինը կատարում է այն պետությունների իշխանությունների տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումները, որին պատկանում են տարածքային համայնքները կամ իշխանությունները: Պայմանավորվող կողմերի վերահսկիչ մարմինները կփորձեն հաստատել համակարգման և տեղեկատվության փոխանակման համապատասխան միջոցներ:

3. 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված մարմնի իրականացրած միջոցառումները ենթակա են նույն վերահսկողությանը, ինչպիսին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը նախատեսում է համաձայնագիրը կնքած տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումների առումով:

 

Հոդված 7

 

Անդրսահմանային համագործակցության մարմնի գործունեությունից ծագած վեճերը պետք է հանձնվեն ներպետական օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրով իրավասու դատարաններին:

 

Հոդված 8

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է սույն Արձանագրության ստորագրման կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ հայտարարի, որ կկիրառվեն 4-րդ և 5-րդ  հոդվածների կամ սրանցից որևէ մեկի դրույթները:

2. Այսպիսի հայտարարությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխման ենթարկվել:

 

Հոդված 9

 

Արձանագրության դրույթների վերաբերյալ չի թույլատրվում վերապահումներ կատարել:

 

Հոդված 10

 

1. Սույն Արձանագրությունը բաց է Շրջանակային կոնվենցիան ստորագրած պետությունների ստորագրման համար, որոնք կարող են Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով.

ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ

բ) ստորագրմամբ` հետագայում վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու պայմանով:

2. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունը առանց վավերացման, ընդունման, հաստատման պայմանի կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու, եթե այն արդեն ի պահ չի հանձնվել կամ միաժամանակ ի պահ չի հանձնում Շրջանակային կոնվենցիայի՝ վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը:

3. Վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը պետք է ի պահ հանձնվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 11

 

1. Արձանագրությունը ուժի մեջ կմտնի Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին Եվրոպայի խորհրդի անդամ չորս պետությունների՝ 10-րդ հոդվածի դրույթների համաձայն` համաձայնությունը հայտնելուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

2. Այն անդամ պետությունների համար, որոնք հետագայում համաձայնություն կհայտնեն Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին, այն ուժի մեջ կմտնի ստորագրման կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

 

Հոդված 12

 

1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո Շրջանակային կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետություն կարող է միանալ նաև Արձանագրությանը:

2. Ցանկացած միացած պետության համար սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալուց սկսած` երեք ամիսը լրանալուց հետո:

 

Հոդված 13

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց սկսած` վեց ամիսը լրանալուց հետո:

 

Հոդված 14

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և յուրաքանչյուր պետության, որը միացել է սույն Արձանագրությանը`

ա) 8-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերի կատարած յուրաքանչյուր հայտարարության մասին,

բ) յուրաքանչյուր ստորագրման մասին,

գ) վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ տալու մասին,

դ) 11-րդ ու 12-րդ հոդվածների  համաձայն՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ժամկետի մասին,

ե) սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր այլ միջոցառման, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

 

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 1995 թվականի նոյեմբերի 9-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր այլ պետության, որը հրավիրվել է՝ միանալու սույն Արձանագրությանը:

 

*Համաձայն Լրացուցիչ արձանագրության 8-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ նա կկիրառի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները:

 

**Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան