Գլխավոր տեղեկություն
Համար
N 262
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.07.2006-16.08.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2012

040.0262.19.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2002 թվականի N 262

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.02.05 N 106-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 19-ի N 262 որոշմամբ

 

կ ա ր գ

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք) և սույն կարգով:

(1-ին կետը լրաց. 03.02.05 N 106-Ն)

2. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետև` լիցենզավորող մարմին) դիմած անհատ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց (այսուհետև` հայտատու), ինչպես նաև լիցենզիա ստացած անհատ աուդիտորներին և աուդիտորական կազմակերպություններին (այսուհետև` աուդիտորական ծառայություններ իրականացնող անձ) ներկայացվող պայմանները և պահանջները:


II. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիան և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

3. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:

4. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Լիցենզիայում նշվում են`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը,

բ) լիցենզիայի սերիան և համարը,

գ) լիցենզիա տալու մասին հրամանի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը,

դ) «Լիցենզիա աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերը,

ե) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը,

զ) լիցենզիայի գործողության ժամկետը,

է) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

(5-րդ կետը լրաց., խմբ. 03.02.05 N 106-Ն)

6. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը՝ անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից` բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության՝

ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են,

բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց:

(6-րդ կետը խմբ. 03.02.05 N 106-Ն)

7. Հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում`

ա) հայտ, որտեղ նշվում են`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատիրոջ համար` իր վկայականի համարը, տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

Իրավաբանական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) սույն կարգի 6-րդ կետում նշված աուդիտորների որակավորման վկայականների պատճենները:

դ) հայտարարություն՝ ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ սույն կարգի 6-րդ կետում նշված աուդիտորի որակավորման վկայականը հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.

ե) սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթուղթը:

(7-րդ կետը լրաց. 03.02.05 N 106-Ն, 06.07.06 N 959-Ն)


III. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը

8. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողով (այսուհետև` լիցենզավորող հանձնաժողով): Լիցենզավորող հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատում է լիցենզավորող մարմինը:

(8-րդ կետը լրաց. 03.02.05 N 106-Ն)

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ չունենալու դեպքում, լիցենզավորող մարմինը պարտավոր է տալ լիցենզիա:

10. Սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը մերժում է հայտը և ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում հայտատուին գրավոր տեղեկացնում մերժման պատճառների ու իրավական հիմքերի մասին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

11. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.

դ) դիմող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը) իրավունք չունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.

ե) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

111. Եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ:

(111 կետը լրաց. 06.07.06 N 959-Ն)

12. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է վերակազմակերպման կամ իր անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

(12-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

13. Անհատ աուդիտորը պարտավոր է անվան, ազգանվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ներկայացնել հայտ` լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

(13-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

14. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ նշվում են`

ա) աուդիտորական կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը, իսկ լիցենզավորված անհատ աուդիտորի համար` ազգանունը, անունը և բնակության վայրը,

բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի պետական գրանցման վկայականի համարը,

գ) լիցենզիայի սերիան և համարը,

դ) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը,

ե) լիցենզիայի գործողության ժամկետը,

զ) իրավաբանական անձի համար` հիմնադիրների (մասնակիցների) կազմը, նրանց մասնաբաժինների չափերը, աուդիտորների վկայականների համարները, դրանք տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` իր վկայականի համարը, տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

է) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման, ինչպես նաև տարեկան պետական տուրքի վճարման ժամկետի մասին: Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են լիցենզավորող մարմնի կողմից:

(14-րդ կետը լրաց. 03.02.05 N 106-Ն)

15. Լիցենզավորող մարմինը կազմում և վարում է աուդիտորական ծառայություններ իրականացնող յուրաքանչյուր անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում:

16. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել հետևյալ դեպքերում`

ա) աուդիտորական ծառայությունների իրականացնող անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելու կամ գրավ դրվելու կամ օտարվելու,

բ) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի կողմից սույն կարգով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու,

գ) աուդիտորական ծառայությունների իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև աուդիտորական ծառայությունների իրականացումը կարգավորող օրենսդրության պահանջները կոպիտ խախտվելու,

դ) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարվելու,

ե) լիազորված մարմնի կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու,

ե1) («ե1» ենթակետն ուժը կորցրել է 06.07.06 N 959-Ն)

զ) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձին լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու,

է) սույն կարգի 6-րդ կետի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտորական ծառայություններ իրականացնող անձը խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել է լիցենզավորող մարմնին,

ը) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի դիմումի համաձայն,

թ) սույն կարգի 26-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացվելու,

ժ) տարեկան պետական տուրքը չվճարելու,

ժա) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(16-րդ կետը լրաց., խմբ. 03.02.05 N 106-Ն, փոփ. 06.07.06 N 959-Ն)

17. Սույն կարգի 16-րդ կետի «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «ժ» ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

(17-րդ կետը լրաց. 03.02.05 N 106-Ն, փոփ. 06.07.06 N 959-Ն)

18. Սույն կարգի 16-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամկետով:

19. Սույն կարգի 16-րդ կետի «ը» ենթակետում նշված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են դրանք ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում կամ որոշում չի ընդունվում, ապա այն համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը` կասեցված` աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի կողմից նշված ժամկետով:

20. Սույն կարգի 16-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է աուդիտորական ծառայությունների իրականացնող անձի կողմից նշված ժամկետով:

21. Սույն կարգի 16-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «է», «ը», «թ» և «ժա» ենթակետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

(21-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն, փոփ. 06.07.06 N 959-Ն)

22. Սույն կարգի 16-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում աուդիտորական ծառայություններ իրականացնող անձին ժամանակավորապես աուդիտորական ծառայություններ իրականացնելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

23. Սույն կարգի 16-րդ կետի «ժ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայի վրա նշված լիցենզիան տալու ամսաթվից:

(23-րդ կետը խմբ. 06.07.06 N 959-Ն)

24. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու,

բ) աուդիտորական կազմակերպությունը լուծարվելու կամ անհատ աուդիտորի գործունեությունը դադարեցվելու,

գ) աուդիտորական ծառայությունների իրականացման հետևանքով ծանր վնաս պատճառվելու,

դ) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարվելու,

ե) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն կարգի 16-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», կամ «ե» ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու,

զ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում աուդիտորական ծառայություններ իրականացվելու,

զ1) աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու,

զ2) աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված և կազմված փաստաթղթերի, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության պահպանումը չապահովելու,

զ3) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն կարգի 6-րդ կետի պայմաններից որևէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձը դրա մասին 30-օրյա ժամկետում գրավոր չի հայտնել լիցենզավորող մարմնին,

զ4) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում պետական տուրքի և այն ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու,

զ5) աուդիտ իրականացնող անձի կողմից «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ծառայությունների մատուցումից բացի որևէ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու,

է) աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի դիմումի համաձայն,

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

(24-րդ կետը փոփ., լրաց. 03.02.05 N 106-Ն, փոփ. 06.07.06 N 959-Ն)

25. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

26. Սույն կարգի 24-րդ կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնելու լիցենզիայի գործողությունը` մինչև դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել լիցենզիայի գործողության կասեցման օրվանից տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:

27. Սույն կարգի 24-րդ կետի «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ1», «զ2» և «զ3» ենթակետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում աուդիտորական ծառայություններ իրականացնող անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց 1 տարի հետո:

(27-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

28. Սույն կարգի 24-րդ կետի «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ2», «զ3» և «զ5» ենթակետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

(28-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

29. Սույն կարգի 24-րդ կետի «ա», «գ», «դ», «ե», «զ», «զ1», «զ2», «զ3», «զ5» և «ը» ենթակետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

(29-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

30. Սույն կարգի 24-րդ կետի «բ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

31. Սույն կարգի 24-րդ կետի «է» ենթակետում նշված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են դրանք ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից` 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում, կամ որոշում չի ընդունվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը` դադարեցված:

32. Սույն կարգի 24-րդ կետի «է» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` լիցենզավորող մարմնի որոշումն աուդիտորական ծառայություններ իրականացնող անձին հանձնվելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե աուդիտորական ծառայություններ իրականացնող անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

33. Սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` աուդիտորական կազմակերպության լուծարման կամ անհատ աուդիտորի գործունեության դադարեցման օրվանից:

34. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան ենթակա է վերադարձման լիցենզավորող մարմին:

(34-րդ կետը փոփ. 03.02.05 N 106-Ն)

35. Առանց լիցենզիայի աուդիտորական ծառայությունների իրականացումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

36. Լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը: